«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից «Ժողովուրդ»-ը երեկ հետաքրքրվեց՝ արդյոք իրենց կուսակցությունը մասնակցելու է ստորագրահավաքին, թե ոչ: Ի պատասխան՝ Հովհաննիսյանն ասաց՝ «Ժառանգություն»-ը ողջունում է ՀԱԿ-ի քայլը, բայց չի միանա բողոքարկման գործընթացին: «Ես դեմ չեմ, ավելին՝ ես անհավասար պայմանների կողմնակից եմ: «Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել, դրա կարիքը չկա: Մեր հիմնական աշխատանքը քաղաքացիական է, հրապարակում, դիվանագիտական, դեսպանների հետ, բազմափակ աշխատանք ունենք անելու: Եւ այդ դիմումը, որին զորակցում ենք, դա կլինի այդ աշխատանքներից մեկը, ողջունելի է»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը: Ի դեպ, երեկ Ազատության հրապարակում Հովհաննիսյանը եւս մեկ անգամ Սերժ Սարգսյանին առաջարկեց ինքնակամ հեռանալ իշխանությունից, քանի որ ժողովրդի համբերության բաժակն արդեն լցվել է:
Նա նաեւ անդրադարձավ վերջին օրերին սահմանային լարվածության հետեւանքով զինծառայողների զոհվելու դեպքերին: «Մեր համազգային եւ համապետական պարտականությունն է ոչ միայն պատասխան տալ թշնամուն, այլեւ կանխել նման նահատակների առկայությունը: Մեզ պետք չեն հետմահու մեդալներ: Ինչպիսին է երկիրը ներքուստ, այնպիսին կլինի արտաքին քաղաքականությունը, արդար է ներսում, մենք կունենանք արդար, ուժեղ, ընկալելի քաղաքականություն»,- հայտարարեց Հովհաննիսյանը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: