Դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած սահմանադրական հանրաքվեի տվյալները որքան շատ ենք ուսումնասիրում, այնքան նորանոր ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս, եւ այս տեսանկյունից Վայոց Ձորի մարզն առանձնահատուկ ուշադրության է արժանի: Այս մարզում այո-ի ապահովման գործընթացը հանձնարարված է եղել մարզպետ Հարություն Սարգսյանին եւ թիվ 39 ընտրատարածքից պատգամավոր դարձած Աշոտ Արսենյանին:
Այսպես, ՀՀ Վայոց Ձորի մարզում, հանրաքվեի պաշտոնական տվյալներով, քվեների 78 տոկոսը` ավելի քան 25 հազար ձայն, գրվել է այո-ի օգտին, իսկ ոչ-ին թողնվել է ընդամենը 18 տոկոս` 5 հազար քվե: Ըստ պաշտոնական արդյունքների՝ Վայոց Ձորի մարզում հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ընտրողների 58 տոկոսը` 27 հազար մարդ: Սակայն այս ցուցանիշը ստացվել է քվեարկողների թիվը ընտրողների պաշտոնական թվի հետ համեմատելով: Բայց մարզի ընտրական տարիքի բնակչության թվի հետ համեմատելիս բոլորովին այլ պատկեր ենք արձանագրում:
Եւ այսպես, 2011 թվականի մարդահամարի արդյունքների հիման վրա կարող ենք արձանագրել, որ Վայոց Ձորի մարզի ընտրական տարիքի բնակչության թիվը չի կարող ավելին լինել, քան 38 հազար 443-ը: Այսինքն՝ ստացվում է, որ սահմանադրական հանրաքվեի մասնակցության ցուցանիշը Վայոց Ձորում ոչ թե 58, այլ ավելի քան 71 տոկոս է կազմում:
Սակայն պատկերն առավել ուշագրավ է դառնում, երբ առանձին-առանձին դիտարկում ենք այս մարզի երեք քաղաքներում արձանագրված արդյունքները: Այսպես, մարզկենտրոն Եղեգնաձորն, ըստ մարդահամարի արդյունքների, կարող է ունենալ առավելագույնը 6 հազար 11 ընտրող, բայց այդ քաղաքի ընտրողների պաշտոնական ցուցակներում ընդգրկված են եղել 7 հազար 490 անուն: Իսկ քվեարկությանը պաշտոնապես մասնակցել է 3 հազար 184 ընտրող: Պաշտոնական ընտրացուցակների համեմատությամբ Եղեգնաձորում մասնակցությունը կազմել է 42 տոկոս, ընտրողների իրական թվի համեմատ` 53 տոկոս:
Վայքում ընտրական տարիքի բնակչությունն, ըստ պաշտոնական տվյալների, առավելագույնը կազմում է 4 հազար 7 մարդ: Իսկ ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թիվը կազմում է 5 հազար 87: Պաշտոնապես Վայքում քվեարկությանը մասնակցել է 2 հազար 813 ընտրող: Ինչը կազմում է ընտրացուցակային ընտրողների 55 տոկոսը, բայց իրականում այդ թիվը կազմում է ընտրելու տարիքի բնակչության 70 տոկոսից ավելին:
Վայոց Ձորի մեկ այլ` Ջերմուկ քաղաքում իշխանությունները կարելի է ասել ռեկորդ են սահմանել: Ջերմուկը, ըստ պաշտոնական ընտրացուցակների, իբր ունի 5 հազար 800 ընտրող, սակայն իրականում այս քաղաքի ընտրական տարիքի բնակչության թիվը չի կարող ավելի լինել, քան 3 հազար 522-ը: Կրկնում ենք՝ ընտրական տարիքի բնակչության թվերը վերցված են պաշտոնական աղբյուրներից: Եւ, ահա, պաշտոնապես քվեարկությանը մասնակցել է 3 հազար 408 ընտրող, որը ընտրացուցակների համեմատ կազմում է ընտրողների 59 տոկոս: Բայց իրականում քվեարկության թիվը կազմում է Ջերմուկի ընտրական տարիքի բնակչության 97 տոկոսը: Այսինքն՝ մարզի իշխանությունները եթե մի փոքր էլ ջանային, ապա Ջերմուկում կարող էին հարյուր տոկոսանոց «արդյունք» արձանագրել: Դե, իհարկե, Ջերմուկի սեփականատեր համարվող Աշոտ Արսենյանը Սերժ Սարգսյանին իր հավատարմությունը հայտնելու եւս մեկ առիթը բաց չի թողել, սակայն տհաճ իրավիճակ է ստացվել` 97 տոկոսանոց քծնանք Սերժ Սարգսյանին եւ նույնքան տոկոսի արհամարհանք հարազատ բնակիչների նկատմամբ:
Նման պայմաններում այն հանգամանքը, որ այս մարզում իշխանություններին հաջողվել է իրենց ցանկալի «թիվը խփել», կարծում ենք՝ ամենեւին էլ պատահական չէ:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ սահմանադրական հանրաքվեի օրը` դեկտեմբերի 6-ին, քվեարկության ավարտից անմիջապես հետո, երբ Վայոց Ձորի իշխանական պատասխանատուներն արդեն իրենց համար արձանագրել են, որ իրենք կարողացել են ցանկալի «թիվը նկարել», Աշոտ Արսենյանը եւ մարզպետը շտապել են Երեւան, որպեսզի Սերժ Սարգսյանին եւ Հովիկ Աբրահամյանին զեկուցեն հանձնարարությունը կատարելու մասին: Իհարկե, նույն այդ պաշտոնյաններին եթե հարցնես, թե ինչու է Հայաստանն այսօր նման ծանր կացության մեջ, եւ ինչու են մարդիկ երկրից փախչում, կսկսեն հազար ու մի պատճառներ մատնանշել ու տարբեր լոլոներ երգել, բայց երբեք չեն խոստովանի, որ իրականում երկիրը քայքայողներն իրենք են ու իրենց նմանները` Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի կամակատարները:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ