ՄԱՐԶԵՐԻ ԱՅՈ-ՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանությունները սովորականի պես շարունակում են ձեւացնել, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նորմալ է անցել, եւ արտառոց ոչինչ չի եղել, սակայն նույնիսկ պաշտոնական թվերը բոլորովին այլ բանի մասին են վկայում: Հայաստանի ընտրողների ցուցակի ուռճացված լինելու փաստն ավելի քան մեկուկես տասնամյակի պատմություն ունի:

Սակայն մի կողմ թողնենք ոչ պաշտոնական հաշվարկները եւ փորձենք խնդրին մոտենալ` հիմքում ունենալով միայն պաշտոնական տվյալները: Ըստ այդմ, 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի մշտական բնակչությունը նշված թվականի հոկտեմբերի դրությամբ կազմել է 2 միլիոն 871 հազար մարդ: Վերջին չորս տարիներին Հայաստանից արտագաղթել է տարեկան միջինը 40 հազար մարդ, մահացությունների թիվը տարեկան կազմել են մոտ 27 հազար մարդ: Այսինքն՝ ամենամեծ ցանկության դեպքում Հայաստանի ընտրողների թիվը չէր կարող ավելին լինել, քան մարդահամարի թվերով բերված տվյալներն են: Հետեւաբար, եթե մարդահամարի ընդհանուր թվից հանենք 2011 թվականի տվյալներում մինչեւ 14 տարեկան երեխաների թիվը, ապա կստանանք ընտրող բնակչության պաշտոնական թիվը: Հանրապետության կտրվածքով այդ թիվը կազմում է 2 մլն 317 հազար: Կրկնում ենք՝ սա այն թիվն է, որն իր մեջ ներառում է նաեւ վերջին չորս տարիներին Հայաստանից արտագաղթած ավելի քան 200 հազար քաղաքացիներին եւ մոտ 100 հազար մահացածներին:
Բայց որպեսզի իրավիճակն առավել հասկանալի լինի, Գեղարքունիքի մարզի առավել մեծ թվով բնակչություն ունեցող համայնքների օրինակով ցույց տանք ընտրական տարիքի բնակչության պաշտոնական թվի եւ նույն բնակավայրերի ընտրացուցակների թվի տարբերությունը: Աղուսյակում առաջին սյունակում նշված է, թե ըստ պաշտոնական տվյալների՝ տվյալ համայնքն ընտրական տարիքի քանի բնակիչ ունի, ընտրական ցուցակներում ընտրողների թիվը որքան է, եւ սահմանադրական հանրաքվեի արդյունքներով այդ համայնքներում քվեարկության մասնակցությունը որքան է եղել:
Գեղարքունիքն այն մարզերից է, որտեղ իշխանությունները, կարելի է ասել, «թիվ են խփել»: Ընդհանուր մասնակցությունը մարզում պաշտոնապես արձանագրված թվերի համաձայն՝ եղել է 99 հազար 226, որից 76 հազարը կամ 77 տոկոսը գրվել է այո-ի օգտին, իսկ 20,5 հազարը կամ 21 տոկոսը` ոչ-ի:
Ի դեպ, վերը բերված բնակավայրերը պատահական չենք արձանագրել, դրանցում իշխանությունները շռնդալից «հաջողության» են հասել: Այդ համայնքների տեղամասերի գերակշռող մեծամասնությունն իշխանությունները փաստացի որքան ցանկացել, այնքան էլ այո են գրել: Այս համայնքներն առանձնանում են նաեւ նրանով, որ դրանցում ընդդիմության կողմից վերահսկողությունը կա՛մ ընդհանրապես չի եղել, կա՛մ էլ շատ թույլ է եղել, ինչը գործնականում որեւէ արդյունք չի տվել:
Հաջորդիվ կներկայացնենք մյուս մարզերում առկա իրավիճակը եւ գրանցված այո-ների «գաղտնիքը»:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԱԺ-ՈՒՄ ՓՈՂ ՉՈՒՆԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խորհրդարանում ֆինանսական ճգնաժամն այնքան է իրեն զգացնել տալիս, որ որոշել է գործուղում մեկնող պատգամավորների թիվը մի քանի անգամ կրճատել, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում գործուղել ընդամենը մեկ պատգամավորի: Ինչպես երեւում է՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի «տեղավորվում» այն գումարի մեջ, որը մնացել է ԱԺ-ի այս տարվա բյուջեում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից պարզել վերը բերված լուրերի իսկությունը: «Ազգային ժողովում բոլոր գործուղումները կատարվում են դրա անհրաժեշտությամբ պայմանավորված: Այսինքն՝ եթե անհրաժեշտ է գործուղման մեկնել մեկ պատգամավոր, ապա մեկնում է մեկը: Եթե անհրաժեշտ է գործուղման մեկնել մի քանի պատգամավոր, ապա հենց այդպես էլ արվում է: Երբեք չեն լինում չարդարացված ավելին կամ պակաս գործուղվածներ»,- ասաց Ա. Բաբայանը:

 

ԳՈՐԾԱՐՔ ԿԱՌԱՋԱՐԿԵՆ
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշի տներից մեկում ձերբակալված հանցավոր խմբի անդամներից մի քանիսին իրավապահները գործարք են առաջարկել՝ ցուցմունք` ազատության դիմաց: Այսինքն՝ եթե խմբի անդամներից ոմանք համաձայնեն ցուցմունք տալ, պատմել իրենց եւ մյուսների դերակատարության, խմբի ղեկավարների, ֆինանսավորողների մասին, ապա հնարավոր է՝ նրանց խափանման միջոցը փոխվի, իսկ հետագայում էլ պայմանական պատժի արժանանան` նախաքննության օժանդակելու «հիմնավորմամբ»: Ըստ մեր աղբյուրի` ձերբակալության պահին Նորք-Մարաշի տանը գտնվողներից շատերը չեն էլ իմացել, թե երբ, որտեղ, ինչպես եւ, առհասարակ, ում դեմ են դուրս գալու: Ամեն դեպքում, խմբի անդամներին քննիչները հասկացրել են, որ ազատության մեջ հայտնվելու համար արժեքավոր տեղեկություններ պետք է հայտնեն:

 

ՇԱԲՈՅԱՆԸ ԱՐՏԱԳԱՂԹՈ՞ՒՄ Է
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն իր ընտանիքի հետ առաջիկայում Հայաստանից մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Երեկ Արտակ Շաբոյանն իր ընտանիքի անդամների հետ այցելել է ԱՄՆ դեսպանատուն` այդ երկիր մուտք գործելու վիզա ստանալու նպատակով: «Ժողովուրդ»-ը փորձեց ՏՄՊՊ հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանից պարզել, թե ինչու է Արտակ Շաբոյանն ընտանյոք հանդերձ դիմել դեսպանատուն, արդյո՞ք նա պատրաստվում է արտագաղթել: Շաբոյանի մամուլի քարտուղարն ասաց, որ ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահն ԱՄՆ է մեկնելու «անձնական այցով»: Գայանե Սահակյանը, սակայն, չկարողացավ ասել, թե կոնկրետ երբ է նա պատրաստվում մեկնել ԱՄՆ:

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՆՈՐ ՎԱՐԻ
Դեկտեմբերի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, KFW բանկի էներգետիկ ոլորտի ղեկավար Յան Բլումը եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Անանյանը ստորագրել են 83 մլն եվրո արժողությամբ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի 2-րդ փուլի վարկային եւ ծրագրային համաձայնագիրը: Այն բխում է 2014թ.-ի համար «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ ստորագրված ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրից: Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ: Տրամադրվելիք միջոցներն օգտագործվելու են Դդմաշենում ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի եւ բաշխիչ էլեկտրացանցերի վերականգնման ու վերակառուցման, սարքավորումների եւ մեքենաների շահագործման, ինչպես նաեւ՝ ծրագրի նախապատրաստման եւ իրականացման ընթացքում մատուցվող խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորման նպատակով:

 

ՀԱՍԱՎ ՍՅՈՒՆԻՔԻՆ
Սերժ Սարգսյանը երեկ Սյունիքի մարզպետի եւ մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի 2014թ. եւ 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների եւ զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Ես մի քանի շաբաթ առաջ եմ եղել Սյունիքում եւ անձամբ ծանոթացել իրականացված աշխատանքներին, մասնավորապես Կապանում եւ զգացել եմ այն դրական ազդեցությունը, որ այդ աշխատանքներն ունեցել են ինչպես, ընդհանուր առմամբ, քաղաքային միջավայր ձեւավորելու, այնպես էլ մարզի արդյունաբերության, տնտեսության զարգացման առումով»,- ասել է նա:

 

ԱՆՎԵՐԱԴԱՐՁ
ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը այո/ոչ-ով այլեւս չի զբաղվում եւ քաղաքական էջն իր համար փակել է: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին` այս մասին հայտարարել է Ծառուկյանը՝ հավելելով, որ ինքն արդեն հայտնել է քաղաքականությունից հեռանալու մասին եւ իր խոսքը պահում է:

 

ՕԵԿ-Ը ՊԱՏՐԱՍՏ ԷՐ
ՕԵԿ-ը պատրաստ է պայքարել ընտրությունների կեղծումների դեմ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը` որպես ապացույց ներկայացնելով այն փաստը, որ իրենք դեռեւս 6 ամիս առաջ խոսել էին ID քարտերով քվեարկության ժամանակ հնարավոր խախտումների մասին: «Մենք դեռ 6 ամիս առաջ խոսում էինք, որ դա կարող է լինել կրկնաընտրության հիմք, եւ փորձը ցույց տվեց, որ ID քարտերն իսկապես կիրառվեցին հանրաքվեի ընթացքում: Մենք դեմ չենք, որ քվեարկեն, բայց վերահսկող ոչ մի մեխանիզմ չընդունվեց»,-նշել է նա:

 

ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐ
Երեկ Հայ ազգային կոնգրեսը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու դիմում է ներայացրել ԿԸՀ: «Այս ընտրական մարմինների հետ հույսեր կապելը միգուցե ֆանտաստիկայի ժանրից է, բայց եթե անգամ կա 0.1 տոկոսի հնարավորություն, մենք պարտավոր ենք այդ 0.1 տոկոսի հնարավորությունը օգտագործել: Եվ հետո՝ ո՞վ գիտի, կարող է մեր 0.1-ն էլ մի օր դառնա 100 տոկոս»,- ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը: Երեկ նույնպիսի դիմում է ներկայացրել նաեւ Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` նշելով, որ բողոքը բերել է ոչ թե «Ժառանգության» անունից, այլ իրեն դիմած մի քանի դիտորդական կազմակերպությունների։

 

ԴԻՄԵԼ ԵՆ
Երեկ ավարտվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի փաստաթղթերի ընդունման ժամկետը: Մցույթին մասնակցելու նպատակով դիմել են Անուշավան Զաքարյանը, Ավթանդիլ Գրիգորյանը, Անահիտ Արշակյանը, Արմեն Ամիրյանը, Գոհար Գասպարյանը, Սուսաննա Հովհաննիսյանը, Վարդան Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ այդ մրցույթին մասնակցելու նպատակով Արմեն Ամիրյանը օրերս հրաժարական տվեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնից:




Լրահոս