ԼՐԱԳՐՈՂԻ ՀԵՏ ԽՈՍԵԼԻՍ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՇԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի. «Երեկ Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից վճիռ կայացվեց «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի հայցի վերաբերյալ, որով մերժվեց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար Խաչիկ Խաչատրյանի դեմ ներկայացված՝ ներողություն խնդրելու պահանջը»:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային, անձնական հեռախոսային խոսակցության ընթացքում. «Այս դեպքում քաղաքացին կրկին հանդիպեց մի իրավիճակի, երբ երրորդ անձի բացակայությամբ, ուղղակիորեն իրեն հասցված վիրավորանքի դեպքում, զրկվեց իրավական պաշտպանության միջոցի դիմելու հնարավորությունից: Ոչ հրապարակային վիրավորանքի համար պատասխանատվության բացակայության հարցը բարձրացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից դեռեւս 2011թ. ՀՀ Սահմանադրական դատարանում: Իսկ ՀՀ Սահմանադրական դատարանն իր հերթին որոշմամբ արձանագրել է, որ այս իրավակարգավորման բացը հաղթահարելու համար ՀՀ Ազգային ժողովն իր իրավազորության շրջանակներում առանձին քննարկման առարկա պետք է դարձնի ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կանոնակարգման խնդիրը:
Պաշտպան Կարեն Անդրեասյանն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել ոչ հրապարակային ձեւով արտահայտված վիրավորանքի դեմ պաշտպանության նախատեսմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությանը, քանի որ ո՛չ ՀՀ օրենսդրությունը եւ ո՛չ էլ դրան համապատասխան ձեւավորված իրավակիրառ պրակտիկան չեն ապահովում ոչ հրապարակային վիրավորանքից` անձի արժանապատվության եւ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության իրացման հնարավորությունը: Միեւնույն ժամանակ պաշտպանը պատրաստվում է դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհուրդ՝ լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում արված արտահայտությունների բնույթի հստակեցման նպատակով խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ տրամադրելու խնդրով»:




Լրահոս