Դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրության հանրաքվեի փոփոխությունների օրը արձանագրված ընտրախախտումները չեն կարող կասկածի տակ դնել արձանագրված ցուցանիշները: Այս մասին երեկ ոստիկանությունում հրավիրված ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը ասուլիսի սկզբում տեղեկացրեց, որ ԶԼՄ-ներից, հասարակական կազմակերպություններից եւ քաղաքացիներից ստացվել է տարբեր բնույթի 452 տեղեկատվություն: Ըստ նրա՝ 97-ով նախապատրաստվում են նյութեր, 153-ով կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներ, 166-ն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, 7-ը՝ հատուկ քննչական ծառայություն:
Հիշեցնենք, որ դեռեւս նոյեմբերի 23-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը օպերատիվ խորհրդակցության ժամանակ հանձնարարել էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում ծառայություն իրականացնող ոստիկաններին. «Չհանդուրժե՛լ թաղային հեղինակություններ, թաղի տղաներ եւ այլ երեւույթները»: Արդյունքում, ինչպես նկատեցինք, հանրաքվեի օրը թաղային հեղինակությունները կրկին գործի էին անցել: Հարցին՝ արդյո՞ք ոստիկանությունը այդպես էլ չկարողացավ դիմադրել թաղային հեղինակությունների դրսեւորումներին, Հունան Պողոսյանը պատասխանեց.«Ոչ միայն այս ընտրությունների, ցանկացած այլ այդ կարգի միջոցառման ժամանակ մենք հստակ նման հանձնարարական տալիս ենք: Բոլոր նրանք, ովքեր իրենց օրենքից վեր են դասում, դրանց միշտ ցույց ենք տալիս իրենց տեղը: Համենայնդեպս, ոստիկանությունը վերջին տարիներին իր գործողություններով այդ մասին բազմիցս ապացուցել է»:
Ասուլիսից հետո «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի հետ:
-Պարո՛ն Պողոսյան, այս տարվա սեպտեմբերին, երբ «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանը լքեց Հայաստանը, ՀՀ քննչական կոմիտեի եւ ոստիկանության միջեւ սկսվեց հակամարտություն, թե ով է պատասխանատու, որ քրեական հանցագործության մեջ կասկածվող ակտիվիստը լքեց Հայաստանը: Ու մինչ գերատեսչական կռիվը շարունակվում էր, Վահան Մարտիրոսյանը հասավ Ադրբեջան եւ խայտառակեց մեր երկիրը: Մինչեւ ե՞րբ միջգերատեսչական վեճի արդյունքում պետք է տուժի երկրի անվտանգությունը:
-Հավատացնում եմ Ձեզ՝ չկա՛ միջգերատեսչական հակամարտություն, եթե որեւէ մեկին թվում է, որ առողջ մրցակցությունը վատ է, սխալ է: Բայց վստահեցնում եմ, որ մեր պարագայում անգամ այդ մրցակցությունը չկա, ուռճացնում են:
-Այս տարվա ընթացքում բազմիցս լսեցինք, որ հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացիները, որոնք հաշվառված են հոգեբուժարաններում, գտնվելով ազատության մեջ՝ սպանեցին իրենց մերձավորներին: Նման դեպք եղավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, օրերս Սյունիքի մարզում կինը կացնահարել էր ամուսնուն: Ոստիկանությանը չի՞ մտահոգում այս իրավիճակը, ի՞նչ քայլեր են արվում:
-Մտահոգիչ հարց է, արդեն կա ոստիկանության ղեկավարության հանձնարարականը` հատկապես տարածքային ստորաբաժանումերին համագործակցել առողջպահության նախարարության մեր գործընկերների հետ եւ ինչ-որ ձեւաչափով մշակել օրենսդրական փաթեթ, որ նման մարդիկ գտնվեն անհրաժեշտ բուժհիմնարկներում: Իրոք մտահոգիչ հարց է, շատ ճիշտ խնդիր եք բարձրացնում, այստեղ ոստիկանական գործառույթը շատ քիչ է: Ոստիկանը նման մարդկանց հայտնաբերելու դեպքում, անհրաժեշտ հիմնավորման պարագայում տեղավորում է որեւէ բուժհիմնարկ, որտեղից անհրաժեշտ բուժում ստանալուց հետո, բնականաբար, բոլորս էլ հասկանում ենք, որ բուժումը լիարժեք չի լինում, նրանք հայտնվում են հասարակության մեջ` դրանից բխող բոլոր հետեւանքներով:
-Խնդրին լուծում տալու համար իրականացվելիք քայլերի արդյունքը ե՞րբ նկատելի կդառնա:
-Մենք ունենք միջգերատեսչական հանձնաժողով, որի նախագահը ՀՀ ոստիկանապետն է, եւ համապատասխան աշխատանքային խմբին արդեն հանձնարարել ենք զբաղվել դրանով: Կփորձենք կես տարվա մեջ ունենալ այդ փաստաթուղթը:
-Օրերս հայտնի դարձավ, որ դերասան Գոռ Վարդանյանը ապօրինի զենք պահելու համար հայտնվել է դատարանի առաջ: Ըստ շրջանառվող լուրերի՝ Գոռ Վարդանյանը պատահական չի հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Բան այն է, որ վերջինս ոստիկանության մասին ֆիլմ է նկարահանել եւ այն անվանել է «Հրեշների գայլ», ինչը խիստ զայրացրել է իրավապահներին, քանի որ նախապես նման պայմանավորվածություն չի եղել, դրա համար էլ որոշել են «պատժել» նրան:
-Նման բան չկա:
-Իսկ Դուք ֆիլմը դիտե՞լ եք:
-Ո՛չ, նման բաների ժամանակ չկա, առաջին անգամ Ձեզանից եմ լսում, բայց հաստատ նման բան չկա:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչականի շրջանի 9-րդ փողոցի առանձնատներից մեկում ԱԱԾ-ի կողմից վնասազերծվել էր հանցավոր խումբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեպքից 2 շաբաթ անց կալանավորված խմբի անդամների թիվը հասել է 48-ի:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել էր 19 հոգուց բաղկացած կազմակերպված հանցավոր խումբ, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: Վերջիններս նպատակ են ունեցել մահափորձեր իրականացնել գործարարների, պաշտոնյաների շրջանում, ինչպես նաեւ՝ պետական գերատեսչությունների մասնաշենքերում պայթուցիկ սարքեր նետել` այդ կերպ անհնազանդություն դրսեւորելով:
Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ օրերս կալանավորվել է Արմավիրի մարզի Արեւաշատ համայնքի բնակիչ Հարություն Սարիբեկյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Հարություն Սարիբեկյանը երկար տարիներ ապրել է Դավիթաշեն վարչական շրջանում, սակայն ինչ-ինչ պատճառներով արդեն մեկ տարի է՝ ընտանիքի հետ տեղափոխվել է Արեւաշատ գյուղ: Նա ամուսնացած է եւ ունի երկու որդի:
Իսկ ինչ կապ է ունեցել Հարություն Սարիբեկյանը հայտնաբերված հանցախմբի հետ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրա մտերիմներից մեկը, որի անունը հարգելի պատճառով չենք հրապարակում պատմեց, որ Հարություն Սարիբեկյանը ազատամարտիկ է եւ Էդուարդ Ներսիսյանի` ազատամարտիկ Ապարի ընկերն է: Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նոյեմբերի 25-ին վնասազերծված եւ ծանր հանցագործություններ նախապատրաստելու կասկածանքով կալանավորվել է նաեւ Ապարը:
Ըստ մեր զրուցակցի՝ Հարություն Սարիբեկյանը հանցավոր խմբի անդամներից որեւէ մեկին չի ճանաչում: Ընդամենը խմբի անդամներից մեկը նոյեմբերի 24-ին զանգահարել է Հարություն Սարիբեկյանին եւ շնորհավորել նրա տարեդարձը: Ու այդ զանգը պատճառ է դարձել, որպեսզի ԱԱԾ-ն նրան եւս կալանավորի: Հավելենք, որ Հարություն Սարիբեկյանի հարազատները վստահեցնում են` նա կապ չունի այդ խմբի հետ եւ, առհասարակ, անգամ փախուստի մեջ էլ չի եղել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արեւաշատ համայնքի ղեկավար Սուսաննա Գեւորգյանը եւս վստահեցրեց, որ թեպետ կարճ ժամանակ է, ինչ Սարիբեկյանը ապրում է իրենց գյուղում, սակայն ինքը որեւէ տարօրինակ բան չի նկատել.«Մեկ անգամ Հարությունը ջրի հետ կապված խնդրով եկել է գյուղապետարան, նորմալ, խելոք մարդ է, ու երբեք այս մեկ տարվա ընթացքում արտառոց բան չենք նկատել, մենք էլ ենք զարմացած՝ ինչո՞ւ այդ խելոք մարդուն պետք է կալանավորեին»:
Նշենք, որ Հարություն Սարիբեկյանն իր հարազատներին վստահեցրել է, որ կապ չունի այդ մարդկանց հետ, եւ իրեն կալանքի տակ պահելը անհիմն է:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է
27 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանը երեկ դադարեցրել է հացադուլը։ «Նրա հիմնական պահանջը` առանձին խուց տեղափոխվելը, բավարարվել է: Կյուրեղյանն այս պահին դեռեւս գտնվում է բժիշկների հսկողության տակ», – «Ազատությանը» հայտնել է ՄԻՊ մամլո խոսնակ Շուշան Դանիելյանը:
ԱՆՀԻՄՆ
Երեկ ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության հրապարակում նստացույցի մասնակից Արամ Թարվերդյանին՝ 27 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանի նկարը եւ նրա մասին պաստառ ցուցադրելու համար։ «Պահանջում ենք ոստիկանությունից ներկայացնել այն հիմքերը, որի հիման վրա նստացույցի մասնակիցը բերման է ենթարկվել, եւ անհապաղ ազատ արձակել Հայկ Կյուրեղյանին սպառնացող վտանգի մասին իրազեկող եւ ահազանգող Արամ Թարվերդյանին»,- ասված է այդ կապակցությամբ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի տարածած հաղորդագրության մեջ:
ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ
Ավետիսյանների սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը Գյումրու 102-րդ ռազմաբազայում նշանակելն առաջացրել է գյումրեցիներից շատերի մեծ զայրույթը: Վերջիններս պարտադիր պիտի մասնակցեն հասարակական մեծ հնչեղություն ունեցող դատավարությանը, սակայն անհայտ է մնում, թե ինչպես կարող են ներս մտնել ռազմաբազա: Aravot.am-ի հետ զրույցում տնտեսագետ Կարեն Պետրոսյանն այդ կապակցությամբ ասել է.«Հետաքրքիր է, թե ի՞նչ օրենքով է դա արվում, եւ ոչ միայն ինձ, այլ շատ շատերին է հետաքրքրում: Եվ հետո, չեմ հասկանում պարոն Կոստանյանի այն կարծիքը, որ արտագնա դատավարություն պրակտիկայում եղել է. Հայաստանի զորամասերում եղել է դատավարություն: Նախ ռուսական զորամասը հայկական զորամաս չէ, սա պետք է որ մեր գլխավոր դատախազը իմանար: Երկրորդ՝ եթե որեւէ մի զորամասում զինվորը հանցագործություն է անում, ապա իր հարցով զբաղվում են հայ իրավապահները, իսկ այս պարագայում հայ իրավապահները ոչ մի բանով չեն զբաղվել, այսինքն՝ եթե դա հայկական տարածք է, եւ դա դիտվում է որպես հայկական զորամաս, ինչո՞ւ են այդ գործով զբաղվել ռուս իրավապահները, իսկ մեզ միայն մնացել է դատավարական գործողությունների մասը: Այսինքն՝ սա բացարձակ անհասկանալի է, իսկ եթե դա ռուսական տարածք է, ինչպես այն ժամանակ ներկայացվում էր, եւ այդ տարածքը ռուսական իրավահարաբերությունների տակ է, ուրեմն այնտեղ հայ դատավորը գործ չունի անելու, ո՛չ իրավական, առավել եւս բարոյական եւ ազգի արժանապատվության իմաստով որեւէ իրավունք չունի»:
ՄԵԿ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ
Հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների կապակցությամբ հարուցվել է 18 քրեական գործ։ ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ` կալանավորված է միայն մեկ քաղաքացի ՀԱԿ տրամադրած տեսանյութի հիման վրա, որտեղ հանձնաժողովի անդամը փորձել է կաշառել ՀԱԿ ներկայացուցչին։