Քննարկման մեջ չմտնելու մարտավարությունն անգործությունն արդարացնելու չստացված քայլ էր. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Եվս մի քանի օր, եւ Հայաստանում քաղաքական տարին կավարտվի՝ ավարտելով նաեւ այն շրջափուլը, որի գագաթնակետը դարձավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Անկախ նրանից, ինչպես այն անցավ, դա արդեն իրողություն է, եւ ակնհայտ է, որ չի ունենալու հետընտրական զարգացումներ, եթե անգամ ՀԱԿ-ին հաջողվի մինչեւ վաղը 27 պատգամավորական ստորագրություն հավաքել ու դիմել Սահմանադրական դատարան:

Զարգացումներ չի ունենալու նաեւ Ազատության հրապարակում իներցիայով հանրահավաքներ անող «Նոր Հայաստանի» շարժումը, որը մարդկանց մարզերից Երեւան բերելու, Երեւան գալու մոտիվացիա հաղորդելու փոխարեն՝ ինքն է գնում մարզեր: Իսկ հունվարից մեկնարկող քաղաքական կյանքում օրակարգի համար առաջին հարցը լինելու է նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որով էլ պայմանավորվելու են խորհրդարանական կառավարման կարգում Ազգային ժողովի ձեւավորման սկզբունքներն ու մեխանիզմները: Այն, ինչն իշխանությունը չի կարողացել «անցկացնել» Սահմանադրության նախագծում, փորձելու է անել Ընտրական օրենսգրքի միջոցով: Որքանով կհաջողվի՝ կախված է դիմադրությունից:

Սահմանադրական հանրաքվեին նախորդող ընթացքը ցույց տվեց, որ դիմադրության այն ռազմավարությունը, որն ընտրել էր ընդդիմությունը, մեղմ ասած, չարդարացրեց իրեն:

Սահմանադրական փոփոխությունների շուրջ բովանդակային քննարկման մեջ չմտնելու մարտավարությունն իրականում անգործությունն արդարացնելու չստացված քայլ էր, որովհետեւ սահմանադրական հանրաքվեն կայանալու էր՝ անկախ նրանից՝ ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը» կմտնեի՞ն քննարկումների մեջ, թե՞ ոչ:

Նույնը, գուցե ավելի ընդգծված կերպով, վերաբերելու է նաեւ Ընտրական օրենսգրքին: Այն, այսպես թե այնպես, ընդունվելու է, եւ եթե ընդդիմությունը կրկին ընտրի «բովանդակության բոյկոտի» տարբերակը, ընդունվելու է ամբողջությամբ իշխանության կամքին ու քիմքին համապատասխան օրենսգիրք: Եվ հակառակը՝ ընդդիմությունը կարող է «դիմադրություն» կազմակերպել՝ ներկայացնելով առաջարկներ, իսկ որ ավելի լավ է՝ Ընտրական օրենսգրքի այնպիսի այլընտրանքային տարբերակ, որը կբացառի բոլոր այն վտանգները, որոնց մասին բարձրաձայնվում է ամիսներ շարունակ:

Սակայն, հաշվի առնելով այն, որ գոնե մինչեւ այս պահն ընդդիմությունը շարունակում է ի սկզբանե պարտության տանող մարտավարությունը, քիչ հավանական է, որ նույնը չի կրկնվելու նաեւ Ընտրական օրենսգրքի դեպքում: Այնպես որ, որքան շատ է ընդդիմությունը գոռում փողոցում, այնքան ավելի շատ է նպաստում իշխանությանը՝ անելու այն ամենայնը, ինչ անհրաժեշտ է վերարտադրության համար:

Կկարողանա՞ն առաջիկա մեկ ամսվա ընթացքում ընդդիմադիրները փոխել որեւէ տեղ չտանող պայքարի մարտավարությունը եւ «փրկել» գոնե Ընտրական օրենսգիրքը, շատ դժվար է ասել: Դա պահանջում է ոչ միայն՝ հանրահավաքային ելույթներ ու կարգախոսներ, այլեւ՝ տքնաջան աշխատանք, որից մեր ընդդիմադիրները հեռացել են այնքան, որքան իշխանությունները»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս