ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Աբովյան փողոցում
Փաստորեն բոլորիս հայտնի ծաղկավաճառ Կարաբալան արդեն ծաղիկների փոխարեն լիմոն է վաճառում: Ստացվում է այնպես, որ այսօր Հայաստանում «սոցիալական խնդիր» ունեն նաեւ հուշարձանները:
Լուսանկարը՝ Նարեկ Սարգսյանի
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ անհատ ձեռնարկատերն ի՞նչ դրույքաչափով է կատարում նպատակային սոցիալական վճարները:
Ստելլա Ավագյան (42 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Անհատ ձեռնարկատեր հանդիսացող եւ ընդհանուր հարկման դաշտում գտնվող մասնակիցը, որի բազային եկամուտը տարեկան կտրվածքով չի գերազանցում 6,000,000 դրամը, պարտավոր է տարեկան կատարել նպատակային սոցիալական վճար իր բազային եկամտի 5%-ի չափով, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած 5%-ը մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից: Եթե մասնակցի` տարեկան կտրվածքով բազային եկամուտը գերազանցում է 6,000,000 դրամը, ապա այդ մասնակցի օգտին պետական բյուջեից տարեկան վճարի չափը կազմում է 3,000,000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու նպատակով մնացած գումարը վճարվում է մասնակցի կողմից:
Անհատ ձեռնարկատերը պարտավոր է ամսական կատարել նպատակային սոցիալական վճար 5000 դրամի չափով, եթե հանդիսանում է՝
«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող, կամ
«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված գործունեություն իրականացնող, կամ
«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեություն իրականացնող:
Սահմանված գումարը համարվում է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված նպատակային սոցիալական վճարի գծով վերջնական պարտավորություն, իսկ ամսական 5000 դրամի չափով մասնակցի համար վճարվում է պետական բյուջեից: Գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում նրանք չեն կատարում նպատակային սոցիալական վճարներ: Այս դեպքում այս մասնակիցների համար պետական բյուջեից նույնպես հատկացումներ չեն կատարվի:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ նպատակային սոցիալական վճարը պետական բյուջեի եկամուտ է: Նպատակային կատարող անձի համար (օգտին) օրենքով սահմանված կանոնների համաձայն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայեր ձեռք բերելու նպատակով կատարվում է կուտակային հատկացում:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ո՞ր դեպքերում է պետք դիմել համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքի նոր հասցե ստանալու համար:
Սամսոն Կարապետյան (59 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Կարապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի, այլ տեսակի անշարժ գույքի պետական գրանցման համար պետք է ներկայացվի նաեւ անշարժ գույքի հասցե տրամադրելու մասին համապատասխան ղեկավարի որոշումը, եթե՝
անշարժ գույքի նկատմամբ իրավահաստատող փաստաթղթերում նշված չէ գրանցման ներկայացվող անշարժ գույքի հասցեն կամ նշված հասցեն չի պարունակում «ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտի (այսինքն՝ փողոցի, հրապարակի, պողոտայի եւ այլն) անվանում» կամ «անշարժ գույքի հերթական համար» վավերապայմանները.
ներկայացվում է անշարժ գույքի միավորների բաժանման կամ միավորման պետական գրանցման դիմում:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պետական գրանցման համակարգի հիմնական փաստաթղթերը հետեւյալն են՝
ա) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանը
բ) կադաստրային քարտեզը (հատակագիծը).
գ) անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմված կադաստրային գործը: