«ԻՔՍ ԳՐՈՒՊԻ» ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան ընկերությունների կայքերն ուսումնասիրելիս վերջիններիս մասին բավականին ուշագրավ փաստեր կարելի է հայտնաբերել, դրանց մեջ կարող են լինել նաեւ այնպիսիք, որոնք իբր թե ընկերությանը դրական բնորոշելու համար են գրված, սակայն իրականում ավելի շուտ ինքնախոստովանական ցուցմունք են հիշեցնում: Եւ հարկային մարմիններն ու իրավապահները պետք է օպերատիվ կերպով գործի անցնեն:

Այդպիսի մի փաստի կարելի է հանդիպել «Իքս գրուպ» ընկերության կայքն ուսումնասիրելու դեպքում: Ընկերության կայքի «Մեր մասին» բաժնում բառացի գրված է. ««Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում եւ Վրաստանում»: Առաջին հայացքից կարող է թվալ, թե տարօրինակ որեւէ բան չկա վերը բերված նախադասության մեջ: Հեղինակները ցանկացել են այցելուին համոզել, որ իրենք երկար տարիների պատմություն ունեցող ընկերություն են, որ իրենց կարելի է վստահել եւ այսպես շարունակ: Սակայն ողջ խնդիրն այն է, որ «գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին» միտքը մի փոքր «հակասություններ» ունի ՀՀ օրենսդրության հետ եւ թույլ տրված հանցավոր արարքի մասին խոստովանություն է ընդամենը:
Բանն այն է, որ առանց ընկերություն հիմնադրելու գործունեություն ծավալելը Հայաստանում օրենսդրությամբ արգելվում է, քանի որ այն համարվում է ապօրինի ձեռնարկատիրություն: ՀՀ հարկային ծառայությունից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ներկայացրած պարզաբանման համաձայն՝ ««Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող (չհաշվառված) կամ հարկային մարմիններում չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ (ապօրինի գործունեություն) զբաղվելու դեպքում գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս երկու հարյուր հազար դրամից: … մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնվելու դեպքում գանձվում է տուգանք՝ այդ գործունեության արդյունքում հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության (համախառն եկամտի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս հինգ հարյուր հազար դրամից: … տուգանքն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական հարկային պարտավորություն է»:
Ի դեպ, առանց գրանցման գործունեություն ծավալելը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքով, որի 188-րդ հոդվածը հենց նման դեպքերի համար է: Իսկ պատժաչափերը եւ տեսակները պայմանավորված են նրանով, թե տվյալ անձի կողմից պետությանը, հարկային պարտավորությունները չկատարելու տեսքով, որքան վնաս է պատճառվել:
Ամեն դեպքում, կարծում ենք, որ միայն պատկան մարմինները կարող են պարզել, թե «Իքս գրուպ» ընկերության կայքում գրված տեղեկությունն իրականությանը համապատասխանում է, թե ոչ: Ասել կուզի՝ իսկապես մարդիկ կարողացել են հինգ տարի շարունակ առանց հիմնադրվելու գործունեություն ծավալել ապօրինի դաշտում եւ ինչպե՞ս են դա կարողացել հաջողացնել, թե գրված տեքստը կայքի պատասխանատուների թույլ տված սխալի արդյունք է, քանի որ նրանք այնքան են ցանկացել գլուխ գովել եւ իրենց ընկերության «տարիքը» ավելացնելով՝ հուսալիության պատրանք ստեղծել: Բայց նույնիսկ այդ անմեղ սխալը լրջորեն քննարկելու կարիք ունի: Ըստ էության, «Իքս գրուպ» ընկերությունը իր դեմ ցուցմունք է տվել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ
Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 1999թ. ապրիլին ծնված աղջիկը մեղադրվում է այն բանի համար, որ գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը՝ ծանր հանցագործության մասին սուտ մատնություն է կատարել: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ աղջիկը 2015թ. ապրիլի 26-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունիսից մինչեւ դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վերին Կարմիրաղբյուր գյուղում իր խորթ հայրը՝ տեղյակ լինելով, որ իր 16 տարին դեռեւս չի լրացել, սեռական հարաբերություն է ունեցել հետը: Աղջկան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է դեկտեմբերի 10-ին:

 

ՊՐՈՏԵԶՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈՂ ՉԿԱ
Ըստ ՀՀ կառավարության՝ 2004 մարտի 4-ի համար 318-Ն որոշմամբ (պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող՝ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին /հատուկ/ խմբերի) կենսաթոշակառուների ատամների պրոտեզավորումը կատարվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Սակայն անցած տարիներին Տավուշի մարզում նման ծառայություն երբեւէ չի մատուցվել: Տավուշում ատամների պրոտեզարան չկա, մարզի որեւէ այլ առողջապահական հիմնարկություն պետական պատվերով նման ծառայություն չի իրականացրել: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության եւ առողջապահության վարչությունից տեղեկացանք, որ գումարների սղության պատճառով պետական բյուջեից Տավուշի մարզի առողջապահական համակարգին նման ֆինանսավորում չի հատկացվել: Մնում է զարմանալ, թե պետական բյուջեից որքան անհարկի ծախսեր են կատարվում, սակայն սահմանամերձ մարզի ծերերի եւ հաշմանդամների առողջության համար պետական բյուջեում գումարներ չեն գտնվում:

 

ԱՄՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԴԻՐՔԵՐԸ
Ադրբեջանական զինուժը Տավուշի մարզի Նոյեմբերյանի սահմանագոտում շարունակում է ամրացնել դիրքերը: Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար- Բաղանիս հատվածում ադրբեջանական կարմիր գույնի էքսկավատորը շարունակում է փորել ռազմավարական նշանակության հողաշեն ճանապարհ: Ամիսներ առաջ սկսված այդ գործընթացի արդյունքում այսօր արդեն այդ ճանապարհը կիլոմետրերով է ձգվում: Նկատենք, որ այն հակառակորդին թույլ կտա միջպետական ավտոճանապարհին մոտեցնել ծանր զինտեխնիկա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին այդ տեղանքում ադրբեջանական զինուժի գնդակոծությունից վնասվեց ռուսական «ֆուռ»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈՒՂԵՎԱՐՁԸ ԿԹԱՆԿԱՆԱ
Այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում գրանցվել է կենցաղային բնույթի 0.8 եւ հանրային սննդի ծառայությունների սակագների 3.6 տոկոս աճ: Սրան զուգահեռ տրանսպորտի ծառայությունների սակագների մակարդակը 2.3 տոկոսով նվազել է, որն էլ կապված է օդային տրանսպորտով ուղեւորների փոխադրավարձի 9.6 տոկոս նվազման հետ: Ըստ մասնագետների՝ այս տվյալները երկար չեն պահպանվի, քանի որ առաջիկայում հնարավոր է, որ ՀՀ գազալցակայաններում գազի սակագինը բարձրանա, ինչի հետեւանքով էլ կթանկանան տրանսպորտի ծառայությունները: Նույնը սպասվում է նաեւ օդային տրանսպորտի ոլորտում, քանի որ առջեւում Ամանորն է, հետեւաբար ուղեւորափոխադրավարձի սակագինը նույնպես փոփոխություն կկրի: Այսինքն՝ կթանկանա: Բացի այս՝ նվազել է նաեւ մշակույթի ոլորտի եւ հանգստի կազմակերպման ծառայությունները՝ 0.6 տոկոսով: Իսկ բնակարանային-կոմունալ, բուժսպասարկման, կապի, կրթության համակարգի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

 

ԱՂԻՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Այս տարի, նախորդ տարվա համեմատ, գրեթե կրկնակի ավելացել են սուր աղիքային հիվանդությունների քանակը: Այս մասին չի լռում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերին սուր աղիքային հիվանդությունների արձանագրված դեպքերի քանակը կազմել է 1617, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված դեպքերի քանակը կազմել է 806: Նույն ժամանակահատվածում սալմոնելոզային վարակների արձանագրված դեպքերի քանակը կազմել է 32, իսկ նախորդ տարի 30: Սուր աղիքային հիվանդություններից բակտերիալ դիզենտերիայի արձանագրված դեպքերի քանակը կազմել է 463, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 109: Իսկ սուր աղիքային վարակների՝ չհաստատված հարուցիչներով դեպքերի քանակը 838, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 379 էր: Նկատենք, որ այս հիվանդություններով առավելապես հիվանդացել են 0-14 տարեկանները: Այս տարվա հունվար, հոկտեմբեր ամիսներին սուր աղիքային հիվանդությունների արձանագրված դեպքերի քանակը կազմել է 10 հազար 582: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նշված հիվանդության արձանագրված դեպքերի քանակը եղել է 8 հազար 120: Նշենք, որ սալմոնելոզային վարակները նույնպես ավելացել են. այս տարվա հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 361, որը 3 դեպքով ավել է:
Ըստ ԱՎԾ-ի՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին արձանագրվել է որովայնային տիֆի 1 դեպք, որը նախորդ տարի չի գրանցվել: Իսկ սիբիրյան խոցի արձանագրված դեպքերի քանակը կազմել է 2, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույնպես չի եղել: Գրիպի դեպքերն այս տարի նույնպես ավելացել են: Օրինակ՝ 2015 թվականի հունվար-հոկտեմբերին գրիպի արձանագրված դեպքերի քանակը կազմել է 32, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 13:

Ս. Հ.




Լրահոս