ՀԱՐՑ. Ես ու ամուսինս միայնակ թոշակառու ենք եւ ամսվա ընթացքում բավական շատ գումար ենք ծախսում դեղեր գնելու համար: Վերջերս գնացի դեղատուն, որպեսզի ամուսնուս համար գնեմ «Դորզոպտ» (աչքի կաթիլներ) դեղը եւ ուղղակի ապշեցի. դեղի գինը կտրուկ բարձրացել էր եւ դարձել 6500 դրամ, այնինչ ես նախկինում այն գնում էի 3000 դրամով: Ինչո՞վ կմեկնաբանեք նմանատիպ թանկացումը:
ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ դեղի գինը ոչ էական չափերով բարձրացրել է արտադրող ընկերությունը, ինչպես նաեւ տեղի է ունեցել արտարժույթի փոխարժեքի փոփոխություն, ինչով եւ կարելի է բացատրել դեղի գնի որոշակի բարձրացումը, որը, սակայն, կրկնակի բարձրացում չէ:
Նամակից պարզ չէ, թե քաղաքացի Ս. Մուրադյանը երբ եւ որտեղից է 3000 դրամով գնել դեղը, որպեսզի հնարավոր լիներ կատարել ավելի կոնկրետ վերլուծություն: Հայտնում եմ, որ դեղերի գները ազատականացված են, պետականորեն չեն կարգավորվում, եւ տնտեսվարող սուբյեկտը, ելնելով պահանջարկից, ինքն է որոշում իր գնային քաղաքականությունը:
Միաժամանակ հարկ է նշել, որ շուկայում առկա են «Դորզոպտ» դեղի վերարտադրված որակյալ համարժեքներ, որոնք ունեն ավելի ցածր արժեք եւ մատչելի են հիվանդների համար:
աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի դեպքում թանկացումը ոչ էական է համարվում, մյուս դեպքում այն լրացվելու է Մուրադյանների ու նման կարգավիճակ ունեցող բոլոր մյուս քաղաքացիների հացի փողի հաշվին: Դոլարի արժեւորումը միգուցե առնչվում է դեղերի արժեքների սահմանմանը, բայց մեր երկրում կենսաթոշակները դոլարով չեն վճարվում: Բացի այդ, փոխարժեքի կուրսի տատանումները դեղերի շուկայի տերերը կարող են հավասարակշռել գերշահույթների հաշվին: