Երեկ 1000-ից ավելի գյուղացիներ Երեւան-Գյումրի ավտոճանապարհը Ուջան գյուղի հատվածում փակել էին՝ այդպիսով հանձնելով իրենց վրդովմունքը: Բանն այն է, որ մի քանի պարսիկներ Արագածոտնի մարզում հէկ-եր են սարքել, ինչի պատճառով արդեն տեւական ժամանակ է՝ գյուղացիները զրկված են խմելու եւ ոռոգման ջրից: Նրանց խողովակներից որդեր են թափվել: Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ: -Պարո՛ն Սահակյան, տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում: -Իհարկե տեղյակ եմ: -Նո՞ր եք իմացել, թե՞ վաղուց գիտեիք այդ մասին: -Չէ՛, այսօր (երեկ-Ք.Մ.) առավոտյան եմ իմացել: -Իսկ ինչպե՞ս կբացատրեք գյուղացիների պահվածքը. ինչո՞ւ նրանք Ձեզ չեն դիմել եւ որոշել են այսպիսի աղմուկ բարձրացնել: -Չգիտեմ, ինձ չեն դիմել: -Չե՞ն վստահում: -Դե ասում եմ՝ նոր եմ իմացել, ամեն ինչ լուծվել է: Թե չէ՝ չի կարելի, ի՞նչ է նշանակում՝ չեն վստահել (զայրանում է-Ք.Մ.): -Ինչո՞ւ եք զայրանում, նույնիսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն է այս խնդրին անդրադարձել: Պաշտպանի՝ բնապահպանության հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը հայտարարել է, որ հէկ-երի կառուցման վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ լիարժեք հաշվի չի առնվել հասարակության կարծիքը, եւ արդյունքում գյուղացին զրկվել է ջրից, ապրուստի միջոցից: Այս մասի՞ն էլ եք առաջին անգամ լսում: -Ուրիշների ասածը ես չեմ մեկնաբանում, թե ինչ են ասում կամ ինչ են խոսում: Հարցը բարձրացվել է, լուծումը ստացվել է: -Իսկ պարսիկներն ի՞նչ կերպ են ձեռք բերել այդ հէկ-երը: -Գիտեմ, որ կառուցել են 4-5 տարի առաջ: -Փաստորեն, գյուղացիները 4-5 տարի այս խնդրի առաջ են կանգնած եղել, եւ այդ մասին Դուք նո՞ր եք իմանում: -Լավ չեմ բացատրո՞ւմ. խնդիրը բարձրացվել է, հարցը կարգավորվել է: -Ինչպե՞ս համաձայնության եկաք պարսիկների հետ: -Ի՞նչ համաձայնության մասին է խոսքը, ինձ համար կարեւորը գյուղացին է, եւ ջուրն արդեն ուղարկել ենք գյուղ: