«Զինված հանցախմբից» կալանավորված ազատամարտիկի մտերիմները կարծում էին՝ նա Ռուսաստանում է, իսկ «վնասազերծման» օրը Սեյրան Օհանյանը նրան պարգևատրել է. հետաքրքիր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 25-ին Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկից ԱԱԾ և ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից «վնասազերծված զինված խմբի» կալանավորված անդամների թիվը հասել է 48-ի: Օրերս հայտնի դարձավ, որ կալանավորվածների թվում է այդ կարգավիճակում հայտնված հերթական ազատամարտիկը՝ 45-ամյա Աղասի Մարտիրոսյանը:

Նշենք, որ վերջինս ծառայել է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետախուզական վաշտում: Գնդի հրամանատար Վլադիմիր Առաքելյանն ArmLur.am-ի զրույցում նախ զարմացավ, որ Ա. Մարտիրոսյանը կալանավորված է, քանի որ իրենք մինչ այժմ գիտեին, թե նա Ռուսաստանի Դաշնությունում է, ապա հավելեց. «Չենք հասկանում՝ էս ի՞նչ սև խաղ են խաղում, ո՞վ է խաղում և ինչո՞ւ: Ինչո՞ւ պետք է այս ամենի մեջ ներքաշվեն ազատամարտիկները: Այն մարդիկ, ովքեր երկրի պաշտպանության ու ազատության համար իրենց կյանքն են վտանգի տակ դրել: Հիմա ամեն պահի էլ նոր անուններ կբացահայտվեն, ու չենք էլ հասկանում, թե ինչու են անունները գաղտնի պահում, եթե ամեն օր ջրի երես են դուրս գալիս»:

Ազատամարտիկի խոսքով՝ կալանավորների թվում հայտնվել են մարդիկ, ովքեր իրապես կռվել և պատերազմ են տեսել, իսկ սա անընդունելի և աններելի է. «Թող համոզված լինեն, որ ազատամարտիկները չեն լռելու: Մի հատ էնպիսի «բունտ» ենք բարձրացնելու, որ երբեք չմոռանան: Չեն կարող ազատամարտիկի անուն շոշափել ու անպատիժ մնալ: Ազատաարտիկներն իրենց ձեռքերը ծալած չեն նստելու. բոլորն են ոտքի կանգնելու»,- շարունակեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, Վլադիմիր Առաքելյանը նկատեց՝ զինված հանցախումբ արտահայտությունը պետք է այս դեպքում արգելել կիրառել, քանի որ ոչինչ ապացուցված չէ, իսկ պաշտոնական հայտարարություններին հանրությունը չի հավատում. «Ժողովուրդն այսօր ավելի տեղեկացված ու իրատես է, քան նրանք, ովքեր ներսում նստած են: Ու մենք հստակ տեղեկություններ ունենք, որ սա կազմակերպված շոու է եղել, իսկ թե ով է դրա հեղինակը, պարզ չէ»:

Իսկ Աղասի Մարտիորսյանի պաշտպան Լիանա Բալյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունել առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ: Ազատամարտիկը, փաստաբանի փոխանցմամբ, հենց «վնասազերծման» օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից շքանշանով է պարգևատրվել:

Նշենք, որ Աղասի Մարտիրոսյանը երկու անչափահաս երեխա ունի: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 223 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ (աանցավոր համագործակցություն ստեղծելը և դրան մասնակցել) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով` (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):




Լրահոս