Նոր մարմին՝ անչափահասների արդարադատությունը բարելավելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ Արդարադատության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ իրականացվող «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ստեղծված անչափահասների արդարադատության խորհրդի  բացման առաջին նիստը:

«Մեր ապագա ծրագրերը ուղղված են լինելու երեխաների իրավունքների և շահերի պաշտպանությանը, օրինազանց վարքի կանխարգելմանը` ոստիկանության և այլ իրավապահ մարմինների կարողությունների զարգացման միջոցով, դատական և արտադատարանական լուծումների ձևավորումը,- նշեց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը։-Մեր հարևան Վրաստանը անչափահասների արդարադատության վերաբերյալ առանձին իրավական ակտեր ունի: Մենք, իհարկե, այդ ճանապարհով դեռևս չենք նախատեսում գնալ, բայց մեր ունեցած իրավական  ակտերում,  առնվազն, կփորձենք համապատասխան լուծումներ նախատեսել: Օրինակ, պրոբացիայի նոր օրենքի  նախագծում առանձին գլուխ կա անչափահասների համար պրոբացիայի ծառայության վերաբերյալ»:

Արդարադատության նախարար Արփինե Հովհանիսյանն էլ իր հերթին ընդգծեց, որ դա չի լինելու զուտ ձևական բնույթ կրող կառույց, որը միայն նիստեր պետք է հրավիրի: Նախարարի խոսքերով՝ ինքն ակնկալում է, որ ներգրավված կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանան գրանցել դրական արդյունքներ:

«Վստահ եմ, որ կկարողանանք ունենալ անչափահասների արդարադատության և շահերի պաշտպանության առավել արդիական համակարգ: Անչափ կարևոր է նաև անչափահասների հետ առնչություն ունեցող մասնագետների կամ ծառայությունների պատշաճ կրթական և վերակրթման ծրագրերի առկայությունը»,-նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Նշենք նաև, որ խորհրդի կազմում ներգրավվել են շահագրգիռ պետական և միջազգային մարմինների ներկայացուցիչներ:




Լրահոս