Թուրքիայի ներկայիս ղեկավարության հետ անհնար է համաձայնության գալ. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեծ մամուլի ասուլիսի ընթացքում հերթական անգամ քննադատել է թուրքական իշխանություններին Սու-24-ի կործանման համար, փոխանցում է Gazeta.ru-ն:

Նա, մասնավորապես, նշել է, որ դա «թշնամական քայլ» էր:

Պուտինի խոսքով՝ թուրքական ղեկավարությունը «ցանկացել է լիզել ամերիկացիների համապատասխան տեղը»:

«Սու-24-ի կործանումը կարող էր գաղտնի գործարք լինել Անկարայի և ԱՄՆ-ի միջև: Եվ եթե թուրքական ղեկավարությունում որև մեկը որոշել է լիզել ամերիկացիների համապատասխան տեղը, ապա չեմ կարող ասել, թե ճիշտ են արդյոք նրանք վարվել»,-ասել է Պուտինը:

«Ներկայիս թուրքական ղեկավարության հետ, ինչպես ցույց է տվել պրակտիկան, անհնար է համաձայնության գալ: Երբ մենք ասում ենք՝ այո, մենք համաձայն ենք, նրանք կողքից կամ թիկունքից հարված են հասցնում: Միջպետական մակարդակում հեռանկարներ չեմ տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար: Մենք ստիպված ենք սահմանափակող միջոցներ կիրառել տնտեսական և այլ ոլորտներում: Օրինակ, տուրիստական ոլորտում: Թուրքիայի գործողությունները մենք թշնամական ենք համարում: Կործանեցին ռազմական ինքնաթիռը, մարդիկ զոհվեցին: Զանգելու և բացատրություն տալու փոխարեն՝ նրանք վազեցին Բրյուսել: Անթալիայում մեր վերջին հանդիպման ժամանակ մենք հայտնել ենք համագործակցելու պատրաստակամության մասին: Չեմ հասկանում, թե ինչու նրանք դա արեցին: Եվ ինչի էին ձգտում հասնել: Կարծում էին, որ մենք կփախչե՞նք: Ռուսաստանն այդ երկիրը չէ: Այժմ այնտեղ հակաօդային պաշտպանական համակարգեր են տեղակայված, թող թռչեն»,-Թուրքիայի հետ ներկայիս հարաբերությունների մասին մեկ այլ հարցին պատասխանել է Պուտինը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան     




Լրահոս