Երգչուհի Հասմիկ Կարապետյանն արդեն երեք տարի է` նոր տեսահոլովակ չի ներկայացրել, սակայն երկրպագուները չեն դադարում նոր երգ «պահանջել»: Ինքը` Հասմիկը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուրախություն հայտնեց, որ հանդիսատեսն իրեն հավատարիմ է մնում: Նա տեղեկացրեց, որ ինքը չի դադարում ստեղծագործել. «Նոր երգեր կան, ծնվում են, սակայն ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում դրանք ներկայացնել հանդիսատեսին: Նվիրվել եմ փոքրիկ ընտանիքիս` ամուսնուս եւ ինձ, բայց արդեն ուրիշ, նոր հարթության վրա: Մենք հիմա ի սրտե ուզում ենք, որ մեր կյանքում լինի ամենակարեւորը` երեխան: Եվ եթե մենք, Աստծո կամոք, բալիկ ունենանք, դա լինելու է սիրո պտուղ»,-անկեղծացավ Հասմիկը:
Նրա խոսքով` ամեն դեպքում, այս դադարը ժամանակավոր է: Երգչուհին խոստանում է, որ գարնանը հանդիսատեսին կներկայանա նոր տեսահոլովակով: Նոր երգը թվով երրորդ համագործակցությունն է երգահան, գործիքավորող Դեր Հովայի հետ: Երաժշտությունը գրել է Հասմիկը, խոսքերը` Ավետ Բարսեղյանը: Ստեղծագործությունը կոչվում է. «Դու պիտի ապրես»: «Այս գործը ես ցանկանում էի լսարանին ներկայացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, սակայն չհասցրեցի: Դրանում քննարկվում է գլոբալ թեմա, որը կարող է առնչվել բոլոր այն ազգերին, որոնք ամբողջ կյանքում հալածվել են, բայց դեռ կան ու պիտի ապրեն»:
Հասմիկը նշեց, որ շուտով հանդես կգա նաեւ համերգով: «Ամուսնուս աշխատանքի բերումով մենք ապրում ենք նաեւ Գյումրիում, շատ ենք լինում այնտեղ: Ուստի առիթն օգտագործեցի եւ որոշեցի Գյումրու Ջազ ակումբում ներկայանալ ակուստիկ բենդով»: Համերգային ծրագիրը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում հնչելու են Հասմիկի՝ արդեն սիրված եւ հիթային երգերը, երկրորդ մասում` Կոմիտաս եւ հայկական ժողովրդական երգեր` իր մեկնաբանությամբ: Այդ ծրագրով համերգներ կկազմակերպվեն նաեւ երեւանյան ակումբներում եւ փաբերում:
Մեր այն հարցին, թե արդյոք Հասմիկը ծրագրում է հանդես գալ մեծ մենահամերգով, վերջինս պատասխանեց, որ ինքը վաղուց է այդ մասին մտածում, սակայն դա կապված է մի շարք դժվարությունների հետ. «Նախ` համերգը պետք է հովանավորվի, իսկ արվեստի մարդու համար այնքա՜ն դժվար է զբաղվել կազմակերպչական հարցերով: Ես կցանկանայի, որ հովանավորները մեզ չդիտարկեին որպես վաճառվող ապրանք, այլ որպես արվեստի մարդ: Առհասարակ, մեր երգարվեստում մարդիկ, որոնք օժտված են, էլ չասեմ` տաղանդավոր, միշտ ստվերում են, չունեն այն մարդկանց բանակը, որոնք իրենց մեջքին կկանգնեն: Ուստի մեր երգարվեստին փոքրիկ հեղափոխություն է պետք, այլապես, ցավով եմ նշում, այն մահանում է: Ժամանակին մենք մի քանի հոգով էինք, սակայն մեզնից ամեն մեկը մի գույն էր, եղանակ ստեղծող էր, իսկ հիմա քաոս է»,-եզրափակեց երգչուհին:
Աննա Բաբաջանյան