ՈՒՄ ԳԼԽԻՆ Է ԿՈՏՐՎԵԼՈՒ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը գրանցված ընտրախախտումների գործով ՀՀ իրավապահները քննություն են սկսել: «Ժողովուրդ»-ի հասած տեղեկություններով՝ հարուցված քրեական գործերի, ստուգվող տեղեկությունների մասով ներիշխանական համակարգում արդեն լուրջ խմորումներ են սկսվել: Ու բոլոր գործերը գնում են դեպի փակուղի:

Նախ հիշեցնենք, որ դեկտեբերի 6-ին՝ հանրաքվեի օրը, ընտրախախտումների մասով եղել էր 452 հաղորդում, որից ՀՀ գլխավոր դատախազության հրահանգով 97 դեպքով նյութեր են նախապատրաստվում, 166 հաղորդում ուղարկվել է քննչական կոմիտե, հարուցվել է 17 քրեական գործ, որից 11¬ը քննվում է քննչական կոմիտեում, իսկ 6¬ը՝ հատուկ քննչական ծառայության վարույթում:
Իհարկե, թվերն այնքան էլ խոսուն չեն, քանի որ 4 հարյուրից ավել հաղորդումներից միայն 2 տասնյակին հասնող դեպքերով է քրգործ հարուցվել: Բայց պարզվում է՝ անգամ այս քանակությամբ գործերը ՀՀ գլխավոր դատախազության համար պատուհաս են դառնալու, քանի որ գաղտնիք չէ, որ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված մարդիկ պատահական անձինք չեն:
Հիշեցնենք, որ հանրաքվեից առաջ կաշառքի գործով միակ կալանավորված անձը ՀՀԿ-ական Զավեն Միրիջանյանն է, որը Կենտրոն վարչական շրջանի աշխատակից է: Դեկտեմբերի 6-ին` հանրաքվեի օրը, Երեւանի Սիլիկյան թաղամասում «Գազել» մակնիշի միկրոավտոբուսի մեջ նստած երիտասարդը տասը հազար դրամանոցների կապոցից հերթով վճարում էր ավտոմեքենայի մոտ կանգնածներին: Գումար բաժանող երիտասարդը լրագրողին ասել էր, թե իբր իր պարտքերն է տալիս: «Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ երիտասարդը բնակվում է Աջափնյակ վարչական շրջանում՝ Սիլիկյան թաղամասում, որը երեւանցիների շրջանում հայտնի է նաեւ «3-րդ գյուղ» անունով: Ավելին՝ երիտասարդի գերդաստանը, իսկ ավելի կոնկրետ՝ նրա քեռին՝ Սարդարը, թաղամասում հայտնի անձնավորություն է, եւ համապետական ընտրությունների ժամանակ, սովորաբար, հենց նրան է վստահվում իշխանությունների օգտին քվեներ գրելու գործընթացը: Այս դեպքի առթիվ եւս ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել:
Ինչեւէ: Այսպես կարելի է շարունակել իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց եւ նրանց քաղաքական հենարանների շարքը: Եւ փաստ է, որ այս օրերին ընտրախախտումների մասով հարուցված քրեական գործերի, ինչպես նաեւ ստուգվող տեղեկությունների համար իրավապահները հարցաքննության են հրավիրում այն անձանց, ովքեր ամենատարբեր թելերով կապված են իշխանական ուժերի, իշխանության հենարանների հետ:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՀՀ քննչական կոմիտեում եւ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործերի քննության եւ ոստիկանության իրականացվող հետաքննության ընթացքում ամենատարբեր մարդիկ են հրավիրվում քննիչների կամ հետաքննիչների մոտ` գործի մանրամասները ճշտելու համար: Եւ գրեթե յուրաքանչյուրը, որ հրավիրվում է իրավապահ մարմին, հնչեցնում է իշխանական ամենատարբեր գործիչների անուններ` իբրեւ հովանավորի ու պատասխանատուի այն բոլոր գործընթացների համար, ինչը տեղի է ունեցել ընտրական տեղամասերում: Եւ քննիչներն էլ ձեռքները լվանալու եւ պատասխանատվությունից խուսափելու համար գրեթե բոլոր զրուցակիցներին հայտնում են, թե անկարող են քայլեր չիրականացնել, քանի որ դատախազությունն է հրահանգել իրենց հարուցել քրեական գործ կամ ստուգել ընտրախախտման ահազանգը: Եւ որպեսզի ասվածը նաեւ փաստերով հիմնավորվի, այս օրերին քննիչներն իրենց վարույթներում եղած գործերը հսկող դատախազներին խնդրում են, որ իրենց գրավոր ցուցումները տան, թե ինչ անել հարուցված քրեական գործերի մասով: Նշենք, որ սովորաբար քննչական գործողությունների մի ընթացքից հետո է առաջ գալիս դատախազի ցուցումի անհրաժեշտությունը, սակայն այս գործերի մասով քննիչները նախապես են ցուցումներ պահանջում իրենց կատարելիք քայլերի համար, որպեսզի հետագայում ասեն, թե կատարել են բացառապես գործը հսկող դատախազի ցուցումը եւ պատասխանատուն միայն դատախազն է ու դատախազությունը: Ասել է թե՝ ընտրախախտումների մասով հարուցված կամ ստուգվող գործերի հետագա ընթացքի ողջ պատասխանատվությունը կրելու է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Նա իր ուսերին չափազանց մեծ բեռ է վերցրել: Մի կողմից՝ պետք է ցուցանիշ ապահովելու համար որոշ գործեր մեղադրական եզրակացություններով ավարտվեն, բայց մյուս կողմից էլ՝ չպետք է արվեն քայլեր, որոնք կվտանգեն իշխող համակարգին ձայն բերող մարդկանց: Բայց եթե Գեւորգ Կոստանյանը սկզբունքայնություն դրսեւորեր մյուս աղմկահարույց քրեական գործերի շրջանակում, ապա, ըստ էության, չէինք ունենա այն մթնոլորտը, որում ապրում ենք:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ ստանալու համար դիմեց ՀՀ քննչական կոմիտեն, որպեսզի պարզենք` արդյո՞ք այս օրերին քննիչները գործը հսկող դատախազներին ասում են, որ իրենց ցուցում տան, թե ինչ անեն հարուցված քրեական գործերի մասով: ՀՀ ՔԿ-ից հայտնեցին. «2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: Յուրաքանչյուր քրեական գործով քննիչը ձեռնարկում է անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով: Հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վերաբերյալ հարցադրումները խնդրում ենք ուղղել իրավասու մարմիններին: Ինչ վերաբերում է հարցման մեջ շարադրված ասեկոսեներին, ապա Քննչական կոմիտեն դրանք մեկնաբանելու անհրաժեշտություն չի տեսնում»:
Իսկ, ահա, ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից էլ նշեցին. «Գործի քննության յուրաքանչյուր փուլում իրավապահ մարմիններից յուրաքանչյուրը կատարում են օրենքով իրենց վերապահված լիազորությունները»:
Ձկան նման լուռ էր հատուկ քննչական ծառայությունը. մեր ուղարկած նամակն այդպես էլ մնաց անպատասխան` թերեւս առաջնորդվելով «շառից, փորձանքից հեռու» քննչական հոգեբանությամբ:
Մեզ մնում է սպասել իրադարձությունների զարգացմանը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՍԿՍԵՑԻՆ ՎՃԱՐԵԼ
«Ժողովուրդ»-ը դեռեւս դեկտեմբերի 2-ին գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարության Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորականները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք աշխատավարձի վերջնահաշվարկը:
Խմբագրություն ահազանգած զինվորականները հայտնել էին, որ նախարարության ֆինանսաբյուջետային բաժինը մշտապես տարբեր պատճառաբանություններ է ներկայացնում, թե այս կամ այն փաստաթուղթն է պակաս, եւ ձգձգում վերջնահաշվարկը տալու գործընթացը: Զինվորականները նաեւ դիմել էին հրամանատարական կազմին, որոնք հորդորել էին մի քիչ սպասել:
Երեկ «ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գեղարքունիքի մարզի N զորամասի զինվորականները ստացել են իրենց վերջնահաշվարկները: Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին մենք հարցեր էինք ուղարկել` հասկանալու համար, թե ինչո՞ւ է ՊՆ-ն ուշացնում զինվորականների վերջնահաշվարկը: Եվ, ահա, նախարարին ուղղված մեր նամակին պատասխանել է ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար ՔՀԾ 1-ին դասի պետական խորհրդական Գ. Հայրապետյանը: Դատելով ստեղծված իրավիճակից՝ ՊՆ-ն զինվորականների խնդիրը կարգավորելուց հետո է պատասխանն ուղարկել: Ինչեւէ, ըստ Գ. Հայրապետյանի. «ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված Ձեր դիմումի կապակցությամբ ներկայացնում ենք համապատասխան պայմաններով զինվորական ծառայությունից արձակվելիս զինծառայողների համար ըստ սահմանված տեսակների վճարների գծով պարտքերի վերաբերյալ պարզաբանումները:
ա.Չօգտագործված արձակուրդի դիմաց դրամական փոխհատուցումների համար` ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների հաշվետվական ցուցանիշների համաձայն՝ զինծառայողների պարտավորությունների ուղղությամբ 01.11.2015 թվականի դրությամբ հաշվառված պարտքեր չկան:
բ.ՀՀ օրենսդրության համաձայն՝ զինվորական ծառայությունից սահմանված կարգով եւ պայմաններով պահեստազոր արձակված, ինչպես նաեւ պայմանագրի ժամկետը լրացող եւ օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայություն շարունակելու համար նոր պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած զինծառայողին իր ցանկությամբ տրվող դրամական օգնությունների, գումարների հաշվարկները եւ համապատասխան բանկային քարտերի փոխանցումները ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային եւ պլանավորման վարչության կողմից կենտրոնացված կարգով կատարվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներից ստացված համապատասխան հիմնավոր փաստաթղթերի համաձայն: Սույն թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ստացված եւ սույն թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ առկա եւ հաշվարկների կատարման ենթակա թվով 350 դիմումների համաձայն գործառնությունները կիրականացվեն մեկ շաբաթվա ժամկետում: Ուշացումների պատճառներ չկան»: Նկատենք, որ չնայած Գեղարքունիքի մարզում զինվորականների խնդիրը լուծվել է, սակայն դեռեւս 350 զինվորական սպասում է իր դիմումի ճակատագրին:
Ամեն դեպքում, ուրախալի է, որ ՊՆ շատ աշխատակիցներ իրենց հասանելիքը ստացել են:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Բարսելոնի դատարանը իսպանացի ճանաչված օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին մեղավոր է ճանաչել խարդախության ու հարկերը չվճարելու մեջ: Հայտնի արտիստը դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման ու 255 հազար եվրո տուգանքի: Կաբալյեն ընդունել է իր մեղքը ու վճարել է տուգանքը, սակայն դատախազությունը պնդել է հետաքննություն անցկացնել, քանի որ խոսքը բավական մեծ գումարի՝ 500 հազար եվրոյի մասին է: Սկանդալային հետաքննությունը երգչուհու նկատմամբ սկսվել էր մի քանի տարի առաջ, երբ պարզվել է, որ 2010 թվականից նա չի հայտարարագրել իր եկամուտները:

 

ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Երեկ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւանի Բաշինջաղյան 65 հասցեում: Դիմակավորված եւ զինված հանցագործը ներխուժելով տուն` բռնություն է գործադրել տան անդամների նկատմամբ: Ավելի ուշ այստեղից հրազենային վնասվածքով հիվանդանոց են տեղափոխել երիտասարդ աղջկա եւ ավազակային հարձակումը կատարողին: Վերջինս մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ գիտակցության չգալով: Առանձնատունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, պատկանում է մի շարք աղմկահարույց դեպքերից հայտնի գործարար Յուրա Ղարիբյանին /Շանթի Յուրա/:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու հատկանիշներով: Նշենք, որ Յուրա Ղարիբյանն այն գործարարներից է, ով հանրությանն առավել հայտնի է իր շուրջ պտտվող աղմկալի պատմություններով:




Լրահոս