ՀՀԿ-ում այժմ քննարկվում է, թե Սերժ Սարգսյանն ում որտեղ է պատրաստվում «տեղավորել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդի» տեղեկություններով` Հանրապետական կուսակցությունում այս օրերին «թեժ» քննարկումներ են ընթանում: Բանն այն է, որ սահմանադրական հանրաքվեից հետո իշխանությունները պետք է «լծվեն» ընտրական օրենսգրիքի փոփոխությանը` զուգահեռաբար ճշգրտելով, թե որտեղ ինչ փոխատեղումներ են լինելու: Ըստ նույն տեղեկությունների՝ ՀՀԿ-ում այժմ քննարկվում է, թե Սերժ Սարգսյանն ում եւ որտեղ է պատրաստվում «տեղավորել», եւ առաջիկայում որ թեւին է առավելությունը տրվելու: Ըստ ՀՀԿ-ականների` վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմը ցայտնոտի մեջ է հայտնվել:

Երեկ «Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցել է ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ:

-Պարո՛ն Շարմազանով, իշխող ՀՀԿ-ն ինչի՞ կարողացավ հասնել այս մեկ տարվա ընթացքում, ո՞րն է իշխանությունների ձեռքբերումը:

-Շատ հագեցած տարի էր, ամբողջ պետությունը ընդգրկված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կազմակերպման աշխատանքներում, որոնք իրականացվեցին պատշաճ մակարդակով: Արտաքին քաղաքական ասպարեզում բավականին մեծ հաջողություններ գրանցվեցին՝ Ցեղասպանության ընդունման հետ կապված, մենք տեսանք, որ եվրոպական բազմաթիվ կառույցներ դատապարտող հայտարարություններ ու բանաձեւեր ընդունեցին: Ամենակարեւորը փոխվեց ՀՀ Սահմանադրությունը, մենք այս 20-25 տարվա ընթացքում տեսանք, որ ՀՀ-ում կա ոչ միայն սոցիալական-տնտեսական հարցերի փոփոխման անհրաժեշտություն, այլ նախ եւ առաջ կա համակարգային բարեփոխումների անհրաժեշտություն: Կառավարման համակարգն արդյունավետ չէր ու իր մեջ վտանգներ էր պարունակում, ու մենք փորձեցինք այն հնարավորինս մոտեցնել ավելի արդյունավետ մոդելի, ու, փառք Աստծո, որ մեր հասարակությունն ընդունեց, ու 63 տոկոսից ավել մեր ՀՀ քաղաքացիներն այո ասացին նախագահի ներկայացրած բարեփոխումներին: Սա ամենակարեւոր ձեռքբերումն էր, որը գուցե մենք չենք գիտակցում, բայց ես միշտ նշել եմ, որ սահմանադրական բարեփոխումները երշիկի, պանրի, հացի թանկացման կամ էժանացման բարեփոխում չի, դա բարեփոխում է, որպեսզի մեր պետության ծառը, եթե մի տեղ ծռվել է ու ծուռ է աճում, ուղղենք ու ճիշտ ճանապարհով գնանք: Եթե մի բանը սխալ է աճում, ծուռ է, որքան ուզում ես՝ պատվաստի, ինքը չի բուժվում: Իսկ եթե դու ուղղում ես, ապա դրանում քչանում են ռիսկերը, որ նա կարող է ծուռ ճանապարհով գնալ:

-Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ հնարավոր չէ ընտրակեղծիքներով որեւէ բան ուղղել, առավել եւս, որ այդ «ուղղումներն» էլ արվում են բացառապես սեփական աթոռները պահպանելու նպատակով: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀԿ-ի ներսում արդեն իսկ մեկնարկել է աթոռակռվի նոր փուլը` առաջիկա քաղաքական պարտիայի համար:

-Սխալ տեղեկություններ են դրանք: Հայտարարում են, թե խորհրդային տարիների Սահմանադրությունն ամենալավն էր, գլուխը պատովն է տալիս այն մարդը, ով ասում է, որ դա ճիշտ է: Խորհրդային Սահմանադրությունում չկար բազմակարծություն, կար կոմունիստական կուսակցության իշխող դեր: Կոմունիստական կուսակցության ղեկավարման ընթացքում այլախոհությունը դատապարտվում էր. Անդրանիկ Մարգարյան, Աշոտ Նավասարդյան, նույն Պարույր Հայրիկյան, Ազատ Արշակյան, Ռազմիկ Զոհրաբյան այդ մարդիկ դատապարտվել են, որովհետեւ կոմունիստներին դեմ են եղել: Բան չեն արել, ընդամենն իրենց տեսակետն են ներկայացրել ու ասել են, որ իրենք դեմ են: Դա անգրագիտություն է, երբ նման հայտարարություն են անում, գուցե կոմունիստների տարիներին մարդկանց ստամոքսը կուշտ էր, բայց մենք տեսանք, թե 88 թվականին ինչ շարժում սկսվեց: Մարդիկ այդ սովի՞ց շարժումը սկսեցին, ո՛չ, սկսեցին ազատությունից, սկսեցին ազգային իղձերից: Սա նշանակում է, որ նյութականը կարեւոր չի, այլ կարեււոր է հոգեւորը, կարեւորը գաղափարն է, ու մենք այդ իմաստով տանում ենք այդ սահմանադրական բարեփոխումները: Մենք տանում ենք ոչ թե անձերի, այլ գաղափարների պայքար, մենք տանում ենք ոչ թե կուսակցությունների պայքար, այլ պայքար կուսակցական գաղափարների միջեւ:

-Այնուամենայնիվ, վերադառնալով ՀՀԿ-ի ներսում սկսած աթոռակռվի մասին հարցին` ի՞նչը չեք կարողանում «կիսել» կուսակցությունում, ինչո՞ւ է ՀՀԿ-ում մթնոլորտը թեժացել:

-Մենք մեր ներսում իրականացնում ենք նախագահի ծրագրերը, պետք չէ մեր կուսակցության ներսում սեւ կատուներ փնտրել, սեւ կատուներն այն մարդկանց ուսերին են, ովքեր որ ուզում են ՀՀԿ-ում ինչ-որ մութ բաներ փնտրել: Հանրապետականն ունի ղեկավար, հանրապետականն ունի գործադիր մարմին, ունի խորհուրդ, ունի ծրագրեր, ու մենք հենց այդ ծրագրերով էլ առաջ ենք շարժվում: Ինչի՞ մասին է խոսքը: Որեւէ կադրային քննարկում չի եղել, 2017 թվականին ժողովուրդը ցույց կտա արդյունքները, երբ ժողովուրդը ձայն կտա ՀՀԿ-ին, այն ժամանակ էլ ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստով կորոշվի` ով որտեղ աշխատի, ով ինչ անի, կորոշեն՝ Շարմազանովը գնա իրենց տուն, կգնա իրենց տուն, կորոշեն՝ մնա ԱԺ-ում, կմնա:

-Իսկ եթե ՀՀԿ-ն «որոշի», որ Սերժ Սարգսյանը պետք է մնա երկրի կառավարման համակարգում, այդ դեպքում ի՞նչ կինի:

-Սերժ Սարգսյանը մինչեւ 2018 թվականը երկրի նախագահն է, ինքն իր լիազորությունները կիրականացնի, որից հետո պարոն նախագահը կորոշի… Ես մի բան կարող եմ ասել, որ ես հպարտ եմ, որ Սերժ Սարգսյանը իմ կուսակցության առաջնորդն է, ու գտնում եմ, որ նա երկար տարիներ պետք է լինի մեր կուսակցության առաջնորդը, դրա անհրաժեշտությունը կա:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս