ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ առանց վատ զգալու խոստովանել է, որ սահմանադրական հանրաքվեի քվեարկության ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ստացված 461 հաղորդումներից միայն 14-ով է քրեական գործ հարուցվել: Իհարկե, պաշտոնական հիմնավորումն այն է, որ մյուսներով դեռ շարունակում են նյութեր նախապատրաստել, բայց թվերն ինքնին խոսուն են: Այն փաստը, որ Հայաստանի իրավապահները մշտապես հովանավորել, իսկ երբեմն նաեւ աջակցել են ընտրակեղծարարներին, վաղուց հայտնի իրողություն է, սակայն այս դեպքում խնդիրը ոչ թե իրավապահների բազմահազարանոց բանակն է, որն ընտրակեղծարարների «թիկունքն է պահում», այլ կոնկրետ Գեւորգ Կոստանյանը՝ որպես ՀՀ գործող գլխավոր դատախազ: Ինչո՞ւ: Բացատրենք:
Հայաստանում արդեն մոտ երկու տասնամյակ է՝ ընտրությունները պարբերաբար կեղծվում են, ամեն անգամ դիտորդներն արձանագրում են խայտառակ կեղծիքների մասին, ու ամեն անգամ կեղծարարները դառնում են ավելի լկտի: Եւ պատճառն այն է, որ նրանք երբեք իրական պատասխանատվության չեն ենթարկվել, քանի որ ՀՀ գլխավոր դատախազը երբեք իր տեղում չի եղել: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ընտրությունների համար երկարաժամկետ կալանքի են դատապարտվել բացառապես ընդդիմադիր գործիչներ: 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ էլ Աշոտ Զաքարյանը, Պետրոս Մակեյանը եւ Շոթա Սաղաթելյանը դատապարտվեցին: Մասնավորապես Մակինյանն ու Զաքարյանը անազատության մեջ պահվել են մեկ տարի, 4 ամիս: Չկա որեւէ մեկը իշխանության իրական ընտրակեղծարարներից, որը մի քանի տարվա ազատազրկման է դատապարտվել եւ կրել իր պատիժն ամբողջությամբ:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի համար տպագրվել է 2 մլն 640 հազար քվեաթերթիկ: Քվեարկության պաշտոնական արդյունքներով, ըստ ընտրացուցակներում առկա ստորագրությունների՝ հանրաքվեի ժամանակ քվեարկել է 1 մլն 303 հազար 466 ընտրող: Այսինքն՝ 1 մլն 336 հազար 534 քվեաթերթիկ պետք է մնար չօգտագործված եւ քվեարկության ավարտվելուց հետո մարվեր՝ ոչնչացվեր: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նույն ԿԸՀ-ից ստացված տվյալներից պարզեց՝ մարվել է 1 մլն 330 հազար 954 քվեաթերթիկ: Ստացվում է, որ 5 հազար 580 քվեաթերթիկ դեկտեմբերի 6-ին «անհետացել» է: Չի բացառվում, որ դրանք հենց այն քվեաթերթիկներն են, որոնց միջոցով ՀՀ իշխանությունները քվեարկության ժամանակ «կարուսել» կոչված ընտրակեղծարարությունն են իրականացրել: Իհարկե, ԿԸՀ-ն այս փաստը թաքցնելու համար կփորձի ինչ-որ պատճառաբանություններ ներկայացնել, բայց պաշտոնական թվերն ավելի խոսուն են, քան ցանկացած բացատրությունը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն այս օրերին կրկին փորձեր է անում նշված ատյանում շրջանառվող հակահայկական փաստաթղթերը «չեզոքացնելու» ելքեր գտնել: Մեզ լուրեր հասան, որ Սերժ Սարգսյանը պատվիրակության ղեկավարությանը հանձնարարել է մինչեւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանն ամեն ինչ անել, որպեսզի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցները «չեղյալ» համարվեն: Ուստի ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն անձամբ զրուցում է պատվիրակության անդամների հետ, նրանց հետ պայմանավորվում է, թե ԵԽԽՎ պատգամավորներից ում հետ ով պետք է առանձնազրույց ունենա: ԵԽԽՎ պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանն այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ ասաց. «Անկախ հանձնարարականից կամ ոչ հանձնարարականից՝ դա եղել է մեր պատվիրակության գործելաոճը, պարզապես հիմա այդ ամենն արվում է ավելի ինտենսիվ, հիմա պետք է ավելի ինտենսիվ շփվենք»:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ սահմանապահ զորքերը գտնվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթակայության տակ: Այդ զորքերի շարքային կազմը համալրվում ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայողների թվով: Տվյալ դեպքում խոսքը սահմանային անցակետները հսկող զինվորների մասին է եւ ոչ թե դիրքերը պահողների: Իսկ հայ-ադրբեջանական դիրքերում կանգնած զինվորներն ամբողջությամբ գտնվում են ՊՆ-ի ենթակայության տակ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս հանգամանքը մշտապես ՀՀ պաշտպանության նախարարության սրտով չի եղել: Դրա համար ՀՀ ՊՆ-ն տարեցտարի ջանքեր է գործադրել, որպեսզի սահմանապահ զորքերի կազմի համալրման համար հատկացվող ժամկետային զինծառայողների թիվը կրճատվի: Այդպես էլ եղել է: Սակայն այժմ ՊՆ-ն փորձում է հասնել նրան, որ ժամկետային զինծառայողները համալրեն միայն ՊՆ ստորաբաժանումների կազմը: Թե ինչպես կավարտվի միջգերատեսչական այս հակասությունը, ժամանակը ցույց կտա:
ԹԱՄԱՇԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Սահմանադրական հանրաքվեի եւ հետընտրական թոհուբոհի մեջ կարծես թե ժամանակավորապես մոռացության մատնվեց Երեւանում վնասազերծված զինված հանցախմբի թեման: Նկատենք, որ նոյեմբերի 25-ին՝ հանցախմբի վնասազերծումից հետո, լրատվական եւ փորձագիտական դաշտը հեղեղվեց տարաբնույթ մեկնաբանություններով, որոնք, սակայն, այդպես էլ մինչ օրս մնում են օդում կախված: Վնասազերծմանը հաջորդած 2 օրերին տրված պաշտոնական պարզաբանումներից հետո տեւական ժամանակ է, ինչ ԱԱԾ-ն եւ պատկան այլ կառույցներն այս հարցի վերաբերյալ հանրությանը որեւէ նոր տեղեկատվություն չեն ներկայացնում: Մինչդեռ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 2-ի իր հայտնի հեռուստահարցազրույցի ընթացքում, անդրադառնալով այս հարցի շուրջ շրջանառվող տարատեսակ խոսակցություններին, վրդովվել էր` ասելով. «Այդ ո՞ր երկրում եք տեսել այդպիսի թափանցիկ գործողություններ կատարեն ու չհամբերեն մի շաբաթ, 2 շաբաթ, 3 շաբաթ, որպեսզի քննությունն ամբողջականացնի, ներկայացնի հանրությանը կամ ուղարկի դատարան: Լավ, գոնե չեն համբերում տասը օր, տասնհինգ օր …»: Նկատենք, որ հանցախմբի վնասազերծումից արդեն իսկ անցել է ոչ մեկ, ոչ էլ երկու շաբաթ, այլ ամբողջ 17 օր, եւ համապատասխան կառույցները թերեւս արդեն կարող էին որոշակի տեղեկատվություն ներկայացնել հանրությանը` գոնե ցրելու համար այն կասկածները, որ այս հանցախմբի վնասազերծման ողջ օպերացիան ինչ-ինչ նպատակներով իրականացված նախընտրական բեմականացում էր:
Իհարկե, այս օրերի ընթացքում շրջանառվող նմանատիպ վարկածներից մեկը կարծես թե չհաստատվեց. խոսքը այդ հանցախմբի եւ Ազատության հրապարակում քաղաքացիական անհնազանդության պայքար իրականացնող ուժերի միջեւ առկա կապի մասին է, որը մատնանշելով` կանխատեսվում էին լուրջ ռեպրեսիաներ դեկտեմբերի 1-ից մեկնարկող այս գործընթացի առիթով:
Այնուամենայնիվ, նման բացարձակ տեղեկատվական վակուումը շարունակում է տեղիք տալ տարատեսակ խոսակցություններին, եւ եթե Սերժ Սարգսանը իրապես ցանկանում է, որ հանրությունը շնորհակալություն հայտնի իրավապահներին` «այդ աղետը կանխելու համար», կարծում ենք՝ արդեն ժամանակն է, որ հանրությանը այդ «աղետի» վերաբերյալ որոշակի տեղեկատվություն ներկայացվի: Ի վերջո, որեւէ երկրում նման աղմկահարույց վնասազերծմանը, այն էլ` պետական կառույցների դեմ պատրաստվող հարձակումների մասին պաշտոնապես հայտարարված տեղեկատվության դեպքում, կարճ ժամանակ անց հետեւում են կոնկրետ գործողություններ, որոնց մասին հանրությունը անմիջապես իրազեկվում է: Հիշենք թեկուզ Փարիզում ամիսներ առաջ Շառլի Էբդոի խմբագրության վրա կատարված հարձակմանը հաջորդած դեպքերը: Իսկ եթե մեր փառապանծ ԱԱԾ-ն համարում է, որ այս գործն այնքան լուրջ է, որ առայժմ չի կարելի դրա մասին որեւէ տեղեկատվություն հրապարակել, ապա ճիշտ կաներ առհասարակ ողջ վնասազերծումն իրականացներ առանց այդ ամբողջ «թամաշայի»: