
Սիրիայում հատուկ օպերացիայի անցկացման ընթացքում ռուսական ավիացիան «Իսլամական պետության» ավելի քան հազար նավթային ցիստեռն է ոչնչացրել. փոխանցում է Tvzvezda-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությանը:
Պաշտպանական գերատեսչությունում հավելել են, որ միայն վերջին 3 օրվա ընթացքում ռազմական օդաչուները նոր կործանիչ հարվածներ են հասցրել ահաբեկիչների անօրինական բիզնեսի օբյեկտների ուղղությամբ: Հաջողվել է ռմբակոծել 6 բազա և նավթ տեղափոխող 7 ավտոշարասյուն:
Նավթի առևտուրն ամենաեկամտաբերն է իսլամիստների բյուջեում: Ենթադրաբար, սև ոսկու վաճառքից ահաբեկիչների եկամուտներն ամսական մոտ 40 մլն դոլար են կազմում:
Ավելի վաղ ՌԴ գլխավոր շտաբում հայտնել են, որ ռուսական ավիացիան սիրիական կառավարական զորքերի աջակցությամբ զարգացնում է հարձակումը Լաթաքիայում, Հալեպում, Համայում, Հոմսում և Դամասկոսի արվարձաններում: