ԱՄՆ-ի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցով մնում է անփոփոխ: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն «հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը:
Ջեյմս Ուորլիքն ընդգծել է, որ տարածքների հարցը կոնֆլիկտի լուծման մի մասն է. «Այստեղ է ներառված նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը: Հարկ է նշել, որ արդար որոշումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա: Դրա մեջ է մտնում Հելսինկյան վերջնական ակտն ու ուժի և սպառնալիքի կիրառման անթույլատրելիության սկզբունքները, այդ թվում` նաև տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը: Ո՛չ մենք, ո՛չ Հայաստանը, ո՛չ այլ կողմ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի ռեժիմը: Ընդ որում, անհրաժեշտ է լսել ԼՂ ողջ բնակչության ձայնը, ինչը և անում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,-հավելել է Ուորլիքը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան