ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԸ ՄՈՏ ՄԵԿ ՕՐ ՀՈՍԱՆՔԱԶՐԿՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով ՀՀ Սյունիքի մարզը մոտ մեկ օր ամբողջությամբ հոսանքազրկվել է, ինչի արդյունքում բացի մարզի ողջ բնակչության կրած վնասներից` ջեռուցման եւ այլ խնդիրների հետ կապված, ավելի քան 85 ընտանիք կոնկրետ ֆինանսական վնաս է կրել. նրանց կենցաղային տեխնիկան ամբողջովին փչացել է:

ՀՀ Սյունիքի մարզի «Շինուհայր» ենթակայանում դեկտեմբերի 4-ին անհայտ պատճառով վթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում մարզի բոլոր քաղաքային եւ գյուղական համայնքները հոսանքազրկվել են:
Սյունիքի մարզի Քաշունիի գյուղապետ Գառնիկ Հակոբյանը հայտարարեց, որ գյուղում երկու-երեք օր շարունակ էլեկտրաէներգիա չի եղել: Իսկ միանալուց հետո էլ գյուղապետի տանը եղած էլեկտրական տեխնիկան՝ հեռուստացույցը, հեռախոսի լիցքավորիչը, փչացել են: «Միայնակ մարդ եմ, ամբողջ օրը այդ հեռուստացույցով եմ զբաղվում: Իսկ հիմա այն ամբողջությամբ փչացել է: Երկու-երեք օր է, ինչ անլույս ենք: Ավելի քան 85 ընտանիք այս ամենի արդյունքում վնաս է կրել»,- դժգոհեց Քաշունիի տուժած գյուղապետը: Նրա խոսքերով՝ տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժել են նաեւ մարզի Սվարանց, Տաթեւ, Աղվանի, Տանձատափ, Տանձեվեր գյուղերը: «Աղվանիում մեկ հեռուստացույց է մնացել սարքին վիճակում: Կփոխհատուցի՞ ՀԷՑ-ը, չգիտեմ: Բայց այն, որ ես այսօր, այս պահին հեռուստացույց չունեմ, դա փաստ է: Իրենց փոխհատուցումն ո՞ւմ է պետք»,- դժգոհեց գյուղապետը` նկատելով, որ մինչ ՀԷՑ-ը սկսի վերանորոգել այրված տեխնիկան, ամիսներ կանցնի: «Մի անբողջ տարի էլ կտեւի: Իսկ Քաշունին ամենավերջին գյուղն է՝ սարի գլխին, առանց հեռուստացույց, հեռախոս ինչպե՞ս ապրենք»,- նեղսրտեց մեր զրուցակիցը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Տաթեւ» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Վարդազար Պապյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Սյունիքի մարզը դեկտեմբերի 4-ին հոսանքազրկվել է «Շինուհայր 110» ենթակայանի կողմից: Նրա խոսքերով՝ այս ենթակայանը գտնվում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ենթակայության տակ: «Չեմ կարող պարզաբանել, թե ինչն է եղել վթարի պատճառը: Բայց Սիսիանի Կապանի, Գորիսի, Քաջարանի, Մեղրիի տարածաշրջանն ամբողջությամբ հոսանքազրկվել էր: Նշեմ, որ մեր համակարգին միացված երեք ՀԷԿ-եր կան Հալիձոր, Քարահունջ գյուղերի մոտ, եւ իրենց արտադրած էլէներգիան ավելի շատ էր, քան մեր ծախսածը: Օրինակ՝ «Քարահունջ» ՀԷԿ-ի հզորությունը 1000 ԿՎ է ժամում, «Շուշանիկ»-ինը՝ 600, իսկ «Շինուհայր»-ինը՝ 800: Այսինքն՝ այդ օրը՝ դեկտեմբերի 4-ին, համակարգին տվել են 2600 ԿՎ, մինչդեռ Տանձատափ, Տաթեւ, Սվարանց եւ այլ գյուղերի ծախսածը ժամում կազմել է 50-100 ԿՎ: Այսինքն՝ արտադրանքը շատ է եղել, իսկ ծախսը՝ քիչ, դրա համար էլ առաջացել են գերլարումներ»,- բացատրեց մասնագետը:
ՀԷՑ-ի «Տաթեւ» մասնաճյուղի տնօրեն Արայիկ Գրիգորյանը նույնպես չկարողացավ նշել վթարի հստակ պատճառը: «Այդ վթարը տեղի է ունեցել «Շինուհայր» ենթակայանում, որը մեր ենթակայության տակ չի գտնվում: Մենք դրա համար չենք կարողանում պարզաբանում տալ: Բայց գույքագրում կատարվել է, ցուցակը աշխատողների մոտ է, այս պահին հստակ թիվ չեմ կարող ասել, թե քանի ընտանիք է վնաս կրել»,- ներկայացրեց Գրիգորյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ կատարվածի կապակցությամբ ինքը գրություն է պատրաստել, որով դիմելու է ՀԷՑ-ին: «Տեսնենք, թե հետագայում ինչ ընթացք կունենանք: Բայց քանի որ բաժանորդները պայմանագրերը կնքել են հենց մեզ հետ, այս պատճառով էլ մենք ենք վերանորոգում վթարի արդյունքում նրանց փչացած կենցաղային տեխնիկան»,- նշեց մասնաճյուղի տնօրենը: Մեր զրուցակիցը ընդգծեց, որ մինչեւ վթարի պատճառները հստակեցնելը, ինքը չի կարող նշել, թե ով է մեղավոր՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, թե՞ ՀԷԿ-երը:
Զրույցի ավարտին տեղեկացանք նաեւ, որ այս պահին ՀԷՑ-ը բնակիչների ներկայացրած վնասված կենցաղային սարքավորուների 80 տոկոսն է վերանորգել: ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը վստահեցրեց, որ սկսվել է փոխհատուցման, վերանորոգման գործընթացը, որը 2-3 օրերի ընթացքում կավարտվի: Աղվանիի գյուղապետ Աշոտ Սուքիասյանը նույնպես հայտնեց, որ վնասները փոխհատուցվում են, եւ համապատասխան մասնագետները եկել են գյուղ` վերանորոգելու վնասված տեխնիկան:
«Ժողովուրդ»-ը հետամուտ կլինի եւ կներկայացնի տեղի ունեցած վթարի պատճառները եւ պատասխանատուներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՏԵԽԶՆՆՈՒՄ ՉԻ ԱՐՎՈՒՄ
««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ Հայաստանում մեկ շաբաթ առաջ տեղացած առաջին ձյան պատճառով բազմաթիվ խնդիրներ առաջացան, եւ վթարների քանակը կտրուկ աճեց: «ԱՊՊԱ-ները չէին հասցնում սպասարկել բոլոր վթարները, չնայած որ նախապատրաստվել էին: Առաջին ձյունն ասաց, որ այսօր Հայաստանում ճանապարհների թիվ մեկ խնդիրը գծանշումների համատարած բացակայությունն է: Երեւանում այսօր ՃՈ-ն ի զորու չէ մայրաքաղաքի երթեւեկությունը կարգավորել: Մենք բազմաթիվ նամակներ ենք գրել ճանապարհային ոստիկանությանը՝ նշելով, որ խաչմերուկների երթեւեկությունը կարգավորված չէ, որոշ թերություններ վերացվել են, սակայն, հիմնականում պատասխանում են, որ համապատասխան ռեսուրսներ չունեն: Քաղաքապետարանն էլ գրեթե բոլոր նամակներին պատասխանում է, որ այս տարվա բյուջեի մեջ այդ խնդիրները վերացնելու հարցերը նշված չեն»,-ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:
Հաջորդ կարեւորը հարցը, որը քննարկվեց հանդիպման ընթացքում, ավտոմեքենաների տեխզննման գործընթացի անլիարժեքությունն է: Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում ավտոմեքենաները տեխզննում չեն անցնում, պարզապես վարորդների մեծ մասը բանկում վճարում է տեխզննում անցնելու գումարը` իրականում այդպես էլ չանցնելով այդ գործընթացը: «Երթեւեկության անվտանգությունը երեք բաղադրիչներով է ապահովվում՝ տրանսպորտ, ճանապարհ, վարորդ: Տեխնիկական սարքի պատասխանատվությունը վարորդն է կրում, եւ պետությունը ոչ մի պատասխանատվություն չունի այս հարցում, ամեն ինչ մնացել է վարորդի վրա: Տեխզննում փաստորեն չի արվում, քանի որ պահանջ, ստուգում չկա: Վարորդները բանկում վճարում են տեխզննում անցնելու համար, սակայն մեծ մասը չի գնում տեխզննման՝ ղեկի ու արգելակման սիստեմն են ստուգում միայն ու վերջ եւ լցնում պետության բյուջեն»,-ընդգծեց Էդուարդ Հովհաննիսյանը:
««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահն անդրադարձավ նաեւ որոշ ժամանակ առաջ ոստիկանության տարածած հայտարարությանն այն մասին, որ մգեցված ապակիներով մեքենաների վարորդները կտուգանվեն: Ըստ նրա՝ դա հերթական հայտարարություն էր միայն, որը այդպես էլ չիրագործվեց: «Հեռացման հետ կապված մենք էլ չհասկացանք, թե ինչ ուզեց անել ճանապարհային ոստիկանությունը: Հերթական հայտարարությունն արվեց, որ կստուգեն առջեւի հողմապակու լուսաթափանցելիությունը, բայց հետո լռեցին: Մի ժամանակ էլ, երբ մգեցված ապակիներ չէին, այլ վարագույրներ էին, ճանապարհային ոստիկանությունը պոկում էր դրանք: Իհարկե, մգեցված ապակիները շատ վրաերթերի, ավտովթարների պատճառ են դառնում, ուստի հարկ է դրանց դեմ պայքարել»,-ընդգծեց Հովհաննիսյանը:
Ասուլիսի ավարտին ՀԿ-ի նախագահը նշեց, որ Հայաստանում ավտովթարների ու վրաերթերի պատճառով մահացության դեպքերը անցնող տարվա ընթացքում ընդամենը 0.9 տոկոսով են նվազել:

 

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Ճանապարհային երթեւեկության տասնյակից ավելի խախտումների համար տուգանքները փոխարինվել են նախազգուշացմամբ: Երեկ այդ մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` նշելով, որ մինչ տուգանքը, նախ վարորդները կնախազգուշացվեն, կատարված խախտումների տեսանյութերը կդրվեն համապատասխան կայքում, եւ վարորդները կտեսնեն իրենց կատարած խախտումները: Իսկ դրանք կրկնելու դեպքում արդեն կտուգանվեն: Առաջին անգամից չեն տուգանվի նաեւ վարորդական վկայականը մոռացած, տեխզննման կտրոնը մեքենայի դիմապակուն չփակցրած վարորդները: Վկայականը մոռացած վարորդին 24 ժամ ժամանակ կտան այն ներկայացնելու համար: Արփինե Հովհաննիսյանի խոսքով` մգեցված ապակիների հետ կապված տուգանքը, որը մինչ այս 50 հազար դրամ էր, իջեցվել է` դառնալով 30 հազար, սակայն նույն խախտումը կրկնելու դեպքում ավելի խիստ տուգանքներ են նախատեսված:

 

ՑՈՒԿԵՐԲԵՐԳԸ` ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի՝ մուսուլմանների հասցեին արված հայտարարության շուրջ սկանդալը չի հանդարտվում: նախօրեին մուսուլմաններին իր աջակցությունն է հայտնել «Ֆեյսբուք» սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, փոխանցում է Gazeta.ru-ն: Իր հայտարարության մեջ նա խոստացել է պայքարել մուսուլմանների իրավունքների համար: «Ես ցանկանում եմ հայտնել բոլոր մուսուլմաններին, ովքեր գրանցված են մեր սոցցանցում, որ մենք ուրախ ենք նրանց տեսնել այստեղ: Մենք համախմբված կպայքարենք Ձեր իրավունքների համար եւ կփորձենք ընկերական մթնոլորտ ստեղծել մեր սոցցանցում»,-հայտարարել է Ցուկերբերգը: Վերջերս ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով մասնակցում է նախագահական նախընտրական քարոզարշավին, կոչ էր արել արգելել ԱՄՆ-ի տարածք մուսուլմանների մուտքը: Ավելի ուշ Սպիտակ տունն առաջարկել էր հեռացնել նրա թեկնածությունը:

 

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է
Փարիզի հիվանդանոցներից մեկում հոսպիտալացվել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը: 83-ամյա քաղաքական գործչին հոսպիտալացրել են վատ ինքնազգացողության պատճառով: Այս մասին հայտնել է նրա դուստրը: Նա նշել է, որ Շիրակի կյանքին վտանգ չի սպառնում, եւ հիվանդանոցում նա լիարժեք բուժզննություն կանցնի:




Լրահոս