ԵՐԲ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ «ԲՈՍՏԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի եւ ՀՀ ԱԺ իշխանական թեւի, իսկ ավելի կոնկրետ՝ նախագահության հակամարտությունն այդպես էլ չի հանգուցալուծվում: Արդյունքում ԱԺ նախագահությունը գնալով ավելի ու ավելի ծիծաղելի վիճակում է հայտնվում: Փոստանջյանն, ինչպես անցած շաբաթվա քառօրյայում, այնպես էլ երեկ մեկնարկած արտահերթ նիստում, մշտապես հերթագրվում է ելույթի համար: Սակայն իր ելույթում ոչ թե քննարկվող հարցին է անդրադառնում, այլ խոսում է հանրաքվեի կեղծման ու այն մասին, թե որքան կործանարար կլինի Հայաստանի համար ներկա իշխանությունների հետագա պաշտոնավարումը: ԱԺ նիստ վարողը, այն է՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, կամ էլ նրա տեղակալներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը անջատում են խոսափողը՝ նիստին օնլայն հետեւողներին թույլ չտալով Փոստանջյանի ելույթը լսել:
Ուշագրավ է, որ ԱԺ նախագահությունը պատգամավորի խոսափողն անջատում է ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի հիման վրա, ըստ որի՝ նախագահողն իրավունք ունի անջատել կարգազանց պատգամավորի խոսափողը: Սակայն ողջ խնդիրն այն է, որ նույն 45-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է, թե ինչ ասել է կարգազանց պատգամավոր, այն է. «Կարգազանց են համարվում այն պատգամավորները կամ ԱԺ նիստում ներկա անձինք, ովքեր նիստի ընթացքում աղմկում են, վիրավորական արտահայտություններ են անում, չեն կատարում ԱԺ նիստը վարողի` սույն օրենքից բխող պահանջները եւ կատարում են սույն օրենքով սահմանված կարգը խախտող այլ գործողություններ»: Այսինքն՝ օրակարգային հարցից դուրս ելույթն ինքնին չի կարող համարվել կարգազանցություն: Բայց, դե, ով գիտի, միգուցե Սերժ Սարգսյանի անունը լսելիս ԱԺ նախագահության մոտ ինչ-որ այլ զգացողություննե՞ր են առաջանում: Ամեն դեպքում տհաճ է` ամեն օր երկրի թիվ մեկ ամբիոնի խոսափողի անջատել-միացնելու հարց քննարկելը:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում արդեն սկսել են քննարկել, թե Սահմանադրության փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո ինչպես պետք է կիսեն պաշտոնները, եւ որ ամենակարեւորն է՝ 17 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ով ինչ ակնկալիքներ կարող է ունենալ: ՀՀԿ-ում այս քննարկումների հիմնական պատճառը Սերժ Սարգսյանի այն հայտարարությունն է, ըստ որի՝ նա ծրագրում է դառնալ վարչապետ: Այս հանգամանքը հատկապես մտահոգել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմակիցներին: Ուստի բոլորը փորձում են իրենց համար պարզել, թե 2017-ի ԱԺ ընտրություններից հետո իրենք ինչ կարգավիճակ են ունենալու: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Մենք մեր ներսում իրականացնում ենք նախագահի ծրագրերը, պետք չէ մեր կուսակցության ներսում սեւ կատուներ փնտրել, սեւ կատուներ չկան, սեւ կատուներ այն մարդկանց ուսերին են, ովքեր ուզում են ՀՀԿ-ում ինչ-որ մութ բաներ փնտրել»:

 

 

 
Այսպես կոչված հանցավոր խմբի քրեական գործը, որի մասին հանրությունը տեղեկացավ անցած ամսի 25-ին՝ Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում տասն անձանց ձերբակալելուց հետո, շարունակվում է «ընդլայնվել»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանցախմբի քրգործով կալանավորվածների թիվը հասել է 48-ի: Ավելին՝ պարզվում է՝ այս երկու շաբաթների ընթացքում բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ առնչություն են ունեցել խմբի անդամների հետ, անպայման հայտնաբերվում եւ ձերբակալվում են: Բացահայտված խումբը, որն ըստ ամենայնի, ծրագրել էր Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնել, ըստ լուրերի՝ մի քանի հարյուր համախոհներ է ունեցել: Սակայն իրավապահներն առայժմ, այսպես կոչված, «ակտիվ» մասով են զբաղված: ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչներն այս օրերին խմբի անդամների շփումների շրջանակներն են պարզում եւ մեկիկ-մեկիկ ձերբակալում նրանց: Իսկ խոստացված հայտարարությունը, թե շուտով բոլորս ամեն ինչ կիմանանք, դեռ չի արվում:

 

 

 
ՀՀ ԿԸՀ-ն կիրակի օրը հրավիրված արտահերթ նիստում հաստատեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքները: Այո-ի եւ ոչ-ի օգտին գրված քվեները էական փոփոխություն չեն կրել՝ 825 հազ այո, ոչ-ը՝ 421 հազ: Միակ նշանակալի փոփոխությունն այն է, որ մարված քվեաթերթիկների թիվն ավելացվել է միանգամից յոթ հազարով: «Ժողովուրդ»-ը շաբաթ օրը գրել էր, որ տպագրված, օգտագործված եւ մարված քվեաթերթիկների թվերի համադրման արդյունքում մոտ 6 հազար քվեաթերթիկ պակասում է, ինչը ընտրությունների կեղծված լինելու, իսկ մասնավորապես՝ «կարուսել» կոչվող ընտրակեղծիքի առկայության ապացույցն է: Կանխատեսել էինք նաեւ, որ մեր հրապարակումից հետո այդ «բացթողումը» կուղղեն՝ թիվն ուղղակի փոխելով. կարծես նման բան չի էլ եղել: Այսպիսով՝ ԿԸՀ-ն ապացուցեց, որ թիվ «նկարելու» գործում իր հետ կարող են մրցակցել միայն պաշտոնական վիճակագիրները: Հավելենք, որ հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում բողոքարկելու վերջնաժամկետը դեկտեմբերի 18-ի ժամը 18.00-ն է:

 

 

 

 
ՔԱՐՈԶՉԱԿԱՆ

Եվ այսպես` ՀԱԿ-ը, ինչպես որ հայտարարել էր դեռ նախորդ շաբաթ, պատրաստվում է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում: Այն, որ ՀԱԿ-ի այս քայլը որեւէ փոփոխության չի հանգեցնելու, թերեւս քչերն են կասկածում` աչքի առաջ ունենալով ՀՀ-ում նախորդ բոլոր համապետական ընտրություններից հետո ՍԴ-ում դրանց արդյունքների վիճարկման արդյունքները:
Այստեղ խնդիրն այն է՝ արդյոք ՀԱԿ-ն առհասարակ կկարողանա հավաքել դեռեւս գործող Սահմանադրությամբ պահանջվող ԱԺ 27 պատգամավորների ստորագրությունը` ՍԴ դիմելու համար: Ներկայումս ՀԱԿ խմբակցությունն ինքը, ինչպես հայտնի է, պառակտված է, եւ այսօր ՀԱԿ-ի քաղաքական գծի կողմնակից ընդամենը 4 պատգամավոր կա: Ավելի տխուր է վիճակը «Ժառանգություն» խմբակցությունում, որի դեպքում միանգամայն ակտուալ է «անունը կա, ամանումը՝ ոչ» ասացվածքը, քանզի այստեղ միայն Զարուհի Փոստանջյանն է ներկայացնում «Ժառանգություն» կուսակցության քաղաքականությունը:
Դժվար թե ՍԴ դիմելու մասին հայտարարելուց առաջ Լեւոն Զուրաբյանն ու նրա սակավաթիվ կողմնակիցներն այս մասին մտածած չլինեին: Ուրեմն ինչ նպատակ է հետապնդում նրանց այս որոշումը: Առաջին հերթին` նախ ամրագրումը, որ իրենք օգտագործեցին ՀՀ օրենսդրությամբ տրվող բոլոր իրավական ընթացակարգերը` այս հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու համար: Ապա` եւս մեկ անգամ հանրությանն ապացուցելը, որ այսօր իրենց ընդդիմադիր հռչակած ուժերն իրականում Հանրապետականի կամակատարներն են:
ՀԱԿ-ի այս դիմումն ի ցույց կդնի, թե ինչ արժի, օրինակ, դաշնակցականների խոսքը. ՀՅԴ-ն բազմիցս է հայտարարել, որ այս հանրաքվեում իրենց համար կարեւոր է ոչ միայն բուն արդյունքը` ինչը, այլեւ այն ձեռք բերելու վստահելի եղանակը` ինչպես-ը, եւ հիմա, երբ փորձ է արվում վիճարկել այդ ինչպես-ը, ՀՅԴ-ի լռությունն ի ցույց կդնի վերջինիս հայտարարությունների սնանկությունը:
Հաջորդ հստակեցումը, որ կլինի այս գործընթացի արդյունքում, վերաբերում է ոչ-ի դիրքերից հանդես եկող, սակայն այդպես էլ հանրաքվեի արդյունքների բողոքարկման վերաբերյալ որեւէ դիմում չներկայացրած ՕԵԿ-ին: Կախված այն բանից` արդյոք ՕԵԿ-ը կմիանա ՀԱԿ-ի դիմումին, պարզ կդառնա, թե որքանով է այս ուժն ունակ ինքնուրույն որոշում կայացնելու:
Սակայն եթե նույնիսկ ՀԱԿ-ի դիմումի տակ ստորագրեն թե՛ ՀՅԴ, թե՛ ՕԵԿ խմբակցությունները, ինչպես նաեւ ՀԱԿ-ի բոլոր ոչ քվեարկած պատգամավորները, ավելացրած Զ. Փոստանջյանին եւ 3 անկախ պատգամավորներին` Մարուքյանին, Քոքոբելյանին, Ուրիխանյանին, միեւնույն է՝ ստացվում է ընդամենը 19 պատգամավոր: Եվ ահա այստեղ է, որ ՀՀԿ-ականները կարող են ցույց տալ, թե որքան ավելի լավն է նոր Սահմանադրությունը, որի 169 հոդվածի 3 կետի համաձայն` համանման իրավիճակում բավական կլինի ընդամենը մեկ խմբակցության անդամների դիմումը:




Լրահոս