Ում էր վատություն արել Շանթի Յուրան. գործարարի տուն ներխուժման նպատակը գողությո՞ւնը չէր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեկտեմբերի 15-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երեւանի Բաշինջաղյան 65 տանը, որը պատկանում է գործարար, «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանին: Սակայն ավազակային հարձակումը բավականին հարցականներ է առաջացրել իրավապահների շրջանում, որոնք փորձում են գտնել գործարարի եւ ավազակային հարձակում իրականացնողի կապը:

Նկատենք, որ այս ավազակային հարձակումը մի շարք հարցականներ է առաջացրել ոչ միայն հասարակության, այլեւ իրավապահների շրջանում: Դատելով մինչ այս տեղի ունեցած դեպքերից՝ ավազակային հարձակում իրականացնողները սովորաբար բնակարաններ կամ առանձնատներ են մուտք գործում երեկոյան ժամերին: Սակայն այս դեպքում Գեւորգ Սարգսյանը գործարարի տուն էր մտել ժամը 14:00-ի սահմաններում, ինչը կասկածի տեղիք է տալիս: Միգուցե Գեւորգ Սարգսյանի նպատակը գործարարին թալանելը չի՞ եղել, այլ նա ուրի՞շ հարց է ունեցել Վարշամ (Յուրա) Ղարիբյանի հետ: Իսկ ով է Գեւորգ Սարգսյանը եւ ինչ կապ կարող էր ունենալ գործարարի հետ:

 Հայտնի փեսայի առեղծվածը

Ըստ «Ժողովուրդ»-ին հասած լուրերի` Գեւորգ Սարգսյանը ապրում է Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի, կամ առավել հայտնի` Չերեմուշկայի տարածքում: Նա քրեական աշխարհում հայտնի Գեչի Սամոյի փեսան է: Ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Գեւորգ Սարգսյանի հարեւանների, ինչպես նաեւ նրան ծանոթ տղաների համար կատարվածը շատ զարմանալի է: Մեզ հետ զրույցում նրան ծանոթ տղաները նորմալ անձնավորություն բնութագրեցին. «Մարգարյան 29 հասցեում գտնվող «Պեգաս» բենզալցակայանը պատկանում է նրան, սակայն խնդիրներ ուներ, հարկայինի հետ էր, թե բանկերի, չգիտենք, բայց այդ բենզալցակայանը կա՛մ վաճառեց, կա՛մ ձեռքից վերցրեցին: Բայց այնպես չէ, որ նրանք վատ պայմաններում են ապրում, հացի խնդիր ունեն, որ գնար այդ քայլին, մենք էլ ենք շատ զարմացած»:

Այսպիսով, ի՞նչը կարող էր նրան դրդել գնալ այդ քայլին, հուսանք, որ իրավապահները կպարզեն կարեւորագույն հարցի պատասխանը:

Սակայն մեկ ուշագրավ հանգամանք էլ կա: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ շատ տարիներ առաջ Գեւորգ Սարգսյանի աները՝ հանցավոր աշխարհում հայտնի Գեչի Սամոն, աչք է ունեցել «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի վրա, որը նախկինում եղել է հացի արտադրամաս: Ըստ լուրերի՝ «Էլիտ Շանթ» հացի արտադրամասի տնօրեն Աշոտ Մանուկյանը լուրջ «ռազբորկաների» մեջ է եղել նրա հետ: Բանը հասել է նրան, որ Աշոտ Մանուկյանը սպանել է Գեչի Սամոյին: Ավելի ուշ վենդետա է տեղի ունեցել, եւ  Գեչի Սամոյի որդին հենց հիվանդանոցում սպանել է Աշոտ Մանուկյանին:

Նկատենք, որ «Էլիտ Շանթը» ներկայումս հրուշակեղենի արտադրությամբ է զբաղվում, որի սեփականատերը Յուրա Ղարիբյանն է, իսկ «Էլիտ Շանթ» ՍՊԸ-ի տնօրենն էլ Վալերի Սարիկյանն է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Վալերի Սարիկյանի եղբայրն էլ ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության պետ Էդուարդ Սարիկյանն է: Միգուցե Գեւորգ Սարգսյանն իր բենզալցակայանի կորցնելու մեջ մտքում մեղադրել է ՖՆ հարկային ծառայությա՞նը: Իրավապահները չեն բացառում, որ Գեւորգ Սաֆարյանին կարող է դրդած լինել վարչության պետի ու գործարարի կապը, ինչի համար նա կարող էր փորձել այդ կերպ վրեժխնդիր լինել: Համենայնդեպս, այս օրերին իրավապահները փորձում են բոլոր վարկածները քննելով՝ գտնել սպանված Գեւորգ Սարգսյանի եւ գործարար Յուրա Ղարիբյանի միջեւ եղած կապը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս