Դեկտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Փանոս Կամենոսին։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրները կապված են բազմաթիվ պատմական և մշակութային կապերով և Հայաստանը կարևորում է ավանդական բարեկամ երկրի՝ Հունաստանի հետ հարաբերությունների առավել խորացումն ու ընդլայնումը։
Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը ընդգծեց, որ իր երկիրը բարձր է գնահատում փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-հունական միջպետական փոխհարաբերությունները, հավելելով, որ Հունաստանը հետաքրքրված է ՀՀ հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ և ամրապնդմամբ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն հայտնեց հայ-հունական ռազմական ընդլայնվող համագործակցության կապակցությամբ։
Նախարար Նալբանդյանը Փանոս Կամենոսին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը, ադրբեջանական կողմի շարունակական սադրանքների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրների, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարի շուրջ։