ԻՆՉՊԵՍ ԵՆ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԸ ՎՆԱՍՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընտրակեղծարարությունը, թերեւս, միակ հանցատեսակն է, որը ՀՀ-ին կրկնակի վնաս է պատճառում: Ընտրատեղամասերում իշխանության համար այո լցրած թաղային խուժանն անգամ չի էլ գիտակցում, թե իր այդ գործելաոճի արդյուքում ինչ հարվածի տակ է դնում մեր երկիրը:

Ընտրակեղծարարության արդյունքում մի կողմից՝ աղավաղում են ՀՀ-ի ներհասարակական եւ ներպետական հարաբերությունները, ընտրողը` որպես արժեք, վերանում է, միեւնույն ժամանակ՝ ընտրակեղծարարությունը, որը մեզ մոտ լայնածավալ եւ կազմակերպված բնույթ է կրում, ՀՀ-ին հերթական հարվածն է հասցնում: Ինչպե՞ս, բացատրենք: Պետությունն արտաքին աշխարի հետ շփումներում թուլանում է, եւ, ամենակարեւորը, ամեն կեղծված ընտրություն հերթական լիցքն է տալիս մեր հակառակորդին` Ադրբեջանին, որը հետագայում այդ երկրի կողմից օգտագործվում է մեր պետության դեմ:
Ամեն մի քվեաթերթիկ կեղծելը նույնն է, թե կեղծարարը Ադրբեջանին 1-ական փամփուշտ նվիրի` իր երեխային գնդակահարելու համար: Առաջին հայացքից վերը բերված համեմատությունը կարող է չափազանցություն թվալ, բայց իրականում ոչ մի չափազանցություն էլ չկա:
Հանրահայտ իրողություն է, որ մինչեւ 1996 թ նախագահական ընտրությունները, երբ առաջին անգամ ՀՀ-ի ընտրողի կամքն աղավաղվեց, Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապված խնդիրներ չի ունեցել: Ու պատահական չէր, որ ՀՀ-ին թույլատրվեց Ադրբեջանից պաշտպանել իր քաղաքացիներին, ազատագրել հարյուրամյակներով օտարի տիրապետման տակ գտնվող իր հողերը եւ այսպես շարունակ: Իսկ պատճառն այն է, որ ղարաբաղյան պատերազմի տարիներին` մինչեւ 1996-ը, Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ էր համարվում: Ըստ այդմ, աշխարհի աչքերում քաղաքակիրթ եւ ժողովրդավար ՀՀ-ն իր հայրենակիցներին պաշտպանում էր ժողովրդավարության հետ աղերս չունեցող ֆաշիստական Ադրբեջանից, քանի որ այդ երկրում մարդիկ միայն իրենց ազգության համար կարող են սպանվել:
Սակայն ամեն կեղծված ընտրությունից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարություն դնող նշաձողն ավելի ամրացավ: Արդյունքում արդեն ունենք մի իրավիճակ, որ ողջ արտաքին աշխարհը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ մի տարբերություն չի դնում: Երկու երկրներն էլ ընկալվում են իբրեւ տոտալիտար կառավարման համակարգ ունեցող երկրներ: Իհարկե, կարող ենք մեզ հույս տալ, որ Ադրբեջանում ավելի կոշտ դիկտատուրա է, բայց համոզված եղեք՝ արտաքին աշխարհի համար Հայաստանը եւ Ադրբեջանը վաղուց գտնվում են նույն հարթությունում:
Ինչպես հայտնի է՝ սահմանադրական հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող ԵԽԽՎ պատվիրակությունը քվեարկությունից հետո հանդես էր եկել խիստ քննադատությամբ: Իհարկե, ընտրակեղծիքների դեմ կռիվ տվող ՀՀ քաղաքացիներս այդ փաստը գոհունակությամբ ընդունեցինք, բայց ողջ խնդիրն այն է, որ ԵԽԽՎ-ի այդ մոտեցումն ընդամենը հեռահար քաղաքական քայլ էր, որպեսզի Հայաստանը չկարողանա այդ կառույցին մեղադրել երկակի չափանիշներ կիրառելու մեջ: Հայտնի է, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում քննարկելու է հակահայկական` «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» վերնագրով զեկույցը: ԵԽԽՎ պատվիրակները հանրաքվեի կեղծված լինելը մատնանշելով՝ վերահաստատեցին Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարման նույնականությունը: Նման պայմաններում ԵԽԽՎ-ի պատվիրակների կողմից ադրբեջանական լոբբի ֆինանսներից օգտվելն ամենեւին չի կարող դիտվել իբրեւ դատապարտելի երեւույթ:
Ի դեպ, նկատենք, որ ԵԽԽՎ-ի եվրոպացի պատվիրակներն այս կամ այն խնդրի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելիս երկու գործոն են հաշվի առնում. տվյալ հարցի վերաբերյալ իրենց պետության դիրքորոշումը եւ կրկին իրենց ընտրողների հնարավոր արձագանքը: Այս երկու գործոններից ամենահզորը, սակայն, ընտրողներն են: Համոզված եղեք, որ ոչ մի եվրոպացի պատգամավոր երբեւէ չի համարձակվի որեւէ փաստաթղթի կողմ քվեարկել, եթե մտավախություն ունենա, որ ընտրողներն իրեն կմեղադրեն կոռումպացված երկրի շահերը սպասարկելու համար` ի վնաս ժողովրդավարական երկրի քվեարկելու մեջ: Եվրոպացի պատգամավորը շատ լավ գիտի, որ երկու տոտալիտար երկրներից մեկի շահերը սպասարկելու դեպքում իր ընտրողի համար միեւնույն է՝ որ երկրի շահքը կսպասարկի:
Իսկ ամենավատն այն է, որ արտաքին աշխարհում ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ «հավասարության» նշան դնելու հանգամանքը հայկական սփյուռքի գործոնը փաստացի դարձնում է զրոյական: Մի պահ պատկերացրեք, թե ինչպես պետք է եվրոպական երկրների հայ համայնքների ներկայացուցիչներն իրենց պատգամավորներին ստիպեն, որ նրանք ադրբեջանական լոբբին չտրվեն: Նման փաստարկ կարող էր լինել միայն ՀՀ-ի, ժողովրդավարական, իրավական պետություն լինելը, բայց դրա բացակայության պայմաններում սփյուռքը փաստացի անզոր է: Եվրոպական երկրներում, որտեղ դարեր ի վեր մեկը մյուսից հողեր են խլել, «պատմական արդարության» մասին ցանկացած ակնարկ կընկալվի առնվազն իբրեւ մանկամտություն:
Այսինքն՝ այն տեսակետը, որ ընտրակեղծարարությունն ավելի ծանր հանցագործություն է, քան պետական դավաճանությունը, ամենեւին էլ չափազանցված չէ:
Ի դեպ, ուշագրավ զուգադիպությամբ երեկ ԱՄՆ դեսպանատունը սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ նոր հայտարարություն տարածեց: Այդ հայտարարության մեջ մասնավորապես ուշագրավ է հետեւյալ դիտարկումը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաեւ կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»: Այլ կերպ ասած՝ ԱՄՆ դեսպանատունն ուղղակի հայտարարում է, որ ՀՀ-ի գործիչների «սեւ ցուցակ» է կազմելու: Սա եւս մեկ քայլ է, որպեսզի միջազգային ասպարեզում «մերժված» երկրների ցանկում Հայաստանն իր հաստատուն տեղը զբաղեցնի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ԴՊՐՈՑԸ ՉԻ ՋԵՌՈՒՑՎՈՒՄ
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են զանգահարել ՀՀ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի մի քանի բնակիչներ, ովքեր հայտնեցին, որ դպրոցի դասասենյակներն այս օրերին բավարար չեն ջեռուցվում: Ինչի արդյունքում երեխաները մրսում են ու պարբերաբար հիվանդանում:
Տեղեկացնենք, որ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Նոր Կյանք գյուղի դպրոցը դեռեւս 2011 թվականին է «Լինսի» հիմնադրամի միջոցներով շահագործման հանձնվել: Նշենք, որ դպրոցն ունի լոկալ ջեռուցման ցանց: Սակայն դպրոցի մի շարք սաների ծնողներ պնդում են, որ դասասենյակներն այդքան էլ չեն ջեռուցվում: «Ժողովուրդ»-ին զանգահարած քաղաքացու՝ Ժուլվիեր Վարդանյանի պատմելով՝ դպրոցը կաթսայատուն ունի: «Այն գործում է: Նախորդ տարի նույնպես գործել է, բայց այս տարի ոչ: Այս անգամ կաթսայատունը չեն վառել, բացարձակ ջեռուցում չկա: Թեեւ դասասենյակներում էլեկտրական սալիկներ են տեղադրված, բայց միեւնույն է՝ բացարձակ սառնամանիք է: Իմ թոռնիկները դասի են գնում, մոտ 200 երեխա է սովորում այնտեղ, բայց դասասենյակներում ցուրտ է»,- ներկայացրեց Վարդանյանը:
«Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացու պատմելով՝ այս խնդրով սաների ծնողները դիմել են ե՛ւ Շիրակի մարզպետարան, ե՛ւ մարզպետարանի կրթության վարչություն: Սակայն անարձագանք. «Սայլը տեղից չի շարժվում»:
Ըստ Վարդանյանի՝ նա այս հարցով դիմել է նաեւ դպրոցի տնօրեն Զավեն Պետրոսյանին, սակայն վերջինս պատասխանել է, որ համապատասխան ֆինանսավորում չկա դպրոցը ջեռուցելու համար: «Այդ ինչպե՞ս է ստացվել, որ Արթիկի տարածաշրջանի գյուղերի դպրոցներում ջեռուցում կա, իսկ մեզ մոտ ոչ: Բոլոր դպրոցներն էլ գազաֆիկացված են, ու ջեռուցում կա: Բայց մեզ մոտ ինչ ջեռուցման շրջանը սկսվել է, դասասենյակները կարգին չեն տաքացվում: Մենք էլ հուսով սպասում ենք, որ մի օր այն լավ կջեռուցվի: Ախր, ինչպե՞ս կարող են էլեկտրական սալիկներով դասասենյակները տաքացնել, այն դեպքում, երբ գյուղը լեռնային է»,- նկատեց «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացին:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Նոր Կյանքի դպրոցի տնօրեն Զավեն Պետրոսյանի հետ, ով հակառակը պնդեց եւ հայտարարեց, որ դպրոցը էլեկտրականությամբ է ջեռուցվում: «Նոյեմբեր ամսից սկսած դպրոցը ջեռուցվել է: Մեր խնայողությունների սահմաններում դա լավագույն տարբերակն է: Ծնողներն ինձ չեն մոտեցել, եւ նման հարց չի բարձրացվել: Եկե՛ք, ստուգե՛ք, ինքներդ համոզվեք, ի՞նչ ասեմ: Ես պնդում եմ, որ ջեռուցվում է: Բնականաբար, դպրոցը ջեռուցելու ավելի լավ տարբերակներ կան, բայց այս մեկը մեր հնարավորությունների սահմաններում է»,- հայտարարեց տնօրենը՝ ընդգծելով, որ դպրոցի միջանցքներում եւ դասասենյակներում ջերմային ռեժիմ է:
Այնուամենայնիվ, նույնսիկ էլեկտրական սալիկներով դասասենյակները ջեռուցելու փաստը խիստ անհանգստացնում է դպրոցի սաների ծնողներին: Քանի որ նրանք շարունակում են պնդել, որ դասասենյակներն անհնար է էլեկտրական սալիկներով տաքացնել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ԴԱՏԱՎՈՐՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵՑ

Տավուշի մարզի սահմանամերձ Աչաջուր գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արթուր Մելիքբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի ձեռք է բերել եւ Աչաջուրում գտնվող իր տանը պահել որսորդական ակոսափող հրազեն հանդիսացող, 5.45 մմ տրամաչափի «Սայգա ՄԿ» տեսակի կարաբին եւ որսորդական ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 11 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ:

Ա. Մելիքբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 235 հոդ. 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրգործով դատավարությունն ընթանում էր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:
Աչաջրի գյուղապետ Կամո Ղալթախչյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ Ա. Մելիքբեկյանի տանը հայտնաբերված որսորդական զենքն օրինական է, պատկանում է Արթուրի ընկերոջը: Աչաջրում խոսակցություններ են շրջանառվում, որ այդ քրգործի հարուցումն իրավապահներին հարկավոր էր, որպեսզի Աչաջրի մեկ այլ բնակիչ Մեխակ Մելիքբեկյանի առեւանգման գործով նրանից, որպես վկայի, իրենց հարկավոր ցուցմունքները ստանան: Արթուր Մելիքբեկյանի քրգործով դատավարության դեկտեմբերի 8-ի նիստում Ա. Մելիքբեկյանի պաշտպան Ա. Լալայանը դատավոր Ռ. Մելքոնյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել այն հիմնավորմամբ, որ դատարանը, մերժելով ցուցմունք տալուն նախապատրաստվելու համար Արթուր Մելիքբեկյանին ժամանակ տրամադրելու միջնորդությունը, հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքը:
Բացի այդ` վկա Սմբատ Ղալթախչյանին առերես հարցաքննելու ամբաստանյալի պնդմանն ի պատասխան՝ դատարանը ներկայացրել է Ս. Ղալթախչյանի նախաքննական ցուցմունքը՝ համարելով, որ նրան առերես հարցաքննելու կարիքը չկա, դատարանը մերժել է նաեւ Հովհաննես Ղալթախչյանին որպես վկա հրավիրելու եւ հարցաքննելու միջնորդությունը, ինչպես նաեւ հրաժարվել է հետազոտել մեկ այլ քրգործից պաշտպանական կողմի ներկայացրած ցուցմունքի պատճենը: Դատավոր Ռ. Մելքոնյանը՝ համարելով, որ Ա. Մելիքբեկյանի պաշտպանի միջնորդության մեջ տեղ գտած փաստարկները սուբյեկտիվ են ու անհիմն, այնուամենայնիվ, որոշել է բավարարել ինքնաբացարկի միջնորդությունն այն հիմնավորմամբ, որ Ա. Մելիքբեկյանի եւ նրա պաշտպանի անվստահությունն իր հանդեպ որոշակի կաշկանդվածություն են ստեղծում: Քրգործը վերադարձվել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանին՝ նույն դատարանի մեկ այլ դատավորի հանձնելու համար: Սույն դատավարությունը շարունակվում է Բերդ քաղաքում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս