Հայ ազգային կոնգրեսը 10 ամսվա դադարից հետո երեկ Ազատության հրապարակում անցկացրեց իր հանրահավաքը: Նկատենք, որ սա ՀԱԿ-ի՝ որպես կուսակցության, առաջին հանրահավաքն էր: Ու պատահական չէ, որ ելույթ ունեցողները հենց ՀԱԿ կուսակցության անդամներն էին՝ Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ ցուցակի թեկնածուները: Ելույթների հիմնական բովանդակությունը վերաբերում էր մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին:
ՀԱԿ վարչության անդամներից Վլադիմիր Կարապետյանն այս առնչությամբ հայտարարեց, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում եկել է այն եզրակացության, որ ՀՀԿ-ն ու իր թեկնածուն Երեւանում չունեն քվե: «Հանրապետականը չունի գաղափարական ձայն, չունի համախոհների բանակ, չունի երդվյալ կողմնակիցներ: Նրանց «ընտրողը» կախման մեջ գտնվողներն են, նեմեցները, լֆիկներն ու տուրբոներն են»,-ասաց նա՝ հայտարարելով, թե փոփոխություն ցանկացողները պետք է քվեարկեն հենց ՀԱԿ-ի օգտին: ՀԱԿ վարչության անդամ, կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանի խոսքով՝ հասարակության մեջ ռեժիմի նկատմամբ մեծ ատելություն կա: «Հիմա իշխանություններին մնում է գործի դնել կեղծման մեխանիզմները, որովհետեւ սա է իրենց միակ փրկությունը: Մարդկանց ձայները գողանալը, գնելը: Ուրիշ ճանապարհ նրանք չունեն,-նշեց նա՝ հավելելով,-իշխանությունից հեռացվելուց հետո հանրապետականից Հ տառն էլ չի մնալու մի պարզ պատճառով: Էնտեղ հավաքված մարդկանց հետաքրքրում է մեկ բան` իշխանություն, որ վերածվում է փողի: Իրենք էնտեղ կլինեին, եթե Հանրապետականի անունը լիներ նացիոնալ-սոցիալիստական, կոմունիստական, Մուսավաթ, ինչ կուզեք»:
ՀԱԿ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Զոյա Թադեւոսյանն էլ ահազանգեց, որ իշխանությունները ցուցակներ են կազմում՝ առաջիկայում ընտրակաշառք բաժանելու համար. «Ես դեմ եմ ընտրակաշառք վերցնելուն, բայց եթե, ինչ-որ հանգամանքից ելնելով, որոշեք այդ կաշառքը վերցնել, վերցրե՛ք, հալալ լինի ձեզ, բայց ձայն չտաք իշխանությանը: Նրանք չեն կարող վերահսկել ձեր ձայները, ոչ մի վերահսկողության մեխանիզմ չունեն, չեն կարող նկարել, չկան նկարող գրիչներ: Մի՛ վախեցեք, ամեն ինչ կարելի է անել այս իշխանություններից ազատագրվելու համար»:
Ելույթ ունեցավ նաեւ ՀԱԿ ցուցակը գլխավորող, քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը: Նա հիշեցրեց, որ ՀՀՇ իշխանության տարիներին ինքը անկուսակցական էր եւ քաղաքապետ է ընտրվել ընդդիմադիր ուժերի միավորմամբ: Ըստ Խաչատրյանի՝ նույն հնարավորությունը կա նաեւ այսօր: Վ. Խաչատրյանը խոսեց քաղաքապետ դառնալու դեպքում իր ծրագրերի մասին. «Մեկ անգամ եւս անդրադառնալով այս ընտրությունների կարեւորությանը՝ հիշեցնեմ, որ, ազատագրելով Երեւանն իշխող ռեժիմից, մենք կքանդենք նրա քաղաքական մենաշնորհը, էապես կթուլացնենք նրա դիրքերը: Հաղթելով Երեւանում՝ մենք ճանապարհ կբացենք Հայաստանի ամբողջ իշխանությունը կարճ ժամկետում իր տիրոջը` ժողովրդին վերադարձնելու համար: Մեր հաղթանակը կջախջախի ընտրակեղծիքների մեքենան, Երեւանի վարչական ռեսուրսն այլեւս չի օգտագործվի որեւէ ուժի քաղաքական նպատակների սպասարկման համար: Մեկ անգամ նման արդյունքը տեսնելով՝ մարդկանց մեջ կվերականգնվի սեփական ձայնի վճռորոշ լինելու հավատը եւ իշխանության կրող ու լիարժեք քաղաքացի լինելու զգացումը։ Սա իսկապես հերթական հնարավորությունն է երկրում իրավիճակ փոխելու համար, եւ մենք չենք կարող, իրավունք չունենք չօգտվել դրանից»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարեց, թե Հայաստանում քրիստոնեական բարեպաշտության եւ գթասրտության դասեր են տալիս հենց այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ զբաղվել են կեղծիքով ու բռնությամբ: «Ժամանակն է վերջ տալ այս ամենին եւ փրկել երկիրը սրբապղծությունից: Ամեն ազգի մեջ լինում են պահեր, երբ ժողովուրդը հնարավորություն է ստանում ուղղակի ընտրությունների միջոցով վերականգնել իր իշխանությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե մայիսի 5-ին ժողովուրդը քվեարկի հօգուտ Կոնգրեսի, կունենանք ավազակապետությունից ազատագրված մայրաքաղաք: «Պետք է հստակ գիտակցենք. մայիսի 5-ից հետո՝ 4 տարի շարունակ, Հայաստանում որեւէ ընտրություն նախատեսված չէ, եւ եթե այս ընտրություններով մենք չհասնենք արմատական փոփոխությունների կամ գոնե չդնենք դրանց համար անհրաժեշտ հիմքերը, առաջիկա 4 տարիներին մեր երկիրը կհայտնվի քաղաքական ճահճի, արտագաղթի, պետության քայքայման գործընթացի մեջ»,-նկատեց Զուրաբյանը:
Հանրահավաքն ավարտվեց Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ ավանդական երթով: Կառավարության շենքի առջեւ երթը հանդիպեց ԲՀԿ երիտասարդներին, որոնք չմիացան ՀԱԿ-ին եւ չվանկարկեցին «Լեւո՛ն, նախագահ», «Տարո՛ն, խամաճիկ»:
ԿԱ՛Մ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԿԱ՛Մ ՃԱՀԻՃ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ