Նոր Կյանքի դպրոցը չի՞ ջեռուցվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն են զանգահարել ՀՀ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի մի քանի բնակիչներ, ովքեր հայտնեցին, որ դպրոցի դասասենյակներն այս օրերին բավարար չեն ջեռուցվում: Ինչի արդյունքում երեխաները մրսում են ու պարբերաբար, հիվանդանում:

Տեղեկացնենք, որ Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Նոր Կյանք գյուղի դպրոցը դեռեւս 2011 թվականին է «Լինսի» հիմնադրամի միջոցներով շահագործման հանձնվել: Նշենք, որ դպրոցն ունի լոկալ ջեռուցման ցանց: Սակայն դպրոցի մի շարք սաների ծնողներ պնդում են, որ դասասենյակներն այդքան էլ չեն ջեռուցվում: «Ժողովուրդ»-ին զանգահարած քաղաքացու՝ Ժուլվիեր Վարդանյանի պատմելով՝ դպրոցը կաթսայատուն ունի: «Այն գործում է: Նախորդ տարի նույնպես գործել է, բայց այս տարի ոչ: Այս անգամ կաթսայատունը չեն վառել, բացարձակ ջեռուցում չկա: Թեեւ դասասենյակներում էլեկտրական սալիկներ են տեղադրված, բայց միեւնույն է՝ բացարձակ սառնամանիք է: Իմ թոռնիկները դասի են գնում, մոտ 200 երեխա է սովորում այնտեղ, բայց դասասենյակներում ցուրտ է»,- ներկայացրեց Վարդանյանը:

«Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացու պատմելով՝ այս խնդրով սաների ծնողները դիմել են ե՛ւ Շիրակի մարզպետարան, ե՛ւ մարզպետարանի կրթության վարչություն: Սակայն անարձագանք. «Սայլը տեղից չի շարժվում»:

Ըստ Վարդանյանի՝ նա այս հարցով դիմել է նաեւ դպրոցի տնօրեն Զավեն Պետրոսյանին, սակայն վերջինս պատասխանել է, որ համապատասխան ֆինանսավորում չկա դպրոցը ջեռուցելու համար: «Այդ ինչպե՞ս է ստացվել, որ Արթիկի տարածաշրջանի գյուղերի դպրոցներում ջեռուցում կա, իսկ մեզ մոտ ոչ: Բոլոր դպրոցներն էլ գազաֆիկացված են, ու ջեռուցում կա: Բայց մեզ մոտ ինչ ջեռուցման շրջանը սկսվել է, դասասենյակները կարգին չեն տաքացվում: Մենք էլ հուսով սպասում ենք, որ մի օր այն լավ կջեռուցվի: Ախր, ինչպե՞ս կարող են էլեկտրական սալիկներով դասասենյակները տաքացնել, այն դեպքում, երբ գյուղը լեռնային է»,- նկատեց «Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացին:

Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Նոր Կյանքի դպրոցի տնօրեն Զավեն Պետրոսյանի հետ, ով հակառակը պնդեց եւ հայտարարեց, որ դպրոցը էլեկտրականությամբ է ջեռուցվում: «Նոյեմբեր ամսից սկսած դպրոցը ջեռուցվել է: Մեր խնայողությունների սահմաններում դա լավագույն տարբերակն է: Ծնողներն ինձ չեն մոտեցել, եւ նման հարց չի բարձրացվել: Եկե՛ք, ստուգե՛ք, ինքներդ համոզվեք, ի՞նչ ասեմ: Ես պնդում եմ, որ ջեռուցվում է: Բնականաբար, դպրոցը ջեռուցելու ավելի լավ տարբերակներ կան, բայց այս մեկը մեր հնարավորությունների սահմաններում է»,- հայտարարեց տնօրենը՝ ընդգծելով, որ դպրոցի միջանցքներում եւ դասասենյակներում ջերմային ռեժիմ է:

Այնուամենայնիվ, նույնսիկ էլեկտրական սալիկներով դասասենյակները ջեռուցելու փաստը խիստ անհանգստացնում է դպրոցի սաների ծնողներին: Քանի որ նրանք շարունակում են պնդել, որ դասասենյակներն անհնար է էլեկտրական սալիկներով տաքացնել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս