Երգիչ Արսեն Գրիգորյանն (Ասո) այժմ ստեղծագործական դադարի մեջ է, սակայն հանդիսատեսին խոստանում է, որ 2016-ը «երգառատ» տարի է լինելու: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրուցել է ժողովրդական գործիքներին կյանք տալու, դրանք կիրառելու անհրաժեշտության մասին: Արսենը նկատել է, որ եթե մենք աշխարհով մեկ բարձրաձայնում ենք, որ այս կամ այն գործիքը կամ երգը մերն է, ուրեմն պետք է լավ պահենք այն:
-Արսե՛ն, վերջին շրջանում նոր երգեր չեք ներկայացնում հանդիսատեսին, ի՞նչն է խնդիրը, մուսան «այցի չի՞ գալիս»:
-Չգիտեմ, չեմ կարող բացատրել. ժամանակավոր դադար է:
-Հոգնե՞լ եք:
-Յուրաքանչյուր բնագավառի մարդու հետ լինում է նման բան, որ հոգնի, հիասթափվի, բայց հետո ամեն բան իր տեղն է ընկնում: Հանդիսատեսը թող սպասի 2016-ին, ինչպես տեսնում եմ` նոր երգերով լեցուն բուռն տարի է լինելու:
-Համերգներով հանդես գալու ծրագրեր ունե՞ք:
-Ֆինանսական խնդիրներ կան, չեմ կարողանում «տեղավորվել»:
-Մի առիթով նշել եք, որ կցանկանայիք փոխել համերգների կազմակերպման ձեւը, որպեսզի դրանցում միշտ նույն դեմքերը չընդգրկվեին, փոխարենը ասպարեզ բերվեին այլ տաղանդավոր երաժիշտներ…
-Բացի այդ` կցանկանայի ամեն երգիչ Օպերայում, Ֆիլհարմոնիայի դահլիճում չերգեր: Դրանցում կազմակերպվեին միայն լուրջ համերգներ, ինչպես նախկինում: Հիմա, կարծես, ոչ ոք արվեստի վրա ուշադրություն չի էլ դարձնում. ուզում են միայն ուրախ երգեր լսեն, պարեն, ուրախանան: Այնինչ՝ դրա համար լիքը ռեստորաններ կան: Այսպես ասած, դահլիճային համերգը պետք է տարբերվի քեֆ-ուրախությունից. կարող է՝ մեկը եկել է համերգի, որ հուզվի, խաղաղվի ու հեռանա: Հիմա նայում ես` պետական դահլիճներում ծնունդ-կնունք են նշում, եսիմ ինչեր են անում…
-Օրինակ` պետական ո՞ր դահլիճը նկատի ունեք:
-Ասենք` հարուստ մեկը որոշել է Օպերայի դահլիճում նշի իր ծննդյան տոնը, «համերգային ծնունդ» անի: Ի՞նչ եք կարծում, կարելի՞ է այդպես: Այս ամենն էլ բերում է ժամանակավոր դադարի, ուզում ես կողմնորոշվես` ի՞նչ անես, անե՞ս, թե՞ չանես… Թացն ու չորը խառնվել են իրար:
-Ըստ Ձեզ` ինչու են թողնում, որ պետական դահլիճներում նման միջոցառումներ անցկացվեն:
-Պետք է գումար աշխատեն, աշխատողներին վճարեն, դահլիճը ջեռուցեն… Իրենք մեղավոր չեն: Պետական մտածողություն է պետք, որ հստակեցվի` եթե սա պետական դահլիճ է, այնպես անեն, որ այդտեղ կազմակերպվեն միայն պետական միջոցառումներ: Նույն պետական հովանավորչությունը քչություն է անում, բյուջեն քիչ է: Պետությունն էլ չգիտի` տանկ առնի, թե դահլիճի համար դուռ:
-Արսե՛ն, մեկ այլ խնդիր էլ կա. Կոնսերվատորիայի ուսանողները երկար տարիներ սովորում են ժողգործիքներ նվագել, սակայն, ի վերջո, անգործ են մնում: Այս խնդրի համար ի՞նչ լուծումներ եք տեսնում:
-Իսկապես, հազար ափսոս, որ մի շարք լավ երաժիշտներ մնում են ստվերում: Ենթադրենք` մի խումբ է ձեւավորվել, որի շրջանակում 3 թառահար կա, 5 քամանչահար, 6 քանոնահարուհի. մեկ ուրիշ երաժիշտի խումբ մտցնելու համար պետք է մյուսին հանեն, կամ պետք է լինեն մի քանի խմբեր, որոնց ձեւավորման համար հարկավոր կլինի լսումներ կազմակերպել եւ ընտրել լավագույններին: Մյուս ելքը հովանավորչության շնորհիվ խմբի մեծացումն է. այս կերպ լրացուցիչ երաժիշտներ հրավիրելու հնարավորություն կլինի:
-Իսկ ինչպե՞ս անել, որ ժողովրդական գործիքները, որոնք այսօր ինչ-որ չափով դուրս են մնացել կիրառությունից, կյանք ունենան:
-Եթե մի գործիքը չի օգտագործվում, բանից դուրս է գալիս, պետք չի: Այս առիթը շատ ճարպկորեն օգտագործում է որեւէ հարեւան պետություն` բարձրաձայնելով, թե իբր դա իր ազգային գործիքն է: Մեկ էլ տեսնում ես` վայնասուն է բարձրանում, մի կռիվ-դավի, հայերս ասում ենք` ոնց թե, դա մերն է: Ախպե՛ր ջան, դե եթե ձերն է, բարի եղեք օգտագործել, թե չէ գցում եք նկուղը, առնետները կրծում են այդ գործիքները: Ձերն է` լավ պահեք: Կամ որ ասում են՝ թուրքերը մեր երգը գողացել են…Հա, գողացել են, բայց որ դրանց համերգները նայում ես, տեսնում ես, թե ինչպես է իրենց հանդիսատեսը խոնարհվում այդ երգերի առջեւ, իսկ մերոնք ասում են` երբ պետք է էս ժողովրդական երգը ավարտվի, մի շախով-շուխով երգ երգեն: Լավն էլ է մեր ձեռքում, վատն էլ. կուզենք` գործիքին կյանք կտանք, կուզենք` մոռացության կմատնենք, կկորչի-կգնա…
-Ասում են` բոլորը կողմ են ժողովրդական երգերի նորովի գործիքավորմանն ու մատուցմանը, Դուք հաճախ՝ ոչ. այդ առումով չեք փոխվում:
-Իմ ընկերները հաճախ ասում են` այդ առումով դու մնացիր նույնը: Կարծում եմ` եթե երգը գրվել է այսպես, ուրեմն այսպես էլ պետք է կատարվի. ես ո՛չ կարող եմ, ո՛չ էլ իրավունք ունեմ որեւէ բան փոխել: Դա նույն բանն է, որ աղջիկը տանից դուրս գա երկար զգեստով, մինչեւ հասնի շքամուտք` մինի կիսաշրջազգեստով լինի. ո՞նց կլինի: Եթե տվյալ երգը թառով կամ, օրինակ, քամանչայով է նվագակցվել, պետք է այդպես էլ թողնել, երգեր կան, որոնց իրավունք չունենք դիպչելու, օրինակ` «Թամամ աշխարհ պըտուտ էկա»-ին: Այդ երգը ճանաչվել է կոնկրետ այդ ձեւով, ուրեմն պետք է այդպիսին էլ մնա: Այսօր օրական 50 հատ նոր գործ է ծնվում ու մոռացվում, սակայն մեր ժողովրդական, ազգային երգերը չեն կորցնում իրենց արժեքը:
«ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՄ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ»
Բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն աշխատում է երկու նոր նախագծերի վրա եւ պատրաստվում է դրանք գալիք տարում ներկայացնել հանդիսատեսին: Դրանցից մեկը Թենեսի Ուիլյամսի «Տրամվայ «Ցանկություն»-ն է, որը նա բեմադրել է 1999-ին. դա եղել է Սուրենի դիպլոմային աշխատանքը: Հետագայում` 2008-ին, նա այս ներկայացումը վերաբեմադրել է Ռումինիայում:
«17 տարի անց ներկայացմանն անդրադառնալու եմ բոլորովին այլ տեսանկյունից, վերաբեմադրելու եմ ուրիշ կազմով: Ես համարում եմ, որ 17 տարի առաջվա բեմադրությունն այնքան էլ իմը չէր, քանի որ ներկայացումն ուներ գեղարվեստական ղեկավար, իսկ ես նոր էի քայլեր անում թատրոնում: Եվ հիմա շատ հետաքրքիր է տարիներ անց անդրադառնալ նույն գործին. ես սա համարում եմ էքսպերիմենտ»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Սուրենը:
Ներկայացման մեջ արծարծվում է մարդու մենության խնդիրը: Դեռ պարզ չէ` որ թատրոնում այն կցուցադրվի: Սուրենի խոսքով, հավանաբար, դա կլինի Դրամատիկական թատրոնում, բայց խաղացանկային ներկայացում չի լինի: «Ես վերջերս թատրոններում խաղացանկային ներկայացումներ չեմ բեմադրում: Ոչ մի թատրոնում որպես ռեժիսոր չեմ աշխատում: Բոլորը գիտեն, որ տարիներ շարունակ խնդիր ունեմ մշակույթի նախարարի հետ»,-մեկնաբանեց նա:
«Այսինքն` Ձեզ մշտական «ապաստան» չե՞ն տալիս»,-հարցրինք մենք, ինչին ի պատասխան՝ բեմադրիչը նշեց. «Ո՛չ, չեն տալիս, բայց ես այլ կերպ եմ տեսնում իմ ճանապարհը թատրոնում: Այսօր մշակույթի ոլորտը ղեկավարում են մարդիկ, որոնք, իմ կարծիքով, առանձնապես կապ չունեն դրա հետ եւ դրանից ոչինչ չեն հասկանում: Նրանք աջակցում են այն մշակույթը, որն իրենց մտահորիզոնին է հասանելի»:
Երկրորդ նախագիծը, որի վրա Սուրենն աշխատում է, նոր պիես է, հեղինակը Էմմա Պետրոսյանն է: Հիշեցնենք, որ նրանց համագործակցության արդյունքում ծնվել էր եւս մեկ ներկայացում` «Սեւ, դառը շոկոլադ»-ը: Հիմա Է.Պետրոսյանը գրում է երկրորդ պիեսը. «Ես դեռ չեմ ուզում բացել փակագծերը, բայց կասեմ, որ սա նոր պատմություն է, որը, կարծում եմ, մեր քաղաքացիներին շատ կհետաքրքրի, դրանում արծարծվում են բազում արդիական խնդիրներ… Սուր է լինելու»,-խոստացավ բեմադրիչը:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ Է
Երեւանի «Կապույտ մզկիթ» հուշարձանի (1766 թ.) իրավական կարգավիճակի հստակեցման, ՀՀ օրենսդրությանը համապատասխան հուշարձանի եւ դրա զբաղեցրած հողատարածքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն ապահովելու համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ մշակույթի նախարարության ձեռնարկած՝ հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ¬ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացը միջազգային չափորոշիչներին եւ պահանջներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտությամբ:
ՆՈՐ ՖԻԼՄԱՇԱՐ
«Հատուկ բաժին», այս խորագիրը կկրի նոր ֆիլմաշարը, որը դեկտեմբերի 14-ից կլինի Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում: Ինչպես տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, դետեկտիվ ժանրում նկարահանված 16 մասից բաղկացած հեռուստաֆիլմի գործող անձինք ոստիկանության համակարգում ստեղծված օպերատիվ-քրեագիտական հատուկ բաժնի աշխատակիցներն են, իսկ սյուժեի հիմքում` առավել բարդ, ծանրագույն եւ հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունները: Նորագույն տեխնիկական եւ լաբորատոր սարքավորումներով համալրված բաժինը հնարավորություն ունի կատարելու ցանկացած քրեագիտական հետազոտություն: Բաժնում աշխատում են համակարգի լավագույն մասնագետները, որոնք իրենց գործի նվիրյալներ են: Ֆիլմաշարում նկարահանվել են Շանթ Հովհաննիսյանը, Մարիամ Դավթյանը, Բաբկեն Չոբանյանը, Սեպուհ Ապիկյանը եւ այլք: Ռեժիսորներն են Էդգար Բաղդասարյանը եւ Արեն Մալաքյանը:
ՄԱԴՈՆՆԱՆ ՔԱՋԱԼԵՐԵԼ Է
Փոփի թագուհի Մադոննան Փարիզի «Բերսի» արենայում անվճար համերգ է կազմակերպել, որի ընթացքում կոչ է արել ֆրանսիացիներին չվախենալ ահաբեկիչներից: «Փարիզի սիրտը տրոփում է աշխարհի բոլոր քաղաքների հետ միասին: Չպետք է տրվենք վախին: Սիրո ուժն ավելի ուժեղ է, քան իշխանության ձգտումը»,- հայտարարել է նա: Մադոննան հիշեցրել է, որ ինքը քսան տարեկան հասակում հենց Փարիզում է որոշել նվիրվել երաժշտությանը: Ուսերին ֆրանսիական եռագույն դրոշ գցելով՝ նա կատարել է «Մարսելյեզը», որին ձայնակցել է ողջ դահլիճը: Բեմի վրա Մադոննայի հետ միասին եղել է նրա 9 տարեկան որդին` Դեւիդը: