«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդը» Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց տեղեկացավ, որ սկսած 1992 թվականից Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծում, ազգամիջյան հակամարտության հետեւանքով անհայտ կորած են համարվում շուրջ 4500 մարդ, որից 400-ը գրանցված են Հայաստանի Հանրապետությունում:
Նրանցից 9-ը Տավուշի մարզի բնակիչ են: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղից անհայտ կորել են Հովսեփ Շահումյանը եւ Դիվանիչ Ջանվելյանը: Հ. Շահումյանը անհետ կորել է 1992 թվականին, Դ. Ջանվելյանը՝ 1995 թվականին: Զառա Ամատունին հայտնեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն համագործակցում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, որպեսզի պարզվի անհայտ կորածների ճակատագիրը: ԿՄԽԿ-ն անհայտ կորածների վերաբերյալ այլ տեղեկություններից զատ՝ 2014 թվականից նրանց հարազատներից կենսաբանական նմուշներ է վերցնում, որպեսզի ավելի ստույգ դարձնի անհետ կորածների վերաբերյալ տվյալները:
1992թ. հունիսի 13-ի երեկոյան Կոթիի եւ Ղազախի շրջանի Փարաքլի գյուղի սահմանագոտում փայտ հավաքելիս անհետ կորած, 1953թ. ծնված Հովսեփ Շահումյանի եղբայր Սերոբ Շահումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե համոզված է, որ Հովսեփը կենդանի չէ, սակայն փափագում է նրա աճյունը հայրենի Կոթիի հողում ամփոփել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: