Գլխավոր դիրիժորի հաստիքի վերացման առաջարկն արել է Օպերայի գեղարվեստական ղեկավարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ օրեր առաջ Մշակույթի նախարարությունում որոշում է կայացվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը վերացնելու մասին: Այսպիսով, Հայաստանը, մեծ հաշվով, գլխավոր դիրիժոր չունի, իսկ այս հանգամանքը ամբողջ աշխարհում չլսված-չտեսնված երևույթ է:

Կատարվածի շուրջ մանրամասներ մենք փորձել էինք ստանալ Մշակույթի նախարարությունից: Սակայն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեղեկատվության կապերի պատասխանատու Վահագն Զաքարյանը լուսավորեց, որ գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի առաջարկով է տեղի ունեցել նշված փոփոխությունը. սա «ներքին կանոնադրության փոփոխություն է». «Այսինքն՝ գլխավոր դիրիժոր այլևս չի լինի: Մենք հիմա ունենք երեք դիրիժոր: Իսկ Կարեն Դուրգարյանին առաջարկվել է շարունակել աշխատել թատրոնում»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է հետագայում հաստիքը վերականգնվի տրվեց բացասական պատասխան: Ինչ վերաբերում է հայտնի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյին, ով մեր տեղեկություններով պետք է գործի անցներ Օպերայում, Վահագն Զաքարյանը փոխանցեց, որ նա հրավիրյալի կարգավիճակում է:

Այդուհանդերձ, փորձեցինք հասկանալ՝ ինչ մասնակցություն է ունեցել Մշակույթի նախարարությունը վերոնշյալ որոշման գործում, սակայն հստակ պատասխան այդպես էլ չստացանք:

Եվ զարմանալի չէ, որ Հայաստանի մշակութային կյանքում թշվառ վիճակ է տիրում: Իսկ թե ինչպիսի զարգացումներ դեռ կլինեն այս «աթոռակռվի» արդյունքում, ցույց կտա ժամանակը:

Տաթև Հարությունյան




Լրահոս