Եթե ունենանք Օլիմպիական խաղերի 3 մասնակից, ես դա հաջողություն կհամարեմ. Արայիկ Բաղդադյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ լրատվական բաժնի հետ զրույցում ամփոփեց անցնող տարին և խոսեց 2016 թվականի ծրագրերի մասին:

Պարոն Բաղդադյան, խնդրում եմ ամփոփեք 2015 թվականը: Ի՞նչ ձեռքբերումներ և ի՞նչբացթողումներ ունեցաք այս տարի:

-Նախորդ տարվա համեմատ՝ ազատ ոճային ըմբիշների ելույթներից այդքան էլ գոհ չեմ: Տղաների վատ ելույթների պատճառները մի քանիսն էին՝ վնասվածքներ, հետո վերականգնողական փուլ, Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերը, որը հոգեբանորեն բացասական անդրադարձան մեր մարզիկների վրա: Այնտեղ մասնակցում էին 6 մարզիկ, որոնցից 4-ը պարտվեցին մրցավարների ոչ արդար դատավարության պատճառով: Աշխարհի առաջնությունում տղաներից սպասում էինք թե՛ մեդալներ և թե՛ 2-3 վարկանիշ: Ցավոք սրտի, չստացվեց: Սպասվածից վատ հանդես եկան: Ունենք մեկ ուղեգիր՝ 125 կգ քաշային կարգում, որը նվաճեց Լևան Բերիանիձեն: Աշխարհի առաջնությունից հետո մասնակցել ենք մի շարք միջազգային մրցաշարերի, ակումբային աշխարհի առաջնությանը, որտեղ Հայաստանը ներկայացնող  «Տաշիր»-ը զբաղեցրեց 4-րդ տեղը: Տղաները լավ հանդես եկան: Դեկտեմբերին կայացած միջազգային մրցաշարում Գարիկ Բարսեղյանն ու Դավիթ Սաֆարյանը մասնակցեցին Նուսուևի մրցաշարին, որտեղ Սաֆարյանը հաղթեց: Դավիթի մոտ կամաց-կամաց վերադառնում է հաղթողի հոգեբանությունը:

Ազատ ոճի ըմշամարտի Հայաստանի հավաքականը տարին եզրափակում էՕլիմպիական խաղերի մեկ ուղեգրով, դեռ քանի՞ ուղեգրի ակնկալիք ունեք:

-Ես ևս երկու ուղեգրի ակնկալիք ունեմ: Այս թիմով, եթե կարողանանք ունենալ Օլիմպիական խաղերի երեք մասնակից, ես դա հաջողություն կհամարեմ:

Պատմեք, խնդրում եմ, արդեն ավանդական դարձած տարեվերջյան հավաքի մասին:

-Այս հավաքը ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության ուղղվածություն ունի: Գորգի վրա մարզումները չորսն են: Հավաքին մասնակցում են երեք տարիքային խմբի 55 ըմբիշ: Այս տարի ազատ ոճի ըմբշամարտի մեծահասակների հավաքականն առաջին անգամ է մարզումներ անցկացնում դահուկներով: Մինչև հավաքի վերջին օրը ամեն առավոտ նրանք դահուկով կմարզվեն:

Պարոն Բաղդադյան, ի՞նչից եք սկսելու 2016 թվականը:

-Հունվարի 4-ից ուսումնամարզական հավաք կանցկացնենք Երևանում, որից հետո, հունվարի 15-17-ը,  Իրանում կկայանա Թախտիի Գավաթի խաղարկությունը, որին կմասնակցեն հավաքականի 3-4 համարները, իսկ առաջատարները կշարունակեն հավաքը՝ կպատրաստվեն Եվրոպայի առաջնությանը և վարկանիշային մրցաշարերին: Հունվարի 30-ից ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ուկրաինայում, այնուհետև տղաները կմասնակցեն Կիևում կայանալիք միջազգային խոշոր մրցաշարի, որից հետո արդեն վերջնական պարզ կլինի, թե ով կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, ովքեր՝ վարկանիշային մրցաշարերի:

Հայաստանի ազատ ոճային ըմբիշների ուսումնամարզական հավաքի լուսանկարներն`այստեղ:




Լրահոս