«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ կառավարությունում, այնուամենայնիվ, ի վերջո սկսել են մտորել ծախսերը կրճատելու մասին: Մասնավորապես երեկ՝ կառավարության նիստում, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե եկող տարվա փետրվար-մարտ ամիսներից պաշտոնական գործուղումների համար ավիատոմսերը կենտրոնացված կարգով են ձեռք բերվելու, եւ այդ նպատակով հատուկ համակարգ է ստեղծվելու:
Ըստ Հարությունյանի՝ գործադիր մարմինների բոլոր աշխատակիցներն այսուհետեւ ճանապարհորդելու են միայն էկոնոմ կարգի ամենաէժան ավիատոմսերով՝ չվերադարձվող ու փոփոխության ոչ ենթակա: Բացառություն արվելու է միայն անվտանգության խորհրդի անդամների համար: Ստացվում է, որ նախարարներից բիզնես կարգով ճամփորդելու իրավունք կունենան միայն ՀՀ ԱԳ եւ պաշտպանության նախարարները: Իսկ մնացած նախարարների դեպքում բիզնես կարգի ավիատոմս ձեռք կբերվի միայն ութ ժամից ավել տեւողությամբ չվերթների դեպքում:
«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել բարձրաստիճան պաշտոնյաների համար բիզնես կարգի ավիատոմսեր ձեռք բերելու համար բյուջետային միջոցները վատնելու խնդրին: Բայց մինչ օրս որեւէ արձագանք չկար: Ու եթե կառավարությունում մի օր էլ որոշեն ծառայողական ավտոմեքենաների թիվը կիսով չափ կրճատել, ապա դարձյալ հսկայական միջոցներ՝ միլիարդավոր դրամներ կխնայվեն:
Բայց այս իրավիճակում ուշագրավն այն է, որ չնայած կառավարության քայլերն ուղղված են ծախսերը կրճատելուն, սակայն առայժմ խուսափում են հրապարակավ խոստովանել, որ բյուջեում փող չկա»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: