ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ դեկտեմբերի 9-ին մարտական դիրքում ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում ստացել:
Զինծառայողը վիրավորումը ստացել է կրծքավանդակի հատվածում: Նրան շտապ տեղափոխել են «Ճամբարակի» բժշկական կենտրոն: Այստեղ առաջին բուժօգնություն և վիրահատություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Կենտրոնական զինվորական հոսպիտալ»: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ զինծառայողն ինքնասպանության փորձ է կատարել:
Եվ այսպես, ArmLur.am-ին Քննչական կոմիտեից հայտնում են, որ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են զինծառայող Ռազմիկ Աբրահամյանի` ինքնասպանության փորձ կատարելու հանգամանքները, շարժառիթը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 3 զինծառայողի մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 3 ժամկետային զինծառայող ներգրավվել է որպես մեղադրյալ:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ կրտսեր սերժանտ Վ. Տեր-Վարդանյանը, շարքայիններ Ա. Կարապետյանի և Ս. Մելքոնյանի հետ միասին, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները նրանց միջև ստորադասության բացակայության դեպքում, 2015 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 9-ը, պարբերաբար ծաղրուծանակի են ենթարկել շարքային Ռ. Աբրահամյանին՝ ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը, որի հետևանքով նա դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:55-ի սահմաններում, ինքնասպանության փորձ է կատարել:
Մասնավորապես` ինքնաձիգից կրակոց է արձակել իր կրծքավանդակի ուղղությամբ՝ իր կրծքավանդակի ձախ շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:
Ռ. Աբրահամյանի հագուստների զննությամբ գրպանից հայտնաբերվել է նամակ՝ ուղղված իր հայրիկին, որում նշված է, որ իրեն ինքնասպանության են դրդել համածառայակիցները:
Զինծառայողի ինքնասպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վ.Տեր-Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 38-358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, 359-րդ հոդվածի 3-րդ մասով:
Ս.Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 359-րդ հոդվածի 3-րդ մասով:
Ա.Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 38-358.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 359-րդ հոդվածի-րդ 3 մասով: