“”ԳԺԻ ԹՂԹՈՎ”” ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդան Ղուկասյանն առաջին անգամ Գյումրիի քաղաքապետ ընտրվեց 1999 թվականի հոկտեմբերին: Նույն գիշերն այրվեց քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքը հանդիսացող փայտե կառույցը, իսկ մի քանի օր անց, Հոկտեմբերի 27-ն էր` ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության եւ Գարեգին Բ կաթողիկոսի ընտրության օրը… Ուրեմն, երկրի կյանքում նոր ժամանակաշրջան էր սկսվում:  Վ. Ղուկասյանի եւ ավագանու ընտրությունից հետո Գյումրիում սկսեցին խոսել այն մասին, որ հարկավոր է քաղաքապետարանի նիստերի դահլիճից հանել բոլոր աթոռները, որովհետեւ այսուհետեւ նիստերն անց են կացվելու «պպզած», քանզի քաղաքապետարանում ներգրավված  մականունավոր տղերքը հազիվ թե հեռանան իրենց ավանդական «պոզայից»: Վարդան Ղուկասյանն, իհարկե, մի անգամ արդեն 1996-ին փորձել էր «վերցնել» քաղաքապետարանը, սակայն ընտրությունների երկրորդ փուլում պարտվել էր` «սատանա» հռչակելով նախկին քաղաքապետին ու նրա թիմակիցներին: Այդ պատճառով էլ վերջապես  մտնելով քաղաքապետի այդքան բաղձալի աշխատասենյակը` նա առանց հապաղելու աշխատանքից ազատեց քաղաքապետարանի ողջ աշխատակազմին, անգամ հավաքարարներին ու պահակներին` շենքից «սատանաներին քշելու» հրապարակային հայտարարությամբ: Նա քաղաքապետ ընտրվեց նաեւ 2002, 2005 եւ 2008 թվականներին` սահմանելով յուրատեսակ ռեկորդ: «Ռեկորդային» էր նաեւ այն, որ երկրի երկրորդ քաղաքի կառավարումը ստանձնում էր մի մարդ, ով այդ ժամանակ ընդամենը միջնակարգ-մասնագիտական կրթություն ուներ` ավարտած լինելով Կիրովականի առեւտրատնտեսագիտական տեխնիկումը: Տեխնիկումն ավարտելուց հետո մի կարճ շրջան աշխատել էր Առեւտրի վարչությունում` որպես ապրանքագետ, սակայն հեռացվել էր այդտեղից, քանի որ «գժի թղթով» ազատվել էր բանակից: Իսկ նման «դիագնոզով» մարդկանց Խորհրդային իշխանությունները պատասխանատու աշխատանքներ չէին վստահում: Եթե կոմունիստները չէին վստահում, ապա Ռոբերտ Քոչարյանի վարչակարգն ամենայն  սիրով ընդունեց նրան` որպես  կրիմինալ-օլիգարխիկ համակարգի արժանի անդամ: Վարդան Ղուկասյանի ընտրությունից հետո քաղաքում տարածվեց նրա նորօրյա աղոթքի տեքստը, որը հորինել էին կատակասեր գյումրեցիները. «Աստված, թողություն տուր մեր մեղքերին, փողն էլ տարեք ու տվեք Գեւորին»: Գեւորը Վարդան Ղուկասյանի եղբայրն է:Հետագայում Վարդան Ղուկասյանն իր կենսագրության մեջ գրել է, որ Ղարաբաղյան շարժման օրերին օգնել-աջակցել է ազատամարտիկներին: Մի ժամանակ էլ գրում էր  (հետո ջնջեց իր կենսագրության այդ տողերը), որ եղել է ՀՀ Դաշնակցություն կուսակցության անդամ-գործիչ, այսինքն` կոոպերատիվ դաշնակցության անդամ: Իր քաղաքապետության տարիներին Վարդան Ղուկասյանն ավարտեց «Շիրակ» կոոպերատիվ համալսարանը, ապա հեռակա կարգով  ավարտեց Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը եւ նույնիսկ հաջողացրեց  դառնալ Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս` վերջնականապես խայտառակելով այդ «ակադեմիան»:Գյումրիի քաղաքային զբոսայգում գտնվող  շքեղաշուք «Օազիս» ռեստորանը Վարդան Ղուկասյանի սեփականությունն է, որտեղ նրա «պատվին» կազմակերպվում են բոլոր համաքաղաքային միջոցառումները: Ի դեպ, քաղաքային բյուջեի հաշվին մոտ 30 մլն դրամ տրամադրվեց զբոսայգու պարսպապատերի վերակառուցման համար: Նրա անվան հետ են կապվում Շահումյան փողոցի երկայնքով մեկ կառուցված երկհարկանի խանութաշարը, տոնավաճառը, Սայաթ-Նովա փողոցում գտնվող նախկին Կրուպսկայայի անվան այգին:2007-ին իր դեմ կատարված մահափորձը, որի ժամանակ զոհվեց 4 հոգի, Վարդան Ղուկասյանը մեկնաբանում է բավական ինքնատիպ կերպով. մահափորձը կազմակերպել էին բոլոր նրանք, ովքեր չէին ուզում, որ ինքը լրացուցիչ ֆինանսական միջոցներ բերի քաղաք` աղետյալներին բնակարաններով ապահովելու համար: Իհարկե, Վարդան Ղուկասյանի դեմ կատարված մահափորձը մնաց քրեա-քաղաքական  «առեղծվածներից» մեկը, իսկ մահափորձից հետո նա հեռացավ իրեն սատարող Հովիկ Աբրահամյանից: Թե ի՞նչ կատու էր անցել նրանց միջեւ, որ Հ. Աբրահամյանն այլեւս չուզեց Ղուկասյանի հետ բարեկամությունը շարունակել` ոչ ոք չիմացավ: Ոչ ոք չիմացավ, թե ինչու Գյումրիի քաղաքապետի հետ «ախպերությունից» հրաժարվեց նաեւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Գուցե չուզե՞ց «արատավորել» իր անունը, քանի որ Վ. Ղուկասյանի որդին` Սպարտակը, հաճախ էր հայտնվում սկանդալային պատմությունների մեջ, դառնում քրեական տարբեր «ռազբորկաների» ամենաակտիվ դեմքերից մեկը: Այս առումով ամենանշանավորը Գյումրիի կենտրոնում 5 տարի առաջ տեղի ունեցած  երկու հանցավոր խմբավորումների հրապարակային փոխհրաձգությունն էր, որի ժամանակ էլ քաղաքում անհետացավ հնգամյա մի երեխա: Նրա  դիակը գտան  մոտ 40 օր անց` ինչ-որ տնակում:Չնայած 2006 թվականից Վարդան Ղուկասյանը Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է, բայց 2008-ի ՏԻՄ ընտրություններին Հանրապետականն ու երկրի նախագահը նրան չաջակցեցին. հավանաբար շատ էին ուզում, որ Ղուկասյանը հեռանար ասպարեզից: Սակայն նրա կողքին կանգնեց արդեն ԱԽՔ-ացած Արթուր Բաղդասարյանը, որն ընտրությունների օրը Գյումրի մտցրեց ոստիկանական եւ պատժիչ ջոկատներ` այդպիսով ապահովելով քաղաքապետի ընտրությունն ու քաղաքը զերծ պահելով արյունահեղությունից:  Իսկ արյունահեղությունը  սպասելի էր, քանի որ Ղուկասյանի թիմի դեմ էր ելել հայտնի Մստոյի «թիմը»` բավականին ազդեցիկ հենարաններով: Արդյունքում` շատ վաղուց հեռուստաեթերից հեռացած Վարդան Ղուկասյանը նորից վերադարձավ  ու սկսեց «օվսաննաներ» շաղ տալ Հանրապետականի հասցեին` մեղադրելով բոլոր այն «սատանաներին», ովքեր իր կուսակցությանը չեն գովում: Հասկանալի է` եկող տարի ՏԻՄ ընտրություններ են, Վարդանիկը նորից է ուզում քաղաքապետ լինել, իսկ գյումրեցիները պատրաստ են նրա հեռացման ճանապարհին միլիոնավոր մոմեր վառել:29-02-2011ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս