«ՔԱՐԵՐԻ ՍԻՄՖՈՆԻԱ»-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՈՉՆՉԱՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն քանի տարի է` տարբեր բնապահպաններ, հասարակական ակտիվիստներ եւ պարզապես սրտացավ մարդիկ ահազանգում են Գառնու «Քարերի սիմֆոնիա»-ի նկատմամբ իրականացվող վանդալիզմի մասին, սակայն դա որեւէ կերպ չի անհանգստացնում պետական մարմիններին: Բազմիցս նշվել է, օրինակ, որ այդ եզակի բնական հուշարձանի ոչնչացման գործում իր մասնակցությունն ունի նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը:
Դեռ ամիսներ առաջ բնապահպան ակտիվիստները նկատել էին, որ մի քանի երիտասարդներ քանդում են «Քարերի սիմֆոնիա»-ն` հետագայում քարերը որպես շինանյութ օգտագործելու համար: Կատարվածի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, եւ շուտով պարզ դարձավ, որ երիտասարդները քար էին ջարդում պարզապես իրենց բարեկամի համար գերեզմանաքար կառուցելու նպատակով:
Բայց այն, որ անտերությունը շարունակվում է, այս անգամ վկայում է «168 ժամ»-ը: Ինչպես ներկայացված է կայքում, ապրիլի 28-ին Գառնու եւ Խոսրովի արգելոցի այցելուներից մեկը նկատել է, որ «Քարերի սիմֆոնիա»-ի քանդման աշխատանքները շարունակվում են, եւ լուսանկարում էլ հստակ երեւում է, որ քարերը ջարդված են: Դժվար է պատկերացնել մեկ այլ երկիր, որը քարերի` նման բնական հուշարձան ունենա եւ այդպիսի բարբարոսական վերաբերմունք ցուցաբերի դրա նկատմամբ:
Հուշարձանի հետ կապված մեկ այլ խայտառակ երեւույթի է բոլորովին վերջերս ականատես եղել հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանը, ինչի մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: Եվ այսպես, հաղորդավարն ընտանիքով գնացել է Գառնի՝ «Քարերի սիմֆոնիա»-ն տեսնելու, բայց… պարզվել է, որ «հուշարձանի տարածքում ինքնակամ տերուտնօրինություն ստանձնած ոմն «անհատ ձեռներեց» 1000 դրամ է պահանջել  հուշարձանը դիտելու համար: Երբ իրենք էլ այդ «անհատ ձեռներեցից» են պահանջել համապատասխան փաստաթուղթ, նա հայտարարել է, որ հարկ է վճարում գանձված գումարից եւ գրպանից հանել է պատճենահանված թղթի կտորներ` առանց կնիքի: Իսկ թղթի վրա առկա է եղել միայն այդ անձի ստորագրությունը: Բայց երբ տեսել է ֆոտոխցիկը, վախեցած ասել է. «Ախպե՛ր, բռնե՞լ եք տալիս»: Ապա դեռ մի բան էլ կշտամբել. «Պարսիկները ձեզանից ջոմարդ են»:
Ա՛յ սա արդեն անտերության վերջն է. մեկը քարերն է ոչնչացնում, մյուսը` ապօրինի գումար հավաքում… Ոմանք էլ այդ անտերության մթնոլորտի, ոչինչ չանելու համար աշխատավարձ են ստանում ու շարունակում զբաղեցնել տաքուկ պաշտոնները: Ամեն դեպքում կփորձենք ներկայացնել պատասխանատուների խոսքն այս առնչությամբ:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս