ԱՄՆ-Ի ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՆՈՒՅՆՆ Է, ԻՆՉ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ամերիկյան դեսպանությունը հայտարարություն է տարածել` կոչ անելով իշխանություններին համոզել հայ հասարակությանը, որ հանրաքվեն լեգիտիմ է, եւ պատժել կեղծարարներին: ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել համագործակցել իշխանության հետ` Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման նպատակով: Հետաքրքիր է, որ ԱՄՆ դիվանագիտական արխիվի ներքոնշյալ երկու փաստաթղթերը վերաբերում են 2005թ. հանրաքվեի առթիվ ԱՄՆ-ի նույնաբովանդակ հայտարարությանը: Զեկուցագրերը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը: Նա քննարկում է 2005թ. հանրաքվեից հետո դիտորդների գնահատականները, դրանց արժանահավատությունն ու հանրաքվեի արդյունքների հանդեպ ԱՄՆ կառավարության դիրքորոշման արձագանքները Հայաստանում:

Այսպես, Էվանսը անդրադառնալով քվեարկության ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող ամենամեծաթիվ կազմակերպության` «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի գնահատականներին՝ տեղեկացնում է, որ տեղի են ունեցել մեծաթիվ ու ծանրակշիռ խախտումներ, որոնք «արդյունքների վրա ունեցել են լուրջ ազդեցություն»: Սույն ՀԿ-ի ղեկավար Հարություն Համբարձումյանը խախտումների շարքում հիշատակել էր լցոնումներ, բաց քվեարկություն, դիտորդների ահաբեկում: Թեեւ «Ընտրությունը քոնն է» կազմակերպությունը չի կարողացել հստակ թիվ նշել, սակայն առանձին դրվագներն ու ապացույցները հուշում են, որ առնվազն 10 ընտրատեղամասերում իշխանությունները 300-400 տոկոս ավել թիվ են գրել: Ի դեպ, այս ՀԿ-ն ԱՄՆ դեսպանությանը հանձնել է 12 էջանոց հակիրճ տեղեկություններ իր հայտնաբերած լրջագույն խախտումների մասին: Դեսպանն արձանագրում է սույն ՀԿ-ի քննադատական վերաբերմունքը ԵԽ դիտորդների իշխանահաճո զեկույցի առթիվ` պատճառաբանելով, որ դիտորդների քանակը եղել է խիստ սահմանափակ, ինչը չի կարող օբյեկտիվ գնահատականի հնարավորություն տալ:
Դիվանագետը արտահայտում է իր հիասթափությունը, որ հեռուստաընկերությունները արհամարհել են «Ընտրությունը քոնն է» ՀԿ-ի հրավիրած ասուլիսը: Էվանսը հատկապես բացասական է գնահատել «Արմենիա» Հ/Ը-ի բացակայությունը, որի ղեկավարները ամերիկացիների հետ զրույցներում խոստացել էին ապահովել հավասարակշռված լրատվություն: Դեսպանը այս դիտորդական առաքելությունը համարում է կարեւոր, իսկ հրապարակած տվյալները` հավաստի, քանզի այն կարողացել է ապահովել մեծաքանակ դիտորդներ եւ ընտրությունները մոնիթորինգի ենթարկելու լուրջ փորձ ունի: Այս տվյալները դիվանագետը համարում է իր ունեցած ամենալավ աղբյուրը` որպես «առաջին ձեռքի» տեղեկատվություն քվեարկության օրվա մասին:
ԱՄՆ դեսպանի հաջորդ զեկուցագիրը պատմում է հասարակության մեջ հանրաքվեի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի արձագանքի մասին: Դիվանագետը հայտնում է, որ ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել հանրաքվեի արդյունքների վերաբերյալ համապատասխան հայտարարությամբ, որը կազմված է եղել ԱՄՆ Պետդեպարտամենտի ուղղորդումների հիման վրա: Հայկական մամուլի վերաբերմունքը այդ հայտարարության նկատմամբ դեսպանը միանշանակ չի համարում: Ըստ նրա` որոշ լրատվամիջոցներ այն համարել են հանրաքվեի լեգիտիմությունը կասկածի տակ դնող, մի մասը՝ հավասարակշռված, իսկ երրորդներն էլ` իշխանամետ:
Առաջինը հիշատակվում է «Ազատություն» Ռ/Կ-ի արձագանքը, ըստ որի` ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը զգալիորեն նման է եվրոպական դիտորդների կարծիքին: Այս կերպ լուրջ կասկածներ են արտահայտված տեղի ունեցած հանրաքվեի կապակցությամբ: Դեսպանը այստեղ մեջբերում է իրենց հայտարարությունը, որով կոչ էր արվում ՀՀ իշխանություններին պատժել ընտրախախտումներ թույլ տված անձանց: Իսկ, ահա, «Ազգ» օրաթերթի եւ «Մեդիամաքս» գործակալության հրապարակումներին անդրադառնալով` դեսպանը նկատում է, որ դրանք հայտարարության մեջ տեսել են աջակցություն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Դեսպանը շեշտում է այդ ԶԼՄ-ների կողմից մեջբերված հատվածը, որով ԱՄՆ-ն ճանաչում է հանրաքվեի արդյունքում ներմուծվող որակական փոփոխությունները` որպես ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում ուժեղացնելու պոտենցիալ ունեցող: Հիշատակելով «Հայկական ժամանակի» կարծիքը` Էվանսը փոխանցում է, որ թերթը հավասարակշռված է համարել իրենց արձագանքը, թեեւ շեշտել է, որ արեւմտյան երկրներն օբյեկտիվ պատճառներով հակվել են Քոչարյանի հետ գործակցության կողմը: Իսկ, ահա, իշխանական «Հայոց աշխարհի» արձագանքի կապակցությամբ դեսպանն ընդգծում է, որ թերթը հղում է արել ՀՀ կառավարության մամլո խոսնակին` ընդգծելով, որ ընտրությունների համար պատասխանատուն ոչ թե կառավարությունն է, այլ ԿԸՀ-ն, ուստի ԱՄՆ հայտարարությունը պետք է ուղղված լիներ հենց վերջինիս: Դեսպանը հստակ իր անհամաձայնությունն է հայտնում այդ դիտարկմանը` պնդելով, որ ԿԸՀ-ի աշխատակիցները պետական պաշտոնյաներ են ու իրենց աշխատավարձը ստանում են պետական բյուջեից:
Համեմատելով 2005 եւ 2015թթ. սահմանադրական հանրաքվեների նկատմամբ ամերիկյան կողմի վերաբերմունքը եւ դրա շուրջ հայաստանյան արձագանքը` կարող ենք փաստել, որ այս հարցում որեւէ տարբերություն չկա: Այս անգամ էլ ԱՄՆ կառավարությունը հստակորեն ճանաչեց սահմանադրական փոփոխությունների փաստը` միաժամանակ նկատելով, թե խախտումներ, այդուհանդերձ, տեղի են ունեցել: Կրկին հույս էր հայտնվում, որ ընտրական օրենսգրքի բարելավումից հետո 2017-18թթ. ընտրություններն առավել ազատ ու արդար կանցկացվեն: Նույնաբովանդակ մի հայտարարություն էլ հրապարակվել էր 2005թ.-ին, սակայն ամերիկյան հույսերը 2008թ-ի ազատ ընտրությունների մասին, կարծում ենք, ի չիք եղան: Ի դեպ, այսօր էլ ԱՄՆ հայտարարությունը տարբեր կերպ է մեկնաբանվում, ինչպես նախկինում: Փաստ է, որ 2005թ. հետո ԱՄՆ-ն ջերմեռանդորեն սատարել է ՀՀ իշխանություններին, այդ թվում եւ 2007-2008թթ. ընտրական գործընթացներում: Ցավոք, ներկայումս եւս ԱՄՆ-ն, գերի դարձած իր ժողովրդավարության կրկնակի ստանդարտներին, նույն մոտեցումն է որդեգրում:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 
ԳՅՈՒՄՐԻՆ ԱՄԵՆԱՓՈՇՈՏ ՔԱՂԱՔՆ Է

Այս տարվա հոկտեմբերին Գյումրի քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերին Գյումրի քաղաքում ընդհանուր փոշու պարունակությունը 1.9 անգամ գերազանցել է մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ): Բացի այս՝ Գյումրիում ծծմբի երկօքսիդի պարունակությունը 1.2 անգամ է գերազանցել ՍԹԿ-ն:

Նույն պատկերն է նաեւ Վանաձորում: Այստեղ նույնպես ծծմբի երկօքսիդը 1.2 անգամ գերազանցել է ՍԹԿ-ն: Իսկ, ահա, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ծծմբի երկօքսիդը 2.3 անգամ է գերազանցել ՍԹԿ-ն: Ըստ մասնագետների՝ սրա պատճառը արտանետումների մեծ ծավալն է: Նշենք, որ ծծմբի երկօքսիդը հանդիսանում է թթվային գազ, եւ խոնավ եղանակին դրա ազդեցությունն ավելի ուժեղ է եւ վտանգավոր: Այն ջրի գոլորշիներին խառնվելով՝ թթուներ է առաջացնում եւ թթվային անձրեւների տեսքով վնասում է ե՛ւ մարդկանց առողջությանը, ե՛ւ բուսական, կենդանական աշխարհին:
Իսկ, ահա, Երեւանում, ըստ ԱՎԾ-ի՝ փոշու, ծծմբի եւ ազոտի երկօքսիդների պարունակությունը նորմայի սահմաններում է գտնվում: Ինչը զարմանալի է ու տարօրինակ: Քանի որ բնապահպանները տարիներ շարունակ պնդում են, որ գերհագեցած տրանսպորտի պատճառով աղտոտվում են բնությունն ու շրջակա միջավայրը: Նրանց խոսքերով՝ Երեւանի բնական օդափոխությունը եւ կանաչ տարածքները պակասել են, քաղաքի բնական օդափոխությունը պակասել է:
Ըստ մասնագետների՝ Երեւանում մեքենաները շատ են, բացի այս՝ կանգառներն իրար մոտ են ու շատ, եւ ամեն անգամ կանգնելիս եւ արագություն հավաքելիս չայրված ածխաջրերի մնացորդներ, ռադիկալներ են անջատվում, եւ այդ կերպ օդն աղտոտվում է: Մինչդեռ աշխարհի զարգացած եւ քաղաքակիրթ երկրներում ուղեւորափոխադրումները հիմնականում կատարվում են էլեկտրատրանսպորտի միջոցով, որն էկոլոգիապես մաքուր է, չունի արտանետում եւ չի աղտոտում բնությունն ու շրջակա միջավայրը: Իսկ մայրաքաղաք Երեւանում ամեն ինչ հակառակն է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԻՆՔՆԱԿԱՄ ԼՔԵԼ Է
Երեւան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Սերգեյ Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի հետախուզական վաշտի հրամանատար, երեք օրից ավել, բայց ոչ մեկ ամսից ավել տեւողությամբ, 2015 թվականի հոկտեմբերի 4-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը առանց հարգելի պատճառների ժամանակին չի ներկայացել ծառայության: Ս. Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 4-րդ մասով (Երեք օրից ավել, բայց ոչ մեկ ամսից ավել տեւողությամբ, ինչպես նաեւ երեք եւ ավել անգամ մեկ ժամից ավել տեւողությամբ զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը դեկտեմբերի 18-ին կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում: Ի՞նչ է ստացվում: Երբ սահմանապահ զինվորն է առանց հսկողության թողնում մարտական հենակետը, դա Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համար սպառնալիք է ստեղծում: Երբ Ադրբեջանի հետ սահմանը հսկող զորամասի հետախուզական վաշտի հրամանատարն ավելի քան 10 օր ծառայության չի ներկայանում, մեկնաբանություններն ավելորդ են դառնում:

 

ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՑՈՐԵՆ ՑԱՆԵԼ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչները «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ այս տարի գյուղում շատ քիչ աշնանացան է կատարվել: Գյուղացիները չեն ուզում ֆինանսական ծախսեր կատարել, վար ու ցան անել, որովհետեւ վստահություն չկա, որ հաջորդ տարվա ամռանը կկարողանան հնձել սահմանագոտում գտնվող արտերը: Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանից տեղեկացանք, որ այս տարվա հուլիսին ադրբեջանական գնդակոծության հետեւանքով Կոթիում առանց հնձելու է մնացել 27.5 հեկտար ցորենի արտ: ՀՀ պետական բյուջեից փոխհատուցվել է ադրբեջանական գնդակոծության եւ հրետակոծության հետեւանքով Կոթիի բնակիչների կրած նյութական վնասը: Սակայն չհնձված 27.5 հա արտի դիմաց գյուղացիներին դեռեւս փոխհատուցման գումարներ չեն վճարվել: Այդ պատճառով էլ կոթեցիները, որոնք սոցիալապես վատ վիճակում են գտնվում, չեն ցանկացել աշնանացան կատարել եւ հաջորդ տարի ձեռնունայն մնալ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

ՆՈՐ ԶՈՀ
Դեկտեմբերի 11-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1994թ. ծնված Վարդան Արթուրի Վարդանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:




Լրահոս