ՀԱՐՑ. Ուզում եմ մի փոքր տեղեկանալ, թե ինչպես է կատարվում իրավաբանական անձի գրանցման գործընթացը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Դիմողը պետք է պետռեգիստր ներկայացնի հետեւյալ փաստաթղթերը՝ 1. դիմում, 2. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի արձանագրությունը՝ ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի եւ քարտուղարի կողմից, 3. իրավաբանական անձի կանոնադրությունը՝ հաստատված հիմնադրի կամ հիմնադիր ժողովի կողմից, 4. տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները եւ սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին եւ համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն, 5. մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում 2-րդ կետով նախատեսված փաստաթղթի փոխարեն ներկայացվում է հիմնադրի միանձնյա գրավոր որոշումը, 6. եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է ՀՀ իրավաբանական անձ, ապա, ի հավելումն վերը նշված փաստաթղթերի, պետք է ներկայացնել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը եւ տեղեկատվություն հիմնադիր իրավաբանական անձի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը եւ պետական գրանցման համարը. սույն կետում նշված տեղեկությունը չի ներկայացվում, եթե հիմնադիրը պետություն կամ համայնք է, 7. եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա գրանցման համար, վերը նշված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաեւ քաղվածք տվյալ երկրի առեւտրային գրանցամատյանից կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ եւ նրա հիմնադիր փաստաթղթերը՝ վավերացված եւ հայերեն թարգմանված, 8. եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրն օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա պետական գրանցման համար, վերը նշված փաստաթղթերից բացի, ներկայացվում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված եւ հայերեն թարգմանված:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ գործունեություն ծավալելու փաստաթղթային պայմանները քիչ չեն, այսուհանդերձ, ցանկացած քաղաքացի կարող է, վերոնշյալ պայմաններն ապահովելով, սկսել աշխատել: