ՆԱՀԱՊԵՏ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ «ԱՂՄԿԱԼԻՑ» ԿՅԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատգամավոր Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի մասին այնքան շատ է գրվել, որ նա դարձել է արդի հայ մամուլի «հերոսներից» մեկը: Մամուլում եղած հրապարակումների հիման վրա նրա մասին կարելի է անգամ սերիալ նկարահանել ու ցույց տալ ժամանակակից հայ պատգամավորի «խտացված» կերպարը…
Օրինակ՝ Նովոյի անունը շրջանառվել է ընտրական տեղամասի շուրջ ընթացած ծեծկռտուքի առիթով: Ու ոչ միայն նրա, այլեւ՝ որդու: Սակայն Նովոն ոչ թե փորձել է օրենսդիր մարմնի ներկայացուցչին վայել կերպով պատասխան տալ, այլ վիրավորել ու կոպտել է լրագրողներին՝ ասելով. «Մյուս անգամ ստեղ չզանգեք»: Հենց այսպես, չզանգեք ու վերջ: Ախր, մարդը զբաղված է, լուրջ գործեր ունի, մինչդեռ նրան զանգում ու հարցուփորձ են անում ինչ-որ ծեծկռտուքի հետ կապված: Մի՞թե Նովոյի կյանքում սա առաջին սկանդալն էր, որ լրագրողներն էլ կամենում էին տեղեկություններ ստանալ… Ա՛յ դրանցից մեկն էլ ԲՀԿ-ական պատգամավորներից մեկի տան վրա կատարված հարձակումն էր, որում դարձյալ շրջանառվում էր Նովոյի անունը: Նովոն էլ իրեն հատուկ ոճով դարձյալ լրագրողներին ասել էր. «Իմ հետ նորմալ խոսա, էդ ի՞նչ անուններ ես տալիս, ի՞նչ ես հեքիաթ պատմում: Էս ի՞նչ դվիժենի եք սկսել: Ամոթ ա, ամոթ… Էս ա, էն ա, հա գիշերը ո՞ւմ ծոցն ես քնել, ո՞ւմ հետ ես  խոսացել, ամոթ ա»… Սա մեր պատգամավորի բառային ֆոնդի առավել հագեցած արտահայտություններից է: Մինչդեռ եթե առիթ լինի, Ն. Գեւորգյանը կասի, որ ինքն ինտելեկտուալ է, ավարտել է Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը, ստացել ճարտարագետ-տեխնոլոգի որակավորում:
Ծառայել է խորհրդային բանակում, 1978թ. Հոկտեմբերյանի (Արմավիր) շինանյութերի կոմբինատում («Շինանյութեր» ՍՊԸ) աշխատել է բանվոր, հաշվառող, հանքի վարիչ, փոխտնօրեն, տնօրեն, խորհրդի նախագահ:
ԱԺ ամենահնաբնակ պատգամավորներից է: 1999-2003թթ. եղել է ԱԺ պատգամավոր թիվ 40 ընտրատարածքից, իսկ 2003-2007թթ. ընտրվել է թիվ 30 ընտրատարածքից: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել: Իսկ ահա արդեն 2007թ. եւ 2012թ. ԱԺ պատգամավոր է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակով: Ուրեմն Նովոն էլ է կիսում նժդեհյան գաղափարախոսությունը՝ չնայած համոզված ենք, որ նա Նժդեհի ժառանգության էջերն էլ չի թերթել: Բայց դա ի՞նչ կարեւոր է նրա համար, կարեւորն այն է, որ պատգամավոր է, նստում է ԱԺ-ում ու լուծում իր անձնական խնդիրները:
Իհարկե, Նովոյին կարելի է «օրինակելի» պատգամավոր համարել, քանի որ նրա որդին՝ Արտակը, մի քանի ամիս առաջ ձերբակալվել էր ավազակային հարձակման մեղադրանքով: Նշանակում է, ազգընտրյալը լավ հայր է, որ կարողացել է հանրության համար «պիտանի» որդի դաստիարակել… Բայց ոչ միայն հարազատ որդուն: Մեջբերենք մամուլից մի քաղվածք. «Պատգամավորի եղբորորդին հարվածել էր վարորդներից մեկին, ինչի առիթով բերման էր ենթարկվել ոստիկանություն, հարցաքննվել եւ ազատ արձակվել: Ինչպես երեկ փոխանցեց նշված երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Հարություն Պետրոսյանը, ոստիկանները հսկողություն իրականացնելու փոխարեն սկսել են երթուղայինների համար նոր չվացուցակ սահմանել՝ այդպիսով խոչընդոտելով նրանց բնականոն աշխատանքը, ինչն առաջացրել է նաեւ ուղեւորների դժգոհությունը: Երեկ ավտոկայան է գնացել նշված «գծի տերը»՝ Շուշանիկ Պետրոսյանը, եւ հրավիրել Տրանսպորտի նախարարության աշխատակիցներին, որոնք ոստիկաններին խնդրել են միայն կարգ պահպանել եւ ոչ թե դիսպետչերի դերակատարում ստանձնել: Պարզեցինք, որ պատգամավորի եղբորորդու՝ Բագրատ Գեւորգյանի հարվածից տուժած վարորդ Իշխան Մելքոնյանը երեկ աշխատանքի չի ներկայացել՝ վատ ինքնազգացողության պատճառով: Այս առիթով ՍՊԸ-ի տնօրեն Հ. Պետրոսյանը, խոսելով պատգամավորի եղբորորդու մասին, ասաց. «Որ ուրիշի տղան լիներ, հիմա շուտ էին ձերբակալել, թե ինչի են սպասում, չգիտենք: Ոչ էլ էն մեքենաների վարորդներին են ձերբակալել, որոնք փակել էին մեր մեքենաների ճանապարհը»:
Իսկ ահա մեկ այլ լրատվամիջոցի՝ «ՉԻ»-ի տեղեկություններով՝ պատգամավորի որդին՝ Արտակ Գեւորգյանը, ոչ վաղ անցյալում աշխատել է նախագահականում: Վերջինս եղել է Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայությունում, սակայն հերթական աղմկոտ պատմությունից հետո նրան ագատել են աշխատանքից»:
Նովոն գուցե եւ շատ լուրջ պատգամավորական գործունեություն է իրականացնում, բայց բացառապես ԱԺ նիստերի ընդմիջումներին միջանցքներում, քանի որ դահլիճում երբեք ելույթ չի ունենում, ոչ էլ որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս: Մարդը ժամանակ չունի: Եթե դատենք նրա հայտարարագրից, նա օրնիբուն աշխատել է ԱԺ-ում, որեւէ եկամուտ չի ունեցել, որեւէ ճոխություն իրեն թույլ չի տվել: 2007-ի հունվարի 1-ի դրությամբ նրա բանկային հաշիվներում եղել է 5 մլն դրամ: Ըստ 2006-ի հայտարարագրի՝ Գեւորգյանը բնակարան ունի Երեւանի Տերյան փողոցում՝ 90 քմ մակերեսով: Նույն հասցեում ունի նաեւ ավտոտնակ՝ 23,8 քմ մակերեսով: 2006-ին նա հայտարարագրել է նաեւ 1000 քմ մակերեսով տնամերձ հողամաս Արմավիրի մարզի Հոկտեմբերյան գյուղում: Գեւորգյանը 2006-ի հայտարարագրում նշել է նաեւ, որ 2005-ի արտադրության «ԳԱԶ 3102» մակնիշի ավտոմեքենա ունի: Հազիվ թե մենք գտնենք մեկ այլ պատգամավոր` նման «համեստ» ունեցվածքով: Բայց բոլորն են պնդում, որ այս ամենը չի արտացոլում նրա ունեցվածքի ճշմարիտ պատկերը: Օրինակ՝ շատերն են ասում, որ պատգամավորն ունի «Մերսեդես Ջի» մակնիշի ավտոմեքենա, բայց նա դա չի հայտարարագրել: Նովոյի անվամբ է գրանցված «Հոնդայի Ազերա» մակնիշի ավտոմեքենան, որի մասին նա դարձյալ լռում է, քանի որ այս մեքենան եւս հայտնվել է մի շարք սկանդալային պատմությունների բովում… 2006-ը Նովոյի համար «մեկնարկային» տարի էր, դրանից հետո պատգամավորն իր հայտարարագրերում փորձել է «ստվերում» մնալ, չլինել այնքան անկեղծ, որքան առաջին անգամ իր ունեցվածքի մասին բարձրաձայնելիս: Սակայն հետագա տարիներին, ինչպես վկայում են նրա շրջապատի մարդիկ, նա ձեռք է բերել առեւտրային օբյեկտներ, բազմապատկել իր ֆինանսական միջոցները…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս