Կրկեսի արտիստներ Արմեն Ադոնցը եւ Մուշեղ Խաչատրյանը հերթական ռեկորդների հեղինակ են դարձել եւ գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Արմենը 1 րոպեում գլխի վրա ճկել է 18 ամրան (երկաթե ձող), իսկ Մուշեղը 6 մ բարձրություն ունեցող հեծանիվը վարել է` անցնելով 11 մետր 50 սմ: Նրանք այս հնարքները ցուցադրել են դեռեւս այս տարվա ապրիլին, սակայն Գինեսի գրքում գրանցվելու վերաբերյալ վերջնական հաստատումն ու համապատասխան սերտիֆիկատները ստացել են օրեր առաջ: Եթե Մուշեղն արդեն երկրորդ Գինեսի ռեկորդն է սահմանում, ապա Արմենի համար սա առաջինն է: Ռեկորդակիրը զրուցել է «Ժողովուրդ»-ի հետ:
-Արմե՛ն, շուրջ մեկ տարի առաջ էլ նույն վարժությունը կատարելով՝ գրանցվել էիք «Դյուցազնագրքում»: Հիշում եմ, որ դեռ այն ժամանակ խոստացել էիք զարգացնել Ձեր ուժերը:
-«Դյուցազնագրքում» գրանցած 4 ռեկորդ ունեմ: Եվ եթե այն ժամանակ ես 1 րոպեում գլխիս վրա 15 ամրան էի ճկում, ապա այս անգամ` 18: Հաջորդ տարում, արդեն, կփորձեմ 21 ճկում անել: Նույն վարժությունից նախորդ ռեկորդը Գինեսի գրքի համար սահմանել էր մի ռուս. ես այդ ռեկորդը գերազանցեցի: Ես անհանգստանում էի, քանի որ նա ուներ սահմանած բազմաթիվ ռեկորդներ, սակայն հաջողությամբ անցա այդ փորձությունը: Հետագայում կփորձեմ նոր ռեկորդներ սահմանել:
-Գինեսի գրքում գրանցվելը Ձեզ գործնականում ի՞նչ է տալիս, օրինակ` գումարային փոխհատուցում ստանո՞ւմ եք:
-Ո՛չ, ժողովրդի շրջանում խոսակցություններ են պտտվում, թե իբր մենք միլիոններ ենք աշխատում, բայց նման բան չկա, սուտ է: Ուղղակի շատ քիչ հայ կա Գինեսի գրքում, եւ ուրախալի է, որ նրանց թիվն ավելանում է: Եվ հետո, այս հանգամանքը նպաստում է մեր ճանաչմանը:
-Իսկ ինչո՞ւ հենց այս վարժությունը կատարելով ռեկորդ սահմանեցիք:
-Իմ ներկայացումների, ելույթների ժամանակ ես թեպետ քիչ, բայց հանդես եմ եկել դրանով: Ի դեպ, էլի վարժություն կար, որ ներկայացրել էի Գինեսի գրքում գրանցելու համար. խոսքը կոկորդի հատվածով ամրանի ճկման մասին է: Սակայն ընտրվեց ամրանը գլխով ճկելու վարժությունը:
-Կա՞ն հարթակներ, որտեղ այդ վարժությունները ցուցադրելով` կկարողանաք նաեւ գումար վաստակել:
-Ես հանդես եմ գալիս կրկեսային համարներով եւ դրա միջոցով եմ փող աշխատում: Այս պարագայում ինձ համար առաջնայինը գումարը չի, այլ այն, որ իմ ազգը աշխարհում ներկայացնեմ բարձր մակարդակով:
-Մենք` հայերս, պատրա՞ստ ենք նման վարժություններ դիտելու դիմաց գումար վճարել: Այդ առումով հնարավո՞ր է, օրինակ, մեծահարուստներին գրավել, զարմացնել:
-Հնարավոր է, բայց ես նման առաջարկ չեմ ստացել: Իսկ, առհասարակ, մերոնց ընկալումն այդ առումով շատ է փոխվել: Նախկինում նրանց մոտեցումն այլ էր, իսկ հիմա շոուներին ավելի մեծ տեղ են տալիս:
-Այդ առումով արտերկրում, երեւի, ավելի հեշտ է…
-Տարբեր երկրներում ես հանդես եմ եկել կրկեսային համարներով եւ շատ գոհ եմ այնտեղի ընդունելությունից ու վարձատրությունից, ուղղակի ուզում եմ մնալ ու աշխատել Հայաստանում. շատ եմ սիրում մեր երկիրը` իր առջեւ ծառացած բոլոր դժվարություններով հանդերձ:
-Երեւանի կրկեսի շինարարությունն այս տարի էլ չի ավարտվի: Որտե՞ղ եք ներկայանում եւ պատրաստվում ներկայանալ:
-Նախկինում աշխատում էի «Գոշա» շրջիկ կրկեսում, հիմա ոչ. ծրագրային փոփոխություն տեղի ունեցավ: Փոխարենը մասնակցում եմ կոորպորատիվ միջոցառումների` ներկայանալով տարբեր շոու-ծրագրերով: Նշեմ նաեւ, որ Հայաստանում էքստրեմալ մեծ շոուներ կազմակերպելու ցանկություն ունեմ: Կուզենամ, որ դրանք ունենան մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից: Բայց այդ ծրագիրն իրականացնելու համար մեծ գումարներ են պետք` համապատասխան տարածք վարձակալելու, շքեղ շոուներ կազմակերպելու եւ մասնակիցների հրավիրելու համար, ուստի լռում եմ:
-Գուցե հովանավորնե՞ր գտնեք:
-Դա այսօր շատ դժվար գործ է: Եթե հովանավոր ունենայինք, Գինեսի գրքում գրանցվելու համար այսքան չէինք սպասի: Ներկայացուցիչը կգար, տեղում կֆիքսեր ռեկորդն ու կհանձներ սերտիֆիկատները: Այդ դեպքում աղմուկ կբարձրանար, ԶԼՄ-ներն էլ կգրեին այդ մասին: Իսկ հիմա սպասեցինք, որ մեր վարժությունները նկարահանեն, ուղարկեն իրենց գրասենյակ եւ պատասխանեն….
-Եվ վերջում, հետաքրքիր է` Դուք Ձեզ ավելի շատ ուժե՞ղ մարդ եք համարում, թե՞ ճարպիկ:
-Ես ակրոբատ եմ, որը չի կարող լինել միայն ուժեղ. նա պետք է լինի նաեւ ճարպիկ: Այնպես որ` երկուսը` մեկում:
«ՄԵՐ ԵՐԳԱՐՎԵՍՏԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ»
Երգչուհի Հասմիկ Կարապետյանն արդեն երեք տարի է` նոր տեսահոլովակ չի ներկայացրել, սակայն երկրպագուները չեն դադարում նոր երգ «պահանջել»: Ինքը` Հասմիկը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուրախություն հայտնեց, որ հանդիսատեսն իրեն հավատարիմ է մնում: Նա տեղեկացրեց, որ ինքը չի դադարում ստեղծագործել. «Նոր երգեր կան, ծնվում են, սակայն ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում դրանք ներկայացնել հանդիսատեսին: Նվիրվել եմ փոքրիկ ընտանիքիս` ամուսնուս եւ ինձ, բայց արդեն ուրիշ, նոր հարթության վրա: Մենք հիմա ի սրտե ուզում ենք, որ մեր կյանքում լինի ամենակարեւորը` երեխան: Եվ եթե մենք, Աստծո կամոք, բալիկ ունենանք, դա լինելու է սիրո պտուղ»,-անկեղծացավ Հասմիկը:
Նրա խոսքով` ամեն դեպքում, այս դադարը ժամանակավոր է: Երգչուհին խոստանում է, որ գարնանը հանդիսատեսին կներկայանա նոր տեսահոլովակով: Նոր երգը թվով երրորդ համագործակցությունն է երգահան, գործիքավորող Դեր Հովայի հետ: Երաժշտությունը գրել է Հասմիկը, խոսքերը` Ավետ Բարսեղյանը: Ստեղծագործությունը կոչվում է. «Դու պիտի ապրես»: «Այս գործը ես ցանկանում էի լսարանին ներկայացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն չհասցրեցի: Դրանում քննարկվում է գլոբալ թեմա, որը կարող է առնչվել բոլոր այն ազգերին, որոնք ամբողջ կյանքում հալածվել են, բայց դեռ կան ու պիտի ապրեն»:
Հասմիկը նշեց, որ շուտով հանդես կգա նաեւ համերգով: «Ամուսնուս աշխատանքի բերումով մենք ապրում ենք նաեւ Գյումրիում, շատ ենք լինում այնտեղ: Ուստի առիթն օգտագործեցի եւ որոշեցի Գյումրու Ջազ ակումբում ներկայանալ ակուստիկ բենդով»: Համերգային ծրագիրը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում հնչելու են Հասմիկի՝ արդեն սիրված եւ հիթային երգերը, երկրորդ մասում` Կոմիտաս եւ հայկական ժողովրդական երգեր` իր մեկնաբանությամբ: Այդ ծրագրով համերգներ կկազմակերպվեն նաեւ երեւանյան ակումբներում եւ փաբերում:
Մեր այն հարցին, թե արդյոք Հասմիկը ծրագրում է հանդես գալ մեծ մենահամերգով, վերջինս պատասխանեց, որ ինքը վաղուց է այդ մասին մտածում, սակայն դա կապված է մի շարք դժվարությունների հետ. «Նախ` համերգը պետք է հովանավորվի, իսկ արվեստի մարդու համար այնքան դժվար է զբաղվել կազմակերպչական հարցերով: Ես կցանկանայի, որ հովանավորները մեզ չդիտարկեին որպես վաճառվող ապրանք, այլ որպես արվեստի մարդ: Առհասարակ, մեր երգարվեստում մարդիկ, որոնք օժտված են, էլ չասեմ` տաղանդավոր, միշտ ստվերում են, չունեն այն մարդկանց բանակը, որոնք իրենց մեջքին կկանգնեն: Ուստի մեր երգարվեստին փոքրիկ հեղափոխություն է պետք, այլապես, ցավով եմ նշում, այն մահանում է: Ժամանակին մենք մի քանի հոգով էինք, սակայն մեզնից ամեն մեկը մի գույն էր, եղանակ ստեղծող էր, իսկ հիմա քաոս է»,-եզրափակեց երգչուհին:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՆՄՈՒՇԸ ԱՃՈՒՐԴՈՒՄ
Կիլիկյան արքա Լեւոն Բ-ի (1198-1219թթ., Ռուբինյանների արքայատոհմ) օրոք հատված հազվագյուտ ոսկյա մետաղադրամներից մեկը հանվել է առցանց աճուրդի։ Ինչպես նշում է Tert.am-ը` հղում անելով coinarchives.com կայքին՝ բացառիկ նմուշը, որի վաճառքը կայանալու է հունվարի 5-ին, կրում է գահին բազմած Լեւոն արքայի պատկերը` մի ձեռքում խաչ, մյուսում` ծաղիկ: 19.5 մմ տրամագծով, 2.46 գր քաշով մետաղադրամի մյուս կողմում պատկերված են առյուծն ու կաթողիկոսական խաչը: Նշվում է, որ Լոուրենս Ադամսի «Արարատյան հավաքածուում» ներառված մետաղադրամի մեկնարկային գինը 50.000 դոլար է:
ԿՈՒՍՏՈՒՐԻՑԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Դեկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Էմիր Կուստուրիցայի եւ The No Smoking Orchestra-ի համերգը:
Աշխարհահռչակ կինոռեժիսոր եւ երաժիշտ Կուստուրիցան The No Smoking Orchestra ֆոլք-ռոք խմբի բաս կիթառահարն է: Նա արդեն 2-րդ անգամ է խմբի հետ համերգով հանդես գալու Երեւանում, եւ դա պատահական չէ, քանի որ հետաքրքրությունը երկկողմանի է:
Համերգը կազմակերպել են «Մեցցո Պրոդաքշնը» եւ «Ալմազյան Պրոդաքշնը»՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ մշակույթի նախարարության աջակցությամբ:
ՆՇԱՆԱԴՐՎԵԼ Է
Որոշ ժամանակ առաջ լրատվամիջոցները գրեցին, որ հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն ընտրյալ ունի: Անգամ նշվում էր հավանական «թեկնածուի» անունը, սակայն Գոհարը հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել այդ լուրերը: Այժմ արդեն Հայաստանի հանրային հեռուստաընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ նույն հեռուստաընկերության հաղորդավար, Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշանադրվել է: Նրա ընտրյալը «ԼեգալԼաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, «Ծիրանի մշակութային հանգույց»-ի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանն է: Զույգն արդեն հասցրել է բազում շնորհավորանքներ ստանալ սոցցանցերում: