ՔԱՆԴՈՒՄ ԵՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարեկամավանը Տավուշի մարզի ամենահեռավոր սահմանամերձ գյուղն է: 1970-ականների կեսին Բարեկամավանի միջն. դպրոցն ուներ 330 աշակերտ, հիմա գյուղի ողջ բնակչությունն է այդքան, իսկ դպրոցում սովորում է 35 աշակերտ: Դպրոցը՝ որպես սահմանամերձ կրթօջախ, ֆինանսավորման առումով արտոնություններից չի օգտվում: Տանիքը վնասված է ադրբեջանական հրետակոծությունից, անձրեւները ներս են լցվում, շենքը նաեւ ջրահեռացման, հոսանքի գծերի հետ կապված խնդիրներ ունի: 1998թ. դպրոցի շենքը նորոգվել է, սակայն աշխատանքները թերի եւ անորակ են: Բարեկամավանցիները «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնեցին, որ արդեն մի քանի օր է՝ քանդում են գյուղի մշակույթի տունը եւ որպես շինանյութ տրամադրում: Փորձեցինք Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանից պարզել, թե ինչու են քանդում մշակույթի տունը: Գյուղապետը հայտնեց, որ հրետակոծված շենքը պիտանի չէ շահագործման, ինչի վերաբերյալ կա շինարարական կազմակերպության փորձաքննական եզրակացությունը: Ըստ գյուղապետի՝ քանդելու վերաբերյալ կա նաեւ ավագանու որոշում, իսկ քանդվող շենքի շինանյութը տրամադրվում է Բարեկամավանի մի բնակչի: Վերջինս գյուղի խմելու ջրագիծն է սպասարկում, եւ համայնքը նրան պարտք է շուրջ 300 հազար դրամ՝ որպես աշխատավարձ: Գ. Աբազյանը համառորեն փորձում էր մեզնից պարզել, թե ով է բողոքել մշակույթի տան քանդման մասին: Նշենք, որ նախկինում այս գյուղում երկու կանգուն տուն քանդվել է եւ որպես շինանյութ վաճառվել: Բարեկամավանում քիչ երիտասարդներ են մնացել, իսկ առանց մշակութային օջախի երիտասարդությունը էլ ավելի հակված է լինելու արտագաղթի: Գուցե հրետակոծված մշակույթի տունը չէր կարող որպես մշակութային օջախ ծառայել, բայց չէ՞ որ նորը սարքելու մասին էլ խոսք անգամ չկա:




Լրահոս