ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Ազգային ժողովում
Հավանաբար ԱԺ պատգամավորներին տխրեցրել է այն փաստը, որ չնայած Ազգային ժողովի քառօրյան ավարտվել է, բայց նրանք ստիպված են լինելու երկուշաբթի օրը նորից գալ խորհրդարան:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե Հայաստան մուտքի վիզայի տեսակները որո՞նք են:
Ստեփան Հայրապետյան (34 տարեկան,մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստան մուտքի վիզայի տեսակներն են`
ա) այցելության մուտքի վիզա` հարազատներին այցելելու, զբոսաշրջության, կրթական հաստատություններում ուսանելու, տարբեր միջոցառումներին մասնակցելու նպատակով այցելության համար,
բ) պաշտոնական մուտքի վիզա` պաշտոնական (ծառայողական) անձնագիր կրող անձանց կամ սովորական անձնագրերով պաշտոնական պատվիրակությունների անդամների համար,
գ) դիվանագիտական մուտքի վիզա` դիվանագիտական անձնագիր կրող կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց համար,
դ) տարանցիկ մուտքի վիզա` Հայաստանի տարածքով երթեւեկողների համար:
Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:
ՀԱՐՑ. Տղաս զինծառայության ընթացքում վիրավորվել եւ ստացել է ուղեղի սալջարդ (կոնտուզիա): Խնդրում եմ պատասխանել՝ այդ հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի նա հաշմանդամություն ստանա: Եվ կցանկանայի տեղեկանալ նաեւ՝ արդյո՞ք զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված լինելու հանգամանքը կարող է հաշմանդամ ճանաչելու համար հիմք հանդիսանալ:
Լաուրա Ալեքսանյան (54 տարեկան, դայակ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ոչ, քանի որ զինծառայողի մոտ վիրավորվելու կամ ուղեղի սալջարդի (կոնտուզիա) հետեւանքով կարող է առաջանալ օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, սակայն առկա խանգարումները չբերեն կենսագործունեության որեւէ տեսակի, որեւէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: (Հիմք՝ ՀՀ կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 13 հոդված):
Հայտնում ենք նաեւ, որ քաղաքացին կարող է հիվանդության պատճառով ազատվել զինծառայությունից, սակայն հաշմանդամ չճանաչվել, եթե նրա մոտ առկա չէ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետեւանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում, որը բերել է կենսագործունեության որեւէ տեսակի՝ որեւէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: (Հիմք՝ ՀՀ կառավարության 02.03.06 թվականի թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 13 հոդված):
Կենսաթոշակային համակարգիիրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հաշմանդամության կարգ ստանում են այն քաղաքացիները, որոնք ունեն ֆունկցիայի կայուն խանգարում: