ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵԱՀԿ-ԻՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՆԵՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ այսօր ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մշտադիտարկում կիրականացնի հայ֊ ադրբեջանական սահմանին: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մշտադիտարկումը տեղի կունենա Ղազախի շրջանի ուղղությամբ: Հայկական կողմից մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Իրժի Աբերլեն: Ադրբեջանական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Պիտեր Սվեդբերգը եւ Սայմոն Թիլլերը:

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ԼՂՀ իշխանությունների նկատմամբ ԱՄՆ վերաբերմունքը չի փոխվել: ԱՄՆ-ն հարգում է Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը: «Կարեւոր է գիտակցել, որ կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա, ինչը նաեւ ներառում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը,-հայտարարել է Ուորլիքը՝ նշելով նաեւ, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,- այնուամենայնիվ, կարեւոր է լսել Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչներին, ինչպես եւ արել են համանախագահները»:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է ԼՂՀ-ն վերաբերում մշտադիտարկմանը ու Ուորլիքի այդ հայտարարությանը:
-Պարո՛ն Բաբայան, վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում լարված իրավիճակ է: Հակառակորդը եւս հայտարարում է զոհերի մասին ու շարունակում է ծանր հրետանուց կրակել: Ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում իր ագրեսիվ քաղաքականությունը, նշվում էր, որ 2 երկրների նախագահների հանդիպման նախաշեմին գոնե այդ լարվածությունը թուլանալու է, մինչդեռ այն ավելի է բորբոքվում, ո՞րն է պատճառը:
-Այդ խախտումները փաստորեն հանդիսանում են Ադրբեջանի ապրելակերպի, աշխարհայացքի «լավագույն» դրսեւորումներից մեկը, որովհետեւ նման պահվածք կարող է ցուցաբերել միայն ահաբեկչական, ֆաշիստական պետությունը: Դրա համար են ամեն օր նման խախտումներ արձանագրվում, քանի Ադրբեջանը իր պետական գաղափարախոսությունը կառուցում է ֆաշիզմի եւ ահաբեկչության վրա, դա կշարունավկի նաեւ ապագայում: Միաժամանակ ադրբեջանական իշխանություններն իրենց նման պահվածքով լուծում են մի քանի հարց: Տեսեք, ըստ երեւույթին, Ադրբեջանում խորը զարգացումներ են ընթանում, իշխող կլանը տարեցտարի ավելի դժվար է պահպանում իր իշխանությունը, դրա համար մենք տեսնում ենք, թե ինչպիսի գործընթացներ են այն կառույցներում, որոնք պետք է պաշտպանեն կլանին՝ ազգային անվտանգության ծառայություն, բանակ, ներքին գործերի նախարարություն, արտգործնախարարություն: Այնտեղ ընթանում են 1937թ զտումներ, այսինքն՝ կլանը իր իսկ թեւում, իր թիմակիցների մոտ դժվարանում է պաշտպանել սեփական շահերը: Իսկ այս իրավիճակում շատ լավ թիրախ է դառնում արտաքին թշնամին` ի դեմս Արցախի եւ Հայաստանի: Սա հնարավորություն է տալիս կլանին մի շարք հարցեր լուծել միանգամից՝ շեղում է բնակչության ուշադրությունը, կարողանում է ճնշել իր քաղաքականությանը դեմ գնացող բոլոր ուժերին՝ թե՛ կառավարական, թե՛ ընդդիմախոսներին, որովհետեւ շատ լավ պատրվակ է՝՝ հայերը, Արցախը իբրեւ թե վտանգ են ներկայացնում: Ցանկացած այլակարծություն, ցանկացած արտահայտում, որը կլանի դեմ է ուղղված, ընդունվում է որպես պետության դեմ հանցագործություն եւ ճնշվում է: Իհարկե, սա նաեւ ազգային փոքրամասնությունների դեմ է ուղղված: Այն զենքերի մեծ քանակը, որը գնում է Ադրբեջանը, դա նաեւ կարող է օգտագործվել իր իսկ սեփական ժողովրդի հանդեպ: Նրանք սարսափած են նաեւ, որ կարող է լինել ադրբեջանական գարուն, ու արդեն իսկ պատրաստվում են՝ սեւացնելով արտաքին թշնամու կերպարը, որպեսզի շատ ավելի հեշտ լինի ճնշել ընդդիմությունն ու այլակարծությունը ներսում:
-ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը մշտադիտարկում կիրականացնի հայ֊ ադրբեջանական սահմանին, գուցե սա՞ նպաստի, որպեսզի ինչ-որ չափով ադրբեջանական ագրեսիան «կոտրվի»: Մշտապես նման դիտարկումներ լինում են, սակայն կարծես դա որեւէ արդյունք չի ունենում, այս անգամ ի՞նչ ակնկալիք ունեք:
-Ակնկալվում է, բայց դժբախտաբար ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի խոչընդոտի առաքելության աշխատանքները: Ու այն, որ Ադրբեջանը խախտում է զինադադարի ռեժիմը, սա փաստորեն նաեւ մարտահրավեր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ԵԱՀԿ-ին, մարդու իրավունքներին, միջազգային իրավունքին, որովհետեւ նրանք բոլորը կոչ են անում պաշտպանել խաղաղությունն ու կայունությունը, բայց Ադրբեջանը դա շարունակում է անել նույն ձեւով, նույն տոնայնությամբ: Նման ապակառուցողական քայլերով փորձում է կորզել ինչ-որ դիվիդենտներ միջազգային հանրությունից, որպեսզի միջազգային հանրությունը ալիեւյան կլանի մեջ տեսնի մի ուժ, որը անփոխարինելի է նաեւ խաղաղության եւ կայունության պահպանման տեսանկյունից:
-Ադրբեջանն այս օրերին կարծես թե դիվիդենտներ է շահում հունվարին կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանի համար, քանի որ ԵԽԽՎ-ի օրակարգում այժմ ընդգրկված է 2 հակահայկական զեկույց:
-Իմ կարծիքով այստեղ ուրիշ խնդիր կա, ԵԽԽՎ-ն փոխանակ ընդունի, որ իր ներսում ընթանում է շատ վտանգավոր գործընթաց, որ Ադրբեջանը գնում է ԵԽԽՎ պատգամավորներին, փոխանակ ինչ-որ քայլեր ձեռնարկի ներսում, արատավոր երեւույթների դեմ պայքարելու համար, պաշտպանության լավագույն ձեւը դիտարկում է հարձակումը: ԵԽԽՎ-ում դժբախտաբար ոչ ժողովրդավայել երեւույթներ ենք տեսնում:

 

 

 

 

 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ԶԻՆԱՆՇԱՆԸ «ՊԱՇՏՊԱՆԵԼ»

Երեկ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկեց «ՀՀ զինանշանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կրկին որոշել էր առիթը բաց չթողնել ՀՀԿ-ականներին քննադատելու եւ նրանց կուսակցական զինանշանը փնովելու համար: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի` նախորդ օրերի «դաստիարակչական» դասերից հետո, երեկ այդ դերում էր ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, որը եւս թույլ չտվեց ընդդիմադիր պատգամավորին մինչեւ վերջ իր ասելիքն ասել:

Կառավարությունը խորհրդարան էր ուղարկել ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանին, որը հայտարարեց, թե նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն են տալու սահմանել պետական զինանշանի գործածության դեպքերում օգտագործման տեխնիկայի ընդհանուր պահանջները՝ գունային գամմաները, տարածական, գրաֆիկական տեսքը, չափերը, համամասնությունը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե զինանշանի օգտագործման կանոնների խախտման համար ինչ պատիժ է նախատեսված. «Քիչ չեն դեպքերը, երբ տեսնում ես, որ դրոշակը կախված է, անձրեւից, արեւից ու քամուց գույները փախել են, ո՞վ է պատասխանատու լինելու դրա համար»: Ա. Պողոսյանը հայտարարեց, թե կառավարությունը այդ հարցում լուրջ անելիքներ ունի եւ կանխարգելելու է սխալ օգտագործումը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն էլ հետաքրքրվեց, թե արդյոք մտադիր են փոխել զինանշանը: Փոխնախարարը պատասխանեց, որ այդ հարցը բազմիցս քննարկվել է իրենց հանձնաժողովում, սակայն առայժմ առաջարկներ չեն ներկայացնում զինանշանի փոփոխության մասին:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ, հերթական անգամ օգտագործելով առիթը, սուր քննադատություն հնչեցրեց ՀՀԿ-ի եւ նրա խորհրդանիշի մասին: «Ձեր խորհրդանիշը հիմա պետք է համեմատեմ ՍՄԿԿ-ի հետ: ՀՀԿ-բոլշեւիզմ համադրությունն է գնում: Դեկտեմբերի 6-ին դուք ապացուցեցիք, որ չեք պատրաստվում հեռանալ, բոլշեւիզմի միջոցով ուզում եք մնալ: Բայց կան մարդիկ, ովքեր ձեզ չեն հանդուրժում: Ձեր խորհրդանիշը, որը թարս է եւ հուշում է ֆաշիստական խորհրդանիշը, պետք է վայր դրվի: Այս խորհրդանիշները պարտված խորհրդանիշներ են»: Աժ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը վրդովվեց Փոստանջյանի խոսքերից, դահլիճից եւս ՀՀԿ-ականները հեգնում էին պատգամավորին: Արդյունքում Փոստանջյանի խոսափողն անջատեցին ու արգելեցին շարունակել խոսքը:
Հարցի քվեարկությունը կկայանա այսօր:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ՎՃԻՌՆ ԱՅՍՕՐ
Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կհրապարակվի ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի ներկայացրած հայցի գործով վճիռը: Ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, իսկ 2016թ փետրվարի 1-ից ԵՏՄ-ի գործադիր մարմնի ղեկավար Տ. Սարգսյանը դիմել էր դատարան` պնդելով, որ «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանն իրեն զրպարտել է, եւ դրա համար նրանից մեկ միլիոն դրամ էր պահանջել: Այս վեճի պատճառն էլ հայտնի «օֆշորային սկանդալն» է, որի շրջանակներում գործարարը հրապարակավ հայտնել էր, թե Տիգրան Սարգսյանն է եղել իր «ունեցվածքը յուրացնելու» հիմնական մեղավորը: Ի դեպ, այս գործով դատավորը ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի դուստրն է՝ Զարուհի Նախշքարյանը:

 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎՈՒՄ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2014 թվականին ամուսնությունների թիվը կազմել է 18 հազար 912: Սակայն ամուսնությունների թվի ավելացման հետ մեկտեղ ավելացել է նաեւ ամուսնալուծությունների թիվը, որն անցած տարի կազմել է 4 հազար 496: Ի դեպ, նախանցած տարի գրանցվել է 3 հազար 756 ամուսնալուծության ակտ: Մայրաքաղաք Երեւանում ամուսնությունների թիվը կազմել է 6 հազար 886, իսկ ամուսնալուծությունների գրանցված ակտերը՝ 1683: Տեղեկացնենք, որ Շիրակի մարզում 2014 թվականին 2013-ի համեմատ 138-ով ավելացել է ամուսնալուծությունների թիվը: Ամուսնությունների գրանցված ակտերի ամենաքիչ ցուցանիշը եղել է Վայոց ձորում՝ 325, որը 2013-ի համեմատ նվազել է 33-ով: Այստեղ, ինչպես մյուս մարզերում, ավելացել են ամուսնալուծությունների թիվը՝ կազմելով 76:

 

ԱՅԴ ԵԿԱՄՏԱԲԵՐ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերոբ Մանուկյանի վերջին՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները կազմել են 22 մլն դրամ, 63 հազար դոլար եւ 60 հազար եվրո: Մինչդեռ մարզային դատավորի ամսական աշխատավարձը կազմել է 621 հազար դրամ: Աշխատավարձից բացի՝ դատավորը 2014-ին վարձակալության դիմաց ստացել է 9 մլն 600 հազար դրամի եկամուտ: Ի դեպ, հայտարարագրի հրապարակված տվյալներում չի նշվում, թե դատավորը ինչ գույք է ամսական 800 հազար դրամով վարձակալության հանձնել: Ինչպես միշտ այս դատավորի դեպքում եւս նրա կինը՝ Մարիետտա Գալստյանը եւս բավականին պատկառելի հարստության տեր է: Դատավորի կինը, չնայած ամսեկան ստացել է 71 հազար դրամ աշխատավարձ, միեւնույն ժամանակ հայտարարագրել է 3 մլն դրամ, 24.5 հազար դոլար եւ 8 հազար եվրո դրամական միջոցներ: Ավելին՝ դատավորի կինը 2014-ին 2 հազար դոլար նվեր է ստացել, իսկ փոխառությունների, այսինքն՝ պարտքով տրված գումարի դիմաց ստացել է 783 հազար դրամի եկամուտ:




Լրահոս