ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ` ԲԺՇԿՈՂ
Անդրադառնալով հարցին, թե ում էր հասցեագրված իր աղմկահարույց արտահայտությունը` «Դու պատգամավո՞ր ես, թե՞ գողական, արա՛», Վլադիմիր Գասպարյանն «Առավոտ»-ին ասել է. «Ես պաշտոնապես ինքս եմ հայտարարել, որ Մարտուն Գրիգորյանին դա չի վերաբերվում,  ուզում եք հարցնել՝ ո՞ւմ էր վերաբերվում, ես քիչ առաջ ասացի, որ ես կողմնակից եմ  բժշկելու, այլ ոչ թե վարկաբեկելու եւ հողին հավասարեցնելու: Ես կարծում եմ, որ ձեզանից ոչ մեկը չի կասկածում, թե ես ինչպես կարող էի խոսել եւ ինչ կարող էի բացատրել ցանկացած պաշտոնատար անձի եւ պատգամավորի: Եվ ես գտնում եմ, որ մեր հասարակության էս ռեակցիան էդ երեւույթին արդեն բավականին լուրջ բժշկություն էր, որ մարդիկ սթափվեն, հասկանան, որ էդպես չի կարելի մտածել, որ էդպիսի զանգեր չի կարելի անել, ամենակարեւորը, որ հասարակությունը դա լավ չի ընդունում: Ես կարծում եմ, որ մենք բավականին մարդկանց բժշկեցինք իմ ասածով եւ ձեր՝ դա վերցնելով ու քննարկման առարկա դարձնելով: Ես կարծում եմ, որ էդ մարդիկ այլեւս նման զանգեր չեն անի ու չեն մտցնի քթներն էնտեղ, որտեղ իրենք անելու բան չունեն: Թող օրենքներ մշակեն եւ լավ օրենքներ մշակեն, իսկ մենք էդ օրենքները կիրագործենք: Չեմ կարծում, որ անուններ պիտի տամ, որովհետեւ իմ նպատակը մարդկանց, տերմին ունեք, օգտագործում եք, փչացնելը չէ, այլ շտկելն ու բժշկելն է, ես կարծում եմ, որ բժշկեցինք եւս մեկ հիվանդություն»:

ՉԻ ԺԽՏԵԼ
Նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել բարձրաստիճան ոստիկանների «ռեկետի» գործով: Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն «Առավոտ»-ին ասել է. «Ոստիկանությունն ունի իր գործառույթները, ունի նյութեր, որոնք գտել է նպատակահարմար, որպեսզի փոխանցի ՀՔԾ-ին, որովհետեւ մեր սուբյեկտների՝ ոստիկանների հետ կապված տեղեկություններ կան, եւ մենք տրամադրել ենք հատուկ քննչական ծառայությանը»: Հարցին, թե Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի անվան կողքին շրջանառվում է նաեւ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունը, Գասպարյանը պատասխանել է. «Կոնկրետ նշեմ՝ պարոն Բաբակեխյանի եւ Ներսիկ Նազարյանի համար մենք երբեք նման հայտարարություն չենք արել, իսկ գործը գտնվում է հատուկ քննչական ծառայության վարույթում: Եվ ես ոչ միայն իրավասու չեմ շեղվելու մանրամասներ ասելու, այլեւ ենթադրություններ անելու: Ես, այնուամենայնիվ, ՀՀ ոստիկանապետն եմ, այլ ոչ թե քննիչ, եւ իմ վարույթում չի գտնվում: Միայն ասեմ, որ մեր երկրում ոչինչ երբեք չի լինում թաքցնել»:

ՀԱՆՑԱՎՈՐ ԿԱՊԵՐ
ՀՀ իրավապահների տրամադրության տակ են հայտնվել տարիներ առաջ ԱՄՆ-ում «օրենքով գող» Պզոյի գլխավորած հանցախմբի անդամների եւ Հայաստանի մի շարք պաշտոնյաների ֆինանսական մեքենայությունների եւ փողերի լվացումների մասին վկայող փաստեր: Ըստ «Առաջին լրատվական»-ի՝ դրանցից մեկը վերաբերվում է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդուն` Արմեն Նազարյանին, որը սերտ հարաբերությունների մեջ է եղել 2011թ. հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ձերբակալված հանցախմբի անդամներից մեկի` Պողոս Սաթամյանի հետ։ Ըստ աղբյուրի՝ Սաթամյանը ձերբակալության գիշերն ԱՄՆ-ից Կիպրոսի բանկերից մեկի միջոցով 450 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել Արմեն Նազարյանի անձնական հաշվին։ Մինչ օրս Արմեն Նազարյանը չի կարողացել ներկայացնել գումարի օրինական ծագման վերաբերյալ փաստեր:




Լրահոս