Երեկ` առավոտյան, դժբախտ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: 38-ամյա Արկադիկ Սուքիասյանը կախվել է իր մեքենայի բեռնախցիկից՝ «կուզովից»: Վարդենիսի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ Արկադիկը նման քայլի է դիմել մոտ երկու տարի առաջ ինքնասպան եղած որդու պատճառով: Ըստ Վարդենիսում շրջանառվող լուրերի` Արկադիկի որդին որսորդական հրացանով կրակել էր ինքն իրեն:
«Էդ էրեխու անունը Վարդան էր, մոտավորապես 12-13 տարեկան տղա էր: Մենք ինչքան տեղյակ ենք, Արկադիկին Վարդանի կարատեի ուսուցիչը տեղյակ ա պահել, որ իր տղան ծխում ա: Ու Արկադիկն էլ երեկոյան գնում ա տուն, տղային հարցնում ա դրա մասին ու շատ բարկանում ա էրեխու վրա, որպեսզի էլ չծխի: Ինչքանով մենք ենք տեղյակ, անգամ ծեծում ա էրեխուն, որպեսզի էլ նման բան չանի: Հիմա տենց են խոսում, թե իրականությունը որն ա, էդ մենակ Աստված գիտի»,-«Ժողովուրդ»-ին պատմեցին վարդենիսցիները:
Ըստ մեր զրուցակիցների՝ Արկադիկ Սուքիասյանի որդին՝ Վարդանը, շատ է վիրավորվում իր հորից՝ խիստ նախատինքի համար: Պատանին մտնում է իր սենյակ ու րոպեներ անց ինքնասպան լինում. «Արկադիկը որսորդական հրացան ուներ, օրինական հրացան էր, էդ հրացանով էլ էրեխեն կրակել ա իր վրա: Բայց որոշ ժամանակ հետո ասացին, որ իրականում տենց չի եղել, իրականում Վարդանը հոսանքահարվել ա: Հիմա ոչ ոք չգիտի՝ իրականությունը որն է: Վարդենիսում տենց են խոսում, տենց բաներ են ասում: Իսկ Վարդանի հարազատներն էլ ասում են, որ իրենց էրեխեն ինքնասպան չի եղել, ու Արկադիկի ծեծը ոչ մի կապ չունի նրա մահվան հետ: Ասում են, որ ինքն իր էրեխուն չի ծեծել, մենակ բարկացել ա, ու էդ էլ ոչ մի բանի չէր կարա հանգեցներ»:
Վարդենիսցիները նշեցին, որ որդու մահվանից հետո Արկադիկ Սուքիասյանը չի կարողացել հաշտվել այդ կորստի հետ եւ միշտ ընկճված է եղել. «Ճիշտ ա, ինքն աշխատում էր, էլի երկու տղա ուներ, որդու մահվանից հետո էլի էրեխա ունեցան, բայց էդ մարդը չէր հաշտվում Վարդանի մահվան հետ, դա մշտապես իրեն տանջում էր: Ու հիմա, որ կախվել ա, բոլորը մտածում են, որ դա եղել է որդու մահվան պատճառով»:
Ըստ Արկադիկ Սուքիասյանի հարեւանների` նա տարբեր գյուղերից կաթ էր մթերում իր «ԶԻԼ» ավտոմեքենայով եւ այդ օրն առավոտյան էլ գնացել է աշխատանքի իր աշխատակիցների հետ, որոնք, ի դեպ, պատանիներ են: Երբ աշխատակիցներն իջել են ավտոմեքենայից, Արկադիկն ասել է, որ ինքը կսպասի նրանց մեքնայի մեջ. «Ասում են` չի իջել, ասել է՝ դուք գնացե՛ք, էկե՛ք, էս էրեխեքն էլ գնացել են ու հետ էկել տեսել, որ Արկադիկը կախվել է իր մեքենայի կուզովից: Դե երեւի հոգեբանական շատ վատ վիճակում է եղել ու չի կարողացել շարունակել ապրել: Ուղղակի շատ վատ բան է եղել, մարդն իր երկու էրեխեքին անտեր է թողել: Բայց բան չես կարա ասես, որովհետեւ հոգեբանական ճնշվածությունը կարա տենց բանի հանգեցնի: Ասում են, որ որդու մահվանից հետո սկսել էր շատ խմել: Մի խոսքով, իսկական դաժան պատմություն»:
Փորձեցինք զրուցել նաեւ Արկադիկ Սուքիասյանի հարազատների հետ, սակայն վերջիններս կտրականապես հրաժարվեցին: Միայն նրանց հարազատներից Կամոն ասաց, թե Արկադիկն ինքնասպան է եղել սթրեսի պատճառով. «Երկու տարի առաջ իր երեխայի կորուստն է պատճառը: Երեխան հոսանքահարվել էր… դե հիմա կոնկրետ չենք կարող ասել՝ պատճառն ինչն է, այսքանը»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ գործով կատարվում է քննություն, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
ՀԱՅՐԸ ԿԱԽՎԵԼ Է ՈՐԴՈՒ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ