ԻՆՉՈ՞Ւ ԿԵՂԾՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐ ՉՀՆՉԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանի խորհրդարանում նորից հիշել էին մեր երկրում կեղծ դեղեր վաճառելու խնդրի մասին: Քննարկումների առիթը 2011 թվականի հոկտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման եւ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան էր, որը ներկայացվել է խորհրդարանի վավերացմանը: Ու պատգամավորները մեկը մյուսին հերթ չէին տալիս դեղերի կեղծման խնդրի մասին խոսելու` տպավորություն ստեղծելով, թե իբր ամենամտահոգն են Հայաստանի բնակչության առողջությամբ:
Ելույթների բովանդակությունն այնքան արհեստական էր, որ ազգընտիրների պաթոսը երբեմն ծիծաղ էր առաջացնում: Բանն այն է, որ բոլոր պատգամավորներն անհասցե, հռետորական հարցեր էին բարձրացնում: Եթե հայկական իրականությունից անտեղյակ մեկը լսեր, կկարծեր, թե ինչ-որ դավադիր ուժեր են կեղծված դեղորայք մատակարարում Հայաստանի դեղատներին: Ո՞ւմ է անհայտ, թե ովքեր են կեղծարարները: Ու եթե տարիներ շարունակ ՀՀ առողջապահության ոլորտի որեւէ պաշտոնյայի չի հաջողվում խնդիրը կարգավորել, ուրեմն անիմաստ են նաեւ այդ թեմայով հերոսանալու փորձերը:

 

 
Նոյեմբերին Վանաձորի բնակիչ Վիկտոր Դարբինյանը Լոռու մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել իր ազգականի՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ: Նա իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետի մերձավոր շրջապատն իրենից ցանկանում է խլել Վանաձորի թիվ 1 երթուղին: Երեկ հայտնի դարձավ, որ Լոռու մարզի դատախազությունում որոշում է կայացվել քաղաքապետի դեմ ներկայացված բողոքի հիման վրա քր.գործ հարուցել` ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սամվել Դարբինյանը երեկ հավաստիացրեց, թե ինքը տեղյակ չէ քր.գործ հարուցելու մասին: Այն դիտարկմանը, թե արդյո՞ք ՀՀ իշխանությունն այս կերպ իրեն պատժում է` սահմանադրական հանրաքվեի օրը Վանաձորում պարտվելու համար, Դարբինյանը պատասխանեց. «Ընտրությունները ես չեմ կազմակերպում, ժողովուրդն ինքն է գնում ընտրության: Ինքը ինչ ընտրում է, այն էլ ստանում ենք»: Հիշեցնենք` մինչ հանրաքվեն Դարբինյանը վստահեցնում էր, թե Վանաձորում ոչ ասող չկա:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը վերջին մեկ ամսում Հայաստանում բազմաթիվ քաղաքական եւ հասարակական ակտիվ գործիչների հետ է հանդիպել՝ փորձելով նրանց համոզել, որպեսզի դառնան իր կուսակցության, թիմի անդամ: Սակայն գործիչների մեծամասնությունը նրան մերժում կամ էլ, առնվազն, խուսափում է համաձայնություն տալ: Բոլորը հիմնականում մեկ հիմնավորում են բերում՝ վստահության պակասը: Այլ կերպ ասած՝ Արա Աբրահամյանի հայաստանյան շփումները դեռեւս լուրջ արդյունք չեն տվել: Ուստի առավել հավանական է, որ Արա Աբրահամյանի միակ հույսն այդպես էլ կմնա ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ միավորվելը: Իհարկե, այս մտադրության մասին կողմերը նախընտրում են լռել, քանի որ շատ լավ գիտակցում են, որ այդ դեպքում, Հայաստանում դժվար կլինի գոնե մեկ մարդու գտնել, որը Արա Աբրահամյանի հետ որեւէ հույս կապի: Բայց այսօր արդեն ակնհայտ է, որ, ի վերջո, նրանք միասին են 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու:

 

 
Երկամսյա ընդմիջումից հետո միջազգային շուկայում երեկ նավթի գները կրկին սկսեցին նվազել: Վերջին երկու ամիսներին նավթի 1 բարելը վաճառվում էր 45 դոլարի սահմաններում: Երեկ այն նվազեց մինչեւ 39 դոլար: Այս իրադարձությանը անմիջապես արձագանքեց Ռուսաստանի շուկան, որտեղ ռուբլին կրկին սկսեց արժեզրկվել: Օրվա վերջին 1 դոլարի փոխարժեքը հասավ 70 դոլարի: Նավթի գնի անկումը եւ ռուբլու արժեզրկումը ռուս տնտեսագետների մոտ հիմնական բացասական սպասումներ էր առաջացրել: Շատերը սկսել են հիշել անցած տարվա դեկտեմբերի հենց այս օրերը, երբ հաշված օրերի ընթացքում ռուսական ռուբլին գրեթե կրկնակի արժեզրկվեց: Որպես կանոն Ռուսաստանի շուկայում տեղի ունեցող զարգացումները շատ արագ իրենց արձագանքն են գտնում նաեւ Հայաստանում: Անցած տարի դեկտեմբերին հենց այդպես էլ տեղի ունեցավ: Իսկ ինչպես կզարգանան իրադարձություններն այս անգամ, ցույց կտա ժամանակը:

 

 

 
ԽԱՌՆ ԵՆ

Թեեւ ԿԸՀ-ն դեռ չի հրապարակել հանրաքվեի վերջնական արդյունքները, այդուամենայնիվ, արդեն իսկ Աժ կուլիսներում խոսակցությունների գլխավոր թեման առաջիկա նոր քաղաքական փուլի մեկնարկն է եւ այդ ընթացքում քաղաքական ուժերի դիրքավորման հարցը, նկատենք, որ դա գրեթե ուղղակիորեն հայտարարում են նաեւ ոչ-ի ճամբարի ուժերը, որոնց մի մասն, ի դեպ, շատերի գնահատմամբ, առաջիկա` 2017թ. ընտրական փուլի մեկնարկը տվել էր դեռ մինչ հանրաքվեն:
Եվ, ահա, այս իրավիճակում շատ հետաքրքիր է, թե ինչպիսի փոփոխություններ կարող են տեղի ունենալ հանրաքվեի ընթացքում այո-ի դիրքերից հանդես եկած որոշ ուժերի մոտ, որոնց քաղաքական սպասելիքները կարող են չիրականանալ ինչպես կարճ առաջիկայում կոալիցիա մտնելու, այնպես էլ 2017թ-ին` Ազգային ժողովում իրենց ակնկալած տեղն ու ազդեցությունն ունենալու առումով: Նկատենք, որ նման հեռանկարը միանգամայն իրատեսական է ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ ՀՅԴ-ի դեպքում: Հատկապես վերջինիս հետ կապված` եթե մինչ հանրաքվեն հնչում էին տեսակետներ, թե միանգամայն հնարավոր է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի կազմավորումը, ապա այսօր արդեն կողմերը խոսում են նման զարգացումների ժամանակավրեպության մասին: Դժվար է ասել, թե որքանով են նրանք անկեղծ այդ պնդումներում, ամեն դեպքում ՀՅԴ-ն ի սկզբանե իր համար թողել է մանեւրելու բավականին մեծ հնարավարություն` հայտարարելով, թե համատարած ընտրակեղծիքների դեպքում պատրաստ է դուրս գալ փողոց` ոչ-ի ուժերի հետ պայքարելու:
Եվ եթե հանրաքվեից անմիջապես հետո դաշնակցականները հայտարարում էին, թե ամեն ինչ անցել է հարթ ու արդար, ապա նախօրեին արդեն ՀՅԴ շարքերից հայտարարություններ էին հնչում, թե ՀՀԿ-ի իրականացրած ընտրակեղծիքների «կեղտը քսվել է նաեւ իրենց»: Ընդ որում, նկատենք, որ ինչքան բարձր եւ ինչքան շատ ոչ-ի ուժերն ու միջնորդները բողոքեն հանրաքվեի կեղծված լինելու մասին, այդքան ՀՅԴ-ն ավելի թանկ կկարողանա «վաճառել» իր լոյալությունն այս իշխանություններին: Իսկ եթե, այնուամենայնիվ, դա չգնահատվի, դաշնակցականները կարող են սեփական իմիջը փրկելու փորձ անել` դնելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորների ստորագրությունը` Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ-ի նախաձեռնելիք դիմումի տակ:
Կգնա ՀԱԿ-ը դրան, թե ոչ, դա էլ առայժմ հստակ չէ, բայց դա հաստատապես բխում է ոչ միայն Դաշնակցության, այլեւ ԱԺ-ում այս նախագծին այո ասած մյուս ուժերի շահերից եւս: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանց բոլորին խոստացվել է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրությունների դեպքում, երբ ՀՀԿ-ն չի ունենա 41 մեծամասնական տեղերի «բոնուսը», իրենք հաստատապես ներկայացված կլինեն, քանի որ մինչ օրս չի եղել դեպք, երբ ՀՀ-ում որեւէ կուսակցություն իր համամասնական ցուցակով հավաքի 35 տոկոսից ավել: Մինչդեռ այս հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ ցանկության դեպքում հանրապետականները կարող են «խփել» անգամ 64 տոկոս:




Լրահոս