ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԼՂՀ իշխանությունների նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքը չի փոխվել: ԱՄՆ-ն հարգում է Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: «Կարեւոր է գիտակցել, որ կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, ինչը նաեւ ներառում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը,-հայտարարել է Ուորլիքը՝ նշելով նաեւ, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,- այնուամենայնիվ, կարեւոր է լսել Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչներին, ինչպես եւ արել են համանախագահները»:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է ԼՂՀ-ն վերաբերում մշտադիտարկմանը ու Ուորլիքի այդ հայտարարությանը:
-Պարո՛ն Բաբայան, վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակ է: Հակառակորդը եւս հայտարարում է զոհերի մասին ու շարունակում է ծանր հրետանուց կրակել: Ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում իր ագրեսիվ քաղաքականությունը, նշվում էր, որ 2 երկրների նախագահների հանդիպման նախաշեմին գոնե այդ լարվածությունը թուլանալու է, մինչդեռ այն ավելի է բորբոքվում, ո՞րն է պատճառը:
-Այդ խախտումները փաստորեն հանդիսանում են Ադրբեջանի ապրելակերպի, աշխարհայացքի «լավագույն» դրսեւորումներից մեկը, որովհետեւ նման պահվածք կարող է ցուցաբերել միայն ահաբեկչական, ֆաշիստական պետությունը: Դրա համար են ամեն օր նման խախտումներ արձանագրվում, քանի Ադրբեջանը իր պետական գաղափարախոսությունը կառուցում է ֆաշիզմի եւ ահաբեկչության վրա, դա կշարունավկի նաեւ ապագայում: Միաժամանակ ադրբեջանական իշխանություններն իրենց նման պահվածքով լուծում են մի քանի հարց: Տեսեք, ըստ երեւույթին, Ադրբեջանում խորը զարգացումներ են ընթանում, իշխող կլանը տարեցտարի ավելի դժվար է պահպանում իր իշխանությունը, դրա համար մենք տեսնում ենք, թե ինչպիսի գործընթացներ են այն կառույցներում, որոնք պետք է պաշտպանեն կլանին՝ ազգային անվտանգության ծառայություն, բանակ, ներքին գործերի նախարարություն, արտգործնախարարություն: Այնտեղ ընթանում են 1937թ զտումներ, այսինքն՝ կլանը իր իսկ թեւում, իր թիմակիցների մոտ դժվարանում է պաշտպանել սեփական շահերը: Իսկ այս իրավիճակում շատ լավ թիրախ է դառնում արտաքին թշնամին` ի դեմս Արցախի եւ Հայաստանի: Սա հնարավորություն է տալիս կլանին մի շարք հարցեր լուծել միանգամից՝ շեղում է բնակչության ուշադրությունը, կարողանում է ճնշել իր քաղաքականությանը դեմ գնացող բոլոր ուժերին՝ թե՛ կառավարական, թե՛ ընդդիմախոսներին, որովհետեւ շատ լավ պատրվակ է՝՝ հայերը, Արցախը իբրեւ թե վտանգ են ներկայացնում: Ցանկացած այլակարծություն, ցանկացած արտահայտում, որը կլանի դեմ է ուղղված, ընդունվում է որպես պետության դեմ հանցագործություն եւ ճնշվում է: Իհարկե, սա նաեւ ազգային փոքրամասնությունների դեմ է ուղղված: Այն զենքերի մեծ քանակը, որը գնում է Ադրբեջանը, դա նաեւ կարող է օգտագործվել իր իսկ սեփական ժողովրդի հանդեպ: Նրանք սարսափած են նաեւ, որ կարող է լինել ադրբեջանական գարուն, ու արդեն իսկ պատրաստվում են՝ սեւացնելով արտաքին թշնամու կերպարը, որպեսզի շատ ավելի հեշտ լինի ճնշել ընդդիմությունն ու այլակարծությունը ներսում:
-ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մշտադիտարկում իրականացրեց հայ֊ ադրբեջանական սահմանին, գուցե սա՞ նպաստի, որպեսզի ինչ-որ չափով ադրբեջանական ագրեսիան «կոտրվի»: Մշտապես նման դիտարկումներ լինում են, սակայն կարծես դա որեւէ արդյունք չի ունենում, այս անգամ ի՞նչ ակնկալիք ունեք:
-Ակնկալվում է, բայց դժբախտաբար ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի խոչընդոտի առաքելության աշխատանքները: Ու այն, որ Ադրբեջանը խախտում է զինադադարի ռեժիմը, սա փաստորեն նաեւ մարտահրավեր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ԵԱՀԿ-ին, մարդու իրավունքներին, միջազգային իրավունքին, որովհետեւ նրանք բոլորը կոչ են անում պաշտպանել խաղաղությունն ու կայունությունը, բայց Ադրբեջանը դա շարունակում է անել նույն ձեւով, նույն տոնայնությամբ: Նման ապակառուցողական քայլերով փորձում է կորզել ինչ-որ դիվիդենտներ միջազգային հանրությունից, որպեսզի միջազգային հանրությունը ալիեւյան կլանի մեջ տեսնի մի ուժ, որը անփոխարինելի է նաեւ խաղաղության եւ կայունության պահպանման տեսանկյունից:
-Ադրբեջանն այս օրերին կարծես թե դիվիդենտներ է շահում հունվարին կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանի համար, քանի որ ԵԽԽՎ-ի օրակարգում այժմ ընդգրկված է 2 հակահայկական զեկույց:
-Իմ կարծիքով այստեղ ուրիշ խնդիր կա, ԵԽԽՎ-ն փոխանակ ընդունի, որ իր ներսում ընթանում է շատ վտանգավոր գործընթաց, որ Ադրբեջանը գնում է ԵԽԽՎ պատգամավորներին, փոխանակ ինչ-որ քայլեր ձեռնարկի ներսում, արատավոր երեւույթների դեմ պայքարելու համար, պաշտպանության լավագույն ձեւը դիտարկում է հարձակումը: ԵԽԽՎ-ում դժբախտաբար ոչ ժողովրդավայել երեւույթներ ենք տեսնում:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ