ՓՊ խորհուրդը կարճեց փաստաբանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է կարճել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 07.08.2015թ. որոշմամբ հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը: Ըստ Խորհրդի որոշման, հիմնավորված չէ փաստաբանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը:

Կարգապահական վարույթը հարուցվել էր Վերաքննիչ դատարանի կողմից արդարացված Արմեն Ավանեսյանի բողոքի հիման վրա:

2014թ դեկտեմբերի 19-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռով Ավանեսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով՝ վերադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը, և դատապարտվել պայմանական ազատազրկման 3 ամիս ժամկետով՝ 1 տարվա փորձաշրջանով:

Ըստ Ա.Ավանեսյանի, առաջին ատյանի դատարանում իր շահերը ներկայացնող Հայաստանում հավատարմագրված ԼՂՀ փաստաբան, հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիման վրա՝ վերանայելով առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճիռը, 2015թ. հունիսի 11-ին Վերաքննիչ դատարանն որոշել է ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 1-ին մասով իրեն ճանաչել անմեղ և արդարացնել` հանցակազմի բացակայության հիմքով:

«Առաջին հայացքից կարող է թվալ, թե ես պետք է շնորհակալագիր ուղարկեի փաստաբան Լիանա Գրիգորյանի անվամբ, սակայն սույն դիմումով ցանկանում եմ Ձեզ տեղեկացնել փաստաբանի կողմից թե՛ գործի, թե՛ իմ նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի մասին, որն իրականում շնորհակալագրի արժանանալ չի կարող»,- նշում էր Ավանեսյանը:

Փաստաբան Լիանա Գրիգորյանն Ա.Ավանեսյանի պաշպանությունը ստանձնել է ընդհանուր իրավասության դատարանում, դատական քննության սկզբնական փուլում, երբ վերջինս իր դիրքորոշումը փոխելու, իրեն մեղավոր չճանաչելու մտադրություն ունենալով՝ պահանջել է հանրային պաշտպան, ինչպես նաև պահանջել իրեն տրամադրել քրեական գործի նյութերի պատճեները:

Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատավճռից հետո պաշտպանյալը փաստաբանից պահանջել է կազմել ու ներկայացնել վերաքննիչ բողոք, ներկայացվել է հինգ էջանոց բողոք, որը կասկածներ է հարուցել Ավանեսյանի մոտ, և նա այն ներկայացրել է Երևանում բնակվող իր ծանոթ մի փաստաբանի:

Վերջինս կապվել էր Լիանա Գրիգորյանի հետ ու խնդրել անհրաժեշտ լրացումներ կատարել բողոքում, նաև մանրամասն պարզաբանել էր, թե հատկապես ինչ պետք է ներառվեր բողոքում, որպեսզի այն լինի հիմնավորված: Մասնավորապես, առաջարկել էր ներառել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները ու կատարել դատաքննության ընթացքում հետազոտված նախաքննության և դատարանում տված ցուցմունքների վերլուծություն:

Ըստ դիմումատուի՝ փաստաբան Լիանա Գրիգորյանը կազմել է նոր բողոք, որտեղ ներկայացված են եղել հղումներ ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումներին, սակայն չէր վերլուծել ցուցմունքները՝ ներկայացնելով միայն մեկ ամբաստանյալի նախաքննական ցուցմունքի՝ իրական ցուցմունքից տարբերվող համառոտագիրը:

Նախկին պաշտպանյալը նշել էր նաև, որ Վերաքննիչ դատարանում իր շահերը ներկայացնելու համար ստիպված պայմանագիր է կնքել փաստաբանական գրասենյակի հետ: Նոր պաշտպանները՝ ծանոթանալով քրեական գործի նյութերին, ինչպես նաև ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստերի արձանագրություններին, կազմել են ներկայացված բողոքի նոր հիմնավորումներ, որոնք էլ հնչեցրել են վերաքննիչ դատարանում և գրավոր հանձնել դատարանին: Այդ հիմնավորումները պարունակում էին նաև մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցների մանրակրկիտ վերլուծություն, որոնց շնորհիվ ապացուցվել է, որ Ավանեսյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում:

Դիմումատուի պնդմամբ՝ առաջին ատյանի դատարանում իր շահերը ներկայացնելիս, ապա վերաքննիչ բողոք կազմելիս նախկին պաշտպանը առնվազն ծանոթ չի եղել քրեական գործի նյութերին, ինչի արդյունքում էլ առաջին ատյանի դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ:

Մինչ հիշյալ որոշման հրապարակումը՝ Փաստաբանների պալատի խորհուրդը լսեց դիմող և պատասխանող կողմերին: Արդարացվածի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ, փաստաբան Ռուբեն Սահակյանն ընդգծեց, որ եթե առաջին ատյանի դատարանում հրապարակվեր իր վստահորդի անհրաժեշտ պաշտպանության իրավունքը հիմնավորող առանցքային՝ Դ.Բարոյանի ցուցմունքը, իր վստահորդի խնդիրը լուծված էր: Ըստ ներկայացուցչի, պաշտպանը թերացել է՝ չառարկելով ցուցմունքի փոխարեն համառոտագիրը հրապարակելու դեմ:

Ռ.Սահակյանը նշեց, որ փաստերը ցույց են տալիս, որ փաստաբանը չի իմացել, որ ցուցմունքի և մեղադրական եզրակացությունում առկա ցուցմունքի համառոտագրի միջև առկա է էական տարբերություն, գուցե կաշկանդվել է դատարանից՝ չառարկելով և թույլ տալով, որ դատարանում հրապարակվի ցուցմունքի համառոտագիրը: Արդյունքում փաստաբանը գործել է ի վնաս իր վստահորդի նպաստավոր շահի: Դիմելով Խորհրդի անդամներին՝ դիմողի ներկայացուցիչը կոչ արեց չստեղծել նախադեպ:

Լիանա Գրիգորյանի ներկայացուցիչ, հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը նշեց, որ իր վստահորդի լիազորությունները դադարեցված են եղել Լ.Գրիգորյանի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելուց հետո, Վերաքննիչ դատարանում Ա.Ավանեսյանի շահերը պետք է պաշտպաներ արդեն Երևանում աշխատող հանրային պաշտպանը՝ ինքը՝ Ա.Ֆանյանը: Նա ընդգծեց, որ եթե Ա.Ավանեսյանն իրենից էլ է հրաժարվել, ուրեմն հրաժարումը պետք է տեղի ունենար պաշտպանի՝ իր ներկայությամբ:

Ըստ Արմինե Ֆանյանի, Լիանա Գրիգորյանը իր պաշտպանյալի շահերին հակասող որևէ բան չի արել: Ավելին, պատասխանողի ներկայացուցիչն իր վստահորդի աշխատանքում որևէ թերացում չի նկատել. հանրային պաշտպանը ծանոթ է եղել քրեական գործի նյութերին և գործել է անհրաժեշտ պաշտպանության իրավունքի մարտավարությունը:

Ներկայացուցիչը համաձայն չէ, որ պաշտպանը անգործություն է դրսևորել, համաձայն չէ նաև դիմողի այն տեսակետի հետ, որ ցուցմունքի ու դրա համառոտագրի միջև էական տարբերություն կա՝ պարզապես ցուցմունքն ամբողջական է ու մանրամասն: Բացի այդ, ըստ Ա.Ֆանյանի, հիշյալ ցուցմունքը դոմինանտ չի եղել, եղել են նաև այլ ցուցմունքներ: Ըստ ներկայացուցչի, «գործ ունենք ոչ թե փաստաբանի անգործության, այլ դատական սխալի հետ»:




Լրահոս