ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի եւ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի մասնակցությամբ տեղի ունեցավ «Անչափահասների արդարադատության» խորհրդի առաջին նիստը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի խոսքով՝ որեւէ երաշխիք չկա, որ այս կամ այն երեխան իրավապահ մարմիններում մի օր չի հայտնվի. «Նույնիսկ, եթե երեխան օրենքի դեմ է գործել, չպետք է մոռանալ, որ գործ ունենք երեխայի հետ: Հենց այդ պատճառով արդարադատությունը երեխաների համար պետք է լինի հասանելի եւ մատչելի»:
«Ժողովուրդ»-ը երեխաների իրավունքների պաշտպանության եւ այլ հարցերի շուրջ զրուցեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Տանյա Ռադոչայի:
–Տիկի՛ն Ռադոչայ, 2015 թվականին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը մտահոգություն էր հայտնել, թե մարդիկ կան, որոնք մի քանի ամսական երեխաները գրկներին՝ մուրացկանություն են անում Երեւանում: Դեպքեր են լինում, որ այդ երեխաներին դեղ են խմեցնում, որ անընդհատ քնեն ու փողոցում չլացեն: Ծանո՞թ եք այս հայտարարությանը, նման իրավիճակ այլ երկրներում ե՞ւս կա:
-Ես չեմ կարող հաստատել Ձեր ասածը, դա ազնիվ չի լինի, քանի որ ծանոթ չեմ այդ հայտարարությանը: Սակայն կարող եմ ասել, որ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ բոլոր այն երկրներում, որտեղ կան մանկատներ, այնտեղ գտնվող երեխաները խոցելի են դառնում, եւ նրանք առնչվում են այդ խնդիրներին:
–Այս տարի մտահոգիչ էր նաեւ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց պահվածքը: Մարդիկ, որոնք հաշվառված են այս կամ այն հոգեբուժարաններում, ոտնձգություն են իրականացնում իրենց երեխաների նկատմամբ: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մայրը սպանել էր երեխային եւ թաղել սեփական տան բակում:
-Այո՛, ճիշտ եք, այս խնդիրը կա: Կրկնում եմ՝ այն կա ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի տարբեր երկրներում, ցավալի է, բայց կա: Կարծում եմ՝ ժամանակն է, որ կանխարգելման մեխանիզմներ մշակվեն, ինչը արդեն իրականացվում է:
Ի դեպ, տիկին Ռաբոչայից հետաքրքրվեցինք, թե արդյոք վերջինս այցելել է անչափահասների քրեակատարողական հիմնարկ, ասաց, որ ոչ, բայց պատրաստվում է ծանոթանալ երեխաների խնդիրների հետ:
Ք. Մանուկյան