Հարուցվել է ևս 5 քրեական գործ՝ Արաբկիր վարչական շրջանի տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն կատարված քվեարկության դեպքերի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am -ը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում է, որ 2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ստացված ահազանգերի հիման վրա նյութերի նախապատրաստման արդյունքում հարուցվել է ևս 5 քրեական գործ՝ տարբեր ընտրատեղամասերում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։

Այսպես՝
– 06.12.2015թ.-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբից ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություն է ստացվել, որ տեղամասում անհայտ անձը քվեարկել է այլ անձի փոխարեն: Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելու ահազանգում մատնանշված հանգամանքը, պարզել այն անձին, ում փոխարեն մեկ ուրիշը կատարել է քվեարկություն։ Նյութերի նախապատրաստության ընթացքում քաղաքացի Գայանե Գյուլնազարյանը բացատրություն և հաղորդում է տվել այն մասին, որ 2015թ.-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու համար գնացել է թիվ 4/26 ընտրատեղամաս, որտեղ պարզել է, որ իր փոխարեն մեկ ուրիշը մասնակցել է քվեարկությանը։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Կատարվում է նախաքննություն:

– 06.12.2015 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբից ոստիկանության Արաբկիրի բաժին տեղեկություն է ստացվել այն մասին, որ 5/21 ընտրատեղամասում անհայտ անձը քվեարկել է այլ անձի փոխարեն: Ահազանգի հիման վրա Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ժամանակ նշված ընտրատարածքի ընտրող Արտաշես Թարխանյանը բացատրություն է տվել այն մասին, որ 2015 թվականի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու համար գնացել է թիվ 5/21 ընտրատեղամաս, որտեղ պարզել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն:

Նույն ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն կատարված քվեարկության մասին ահազանգերի ստուգման արդյունքում պարզվել է ևս երկու դրվագ. քաղաքացիներ Ալբերտ Սիմոնյանը և Վահագն Դանիելյանը բացատրություններ են տվել, ապա նաև գրավոր հաղորդում ներկայացրել, որ հանրաքվեին մասնակցելու համար այցելել են թիվ 5/21 ընտրատեղամաս, որտեղ պարզել են, որ իրենց փոխարեն արդեն կատարվել է քվեարկություն։
Ա.Սիմոնյանի և Վ.Դանիելյանի փոխարեն թիվ 5/21 տեղամասում քվեարկություն կատարելու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր։
– 07.12.2015 թվականին ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» ծառայություն է զանգահարել քաղաքացի Վիկտորիա Ավակովան և հայտնել, որ թիվ 5/30 ընտրատարածքի քվեարկողների հաշվառման ցուցակում իր անվան դիմաց ստորագրել է մեկ ուրիշը։ Արաբկիրի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում Վիկտորիա Ավակովան հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու համար գնացել է թիվ 5/30 ընտրատեղամաս, որտեղ տեսել է, որ քվեարկողների ցուցակում մեկ ուրիշն ստորագրել է իր անվան դիմաց։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն:
Այսպիսով՝ քրեական գործեր են հարուցվել՝ թիվ 4/26 , 5/21 և 5/30 ընտրատեղամասերում 5 տարբեր քաղաքացիների փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։




Լրահոս