Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա «Մաքառելով կյանքի ու արժանապատվության համար. ինքնապաշտպանական մարտերը Մեծ եղեռնի տարիներին» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունն ու համանուն կատալոգի շնորհանդեսը: Միջոցառումը նվիրված է Անդրանիկ Զորավարի ծննդյան 150-ամյակին և իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում:
Տասնվեց խորագրերից բաղկացած երկլեզու (հայերեն, անգլերեն) ժամանակավոր ցուցադրությունը և համանուն կատալոգը կոչված են ընդգծելու Հայոց ցեղասպանության պատմության հերոսական դրվագները՝ բազմաթիվ տպավորիչ ինքնապաշտպանական մարտերը, ինչպես նաև` Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդն ազդարարած հաղթանակները։ Հայոց պատմության այս փառապանծ էջերը անհրաժեշտ է մշտապես շեշտադրել և միլիոնավոր անմեղ զոհերի հանդեպ ունեցած վիշտը զուգակցել ազգի տոկունության և պայքարելու վճռականության ապացույցներով։
Ցուցադրության մեջ ներկայացվելու են բազմաթիվ նորահայտ, առաջին անգամ շրջանառության մեջ դրվող լուսանկարներ, ինչպես նաև Անդրանիկ Զորավարին առնչվող բացառիկ նյութեր: