ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազատության հրապարակում Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսը կազմակերպել էր իր ավանդական բողոքի ցույց-երթը, որին միացան նաեւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են ստեղծել «ազնվության բանակ»` հավաքագրելով բոլոր նրանց, ովքեր պայքարել են ազատ եւ արդար հանրաքվեի համար: Այսպիսով, ըստ էության, ՀԱԿ-ը ազդարարեց, որ պատրաստվում է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին:

Նշենք, որ այսօր Լեւոն Զուրաբյանն ասուլիս է տալու եւ ներկայացնելու է հանրաքվեի ընթացքում իր հայտարարած 500 հազար ընտրակեղծիքների վերաբերյալ մի շարք փաստեր: Սակայն այս ամենով հանդերձ` կարելի է նկատել, որ հանրաքվեի էջը ընդդիմության համար, կարծես թե, այլեւս շրջված է, եւ ամեն ինչ գնում է դեպի 2017 թվական:
Երեկ՝ նախքան երթի մեկնարկը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ պատրաստվում են ձեւավորել «ազնվության բանակ», որը պետք է դառնա ազատ եւ արդար ընտրությունների երաշխավորը: Նկատենք, որ Զուրաբյանի այս նախաձեռնությունն իր էությամբ հիշեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ տարվող գաղափարը` երկրում ինստիտուցիոնալ ընդդիմություն ստեղծելու անհրաժեշտության մասին: Եւ ՀԱԿ խմբակցության ղեկավարի՝ երեկվա ելույթը կարծես թե բուն ասելիքի մասով խիստ որոշակի աղերսներ ուներ անցած մայիսի 30-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր համաժողովում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության հետ:
«Մենք ձեւավորում ենք ազնվության բանակ, որի առաջին ջոկատները ձեւավորվել են դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ: Մենք քաղաքացիական հասարակության, քաղաքական ուժերի հետ սկսելու ենք այդ բանակի ձեւավորումը: Լուրջ ծրագիր ունենք: Պետք է հասնենք նրան, որ ընտրությունների ժամանակ՝ լինեն արտահերթ կամ հերթական, ազնվության բանակն ամեն տեղամասում ունենա վիդեոկամերա եւ օն-լայն ցուցադրի, թե ինչ է կատարվում տեղամասերում: Սա շատ ռեալիստական ծրագիր է»,- ներկայացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Իսկ Նիկոլ Փաշինյանը նշում էր. «Անկախ խոստումների քանակից եւ հաճախականությունից՝ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ չի ձեւավորվել ինստիտուցիոնալ ընդդիմություն: Եւ ուրեմն, երկրում փոփոխություններ իրականացնելու առաջին քայլը ինստիտուցիոնալ ընդդիմության ձեւավորումն է»: Հիշեցնենք, որ Փաշինյանը չցանկացավ միանալ այս հանրաքվեից առաջ Ազատության հրապարակում հանրահավաքային պայքար սկսած ուժերին հենց այն հիմնավորմամբ, որ քանի դեռ չկա ընտրակեղծիքների դեմն առնելու եւ իշխանափոխության իրականացման համար հստակ մեխանիզմ եւ ճանապարհային քարտեզ, այդ պայքարը ժողովրդին հերթական անգամ տանելու է հիասթափության:
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՀԱԿ խմբակցության անդամներից պարզել` արդյոք «ազնվության բանակի» ստեղծման մասին Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը, ըստ էության, չի նշանակում, որ ՀԱԿ-ում կիսում են Նիկոլ Փաշինյանի կարծիքը` տարբեր ձեւակերպումներով միեւնույն մտքին հանգելով, սակայն ՀԱԿ անդամներից ոչ ոք չցանկացավ մեր այս հարցին պատասխանել:
«Ժողովուրդ»-ը զրուցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ` պարզելու համար վերջինիս տեսակետն այս կապակցութամբ:
«Զուրաբյանն իր հայտարարության մեջ նույն բանն է կրկնել, ինչ-որ մենք, պարզապես իրենց ձեւակերպմամբ: Ողջունելի է, որ թեկուզ այդքան ժամանակ անց իրենք եկան նույն մտքին, ինչ-որ մենք ասում ենք: Թեկուզ անունով չանվանեցին ինստիտուցիոնալ ընդդիմություն, բայց փաստացի խոսքը նույն բանի մասին է գնում, ինչի մասին մենք խոսել ենք: Ավելի լավ կլիներ, որ ազնվություն լիներ, եւ իրերը կոչեին իրենց անունով, ասեին, որ նույն բանը նկատի ունեն»,-նշեց Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ Լեւոն Զուրաբյանը «քաղաքական լուզերի» դասական օրինակ է, «Քաղաքական գործիչը կարող է իր պատմության մեջ մերթ ընդ մերթ պարտվել, սխալներ անել, սովորել, դասեր քաղել իր սխալներից եւ գնալ առաջ, իսկ երբ որ դու բռնվում ես յուրաքանչյուր գործընթացից՝ միայն մի նպատակ ունենալու համար, որպեսզի արդարացնես քո գոյությունը որպես քաղաքական ուժ, դու արդեն «քաղաքական լուզերի» ես վերածվում: Նա այսօր իրեն թույլ է տվել անդրադառնալ սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ համարող ուժերին եւ միեւնույն ժամանակ ապացուցել է այն, ինչ-որ մենք ասել ենք, որ առանց ինստիտուցիոնալ ընդդիմության իշխանափոխություն հնարավոր չէ: Շատ լավ է, որ գոնե հիմա նրանք եկել են այդ գիտակցությանը, որ պետք չէ ուղղակի ամպագոռգոռ տեքստեր հնչեցնել, պետք է գործ անել»:
Այնուամենայնիվ, Ալեն Սիմոնյանը չբացառեց ՀԱԿ-ի հետ համագործակցության հնարավորությունը. «Մենք բազմիցս ասել ենք, որ եթե առաջարկ լիներ համագործակցության, մենք դա պատրաստ էինք քննարկել: Բայց կրկին որեւէ առաջարկ չեղավ, ինչ-որ մեղադրանքներ, լոզունգներ հնչեցին»:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 
ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԲԱՐԿԱՑԱՎ
ՀՀ կառավարությունը մի նախագիծ էր ներկայացրել ԱԺ, որով առաջարկում են փոփոխություն կատարել «Հարկերի մասին» եւ «Կուտակային կենսաթոշակի» մասին օրենքներում: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը հայտարարեց, որ նախագծով կուտակային կենսաթոշակի հավաքագրման համար հարկային մարմինների վրա են դրված վերահսկողական մեխանիզմներ, բայց գործիքներ չունեն, ուստի տեխնիկական փոփոխություններ պետք է արվեն: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ելույթից, սակայն, պարզ դարձավ, որ ամենեւին էլ տեխնիկական փոփոխության մասին չէ խոսքը: «Կարդում եմ այդ Սահմանադրության 60-րդ հոդվածը՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերված սեփականությունը տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրավունք: Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով, օրենքով սահմանված դեպքերով: Բա Գագիկ Հարությունյանն ասում էր՝ վերջապես մարդու իրավունքները պիտի գործեն, է՞ս ա իրա գրած Սահմանադրությունը: Բա ի՞նչ գործ ունի, էս Սահմանադրությունից հետո նման օրենք հայտնվի: Գնացեք դատարան, թող դատարանը որոշի, փողը վերցրեք: Ի՞նչ է նշանակում օրենք բերել ու ասել, որ եթե մարդը չի վճարում կուտակային կենսաթոշակը, ապա արգելանք է դրվում նրա գույքի վրա առանց դատարանի»,- հայտարարեց Բագրատյանը:

 

131-Ի ՓՈԽԱՐԵՆ 51-Ը
Երեկ ԱԺ-ն ավարտեց աշնանային նստաշրջանի աշխատանքները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, սակայն, չհաջողվեց գոնե վերջին օրը պատգամավորներին իրար «գլխի» հավաքել: Նստաշրջանի փակման «արարողությանը» 131 պատգամավորից ներկա էին ընդամենը 51-ը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության առաջարկությամբ եկող երկուշաբթի՝ դեկտեմբերի 14-ին խորհրդարանն արտահերթ նիստ է հրավիրել, որը մի քանի օր կտեւի:

 

ԽՈՒՍԱՓՈՂԱԿԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե 2016 թվականի բյուջեում իրենց խմբակցության համար հատկապես ի՞նչն էր ընդունելի, հանուն որի կողմ քվեարկեցին նախագծին: «Այսօրվա մոտեցումները իրավիճակի վերաբերյալ, նախկինի հետ համեմատելով, իրատեսություն ունի, դրանք էլ հաշվի առնելով՝ մենք կողմ ենք քվեարկել: Մենք այդ մասին հանդես ենք եկել հայտարարությամբ ու արդեն նշել ենք, թե ինչու է խմբակցությունը նման որոշում կայացրել»,- արդարացավ ԲՀԿ-ի քարտուղարը: Ի դեպ, նշենք, որ 2016 թվականի բյուջեի քվեարկությունը տեղի ունեցավ նախօրեին, որի ընթացքում կողմ քվեարկեցին միայն ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների պատգամավորները:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Դեկտեմբերի 10-ին աշխատանքային այցելությամբ Վիենայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին։ Կողմերը զրուցել են երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ, քննարկել համագործակցության խորացման ուղիները: Է. Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը:

 

ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ
Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ երեկ հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.«Առանց ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների թափանցիկ քննության եւ դրանց հաստատման դեպքում խախտումների շտկման հանրաքվեն կմնա մեկ այլ բաց թողնված հնարավորություն՝ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բարձրացման եւ դրանց ամբողջականության ապահովման տեսանկյունից»: Նկատենք, որ հայտարարության ամբողջական տեքստը գրեթե նույնությամբ կրկնում էր երկու օր առաջ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պ. Սվիտալսկու արած հայտարարությունը:

 

ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին դեկտեմբերի 8-ի բրիֆինգում, պատասխանելով հարցին, թե արդյոք մտահոգվա՞ծ չեն Հայաստանի սահմանադրական հանրաքվեի բազմաթիվ խախտումների հաղորդագրությունների կապակցությանբ, ասել է. «Մենք մտահոգված ենք ընտրական խախտումների մասին պնդումներով, որոնց մասին հաղորդել են անկուսակցական դիտորդները, ինչպես նաեւ՝ Հայաստանի քաղաքական տարբեր կուսակցություններ»:
«Մենք Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում լիարժեքորեն հետաքննել խախտումների մասին բոլոր արժանահավատ հաղորդումները՝ ապահովելու հանրաքվեի արդյունքների հանդեպ վստահությունը»:

 

ԽՈՍՔԻՑ` ԳՈՐԾԻ
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին հատուկ ճեպազրույցի ընթացքում պատասխանել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին առնչվող որոշ հարցերի՝ ինչո՞ւ դիպուկահարներին սահմանից հետ չեն քաշում եւ ինչո՞ւ չեն ստեղծում այդ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ.«1500 փամփուշտ է արձակվել տանկերից եւ ականանետներից, իսկ Լեռնային Ղարաբաղում այդ պայմաններում ապրում է 140 հազար մարդ՝ տղամարդիկ, կանայք, երեխաներ»,- ասել է ամերիկացի կոնգրեսականը՝ ընդգծելով, որ հաճախ են կոչեր հնչում բռնություններին վերջ տալու մասին, սակայն պատասխանատվություն ոչ ոք այդպես էլ չի կրում տեղի ունեցածի համար։




Լրահոս